Պետությունն ավելացնում է միջին մասնագիտական հաստատությունների պետպատվերի տեղերը, թարմացվում է մասնագիտությունների ցանկը |armen[press.am|
05:27 - 04 հունիսի, 2019

Պետությունն ավելացնում է միջին մասնագիտական հաստատությունների պետպատվերի տեղերը, թարմացվում է մասնագիտությունների ցանկը |armen[press.am|

armenpress.am։ Միջին մասնագիտական և արհեստագործական ուսումնական ծրագրեր իրականացնող հաստատություններում ավելանում են նոր մասնագիտություններ: Մանրամասներ է ներկայացնում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության նախնական արհեստագործական և միջին մասնագիտական կրթության վարչության պետ Արտակ Աղբալյանը:


Պարոն Աղբալյան, դպրոցի 9-րդ դասարանի շրջանավարտներից ոմանք նախընտրում են ավագ դպրոցի փոխարեն կրթությունը շարունակել քոլեջներում, ուսումնարաններում: Այդպիսի միտում նկատվո՞ւմ է:

Այո, կա այդպիսի միտում, նախնական և միջին մասնագիտական հաստատությունների նկատմամբ գրավչությունը մեծացել է: Միայն նախորդ տարի մոտ 800 դիմորդ մրցույթից դուրս է մնացել: Այս տարի ավելի մեծ հոսք ենք կանխատեսում: Կառավարության որոշումը կլինի մոտ օրերին, ես ասեմ, որ այս տարի կունենանք 6 հազար 400 պետպատվերով տեղ միջին մասնագիտական և 3 հազար 400 տեղ արհեստագործական կրթության մասով:

Միջին մասնագիտական հաստատությունների հետ կապված պետպատվերով տեղերի թիվն ավելացրել ենք 130-ով: Նախորդ ուսումնական տարում մենք սահմանել էինք 6 հազար 270 անվճար տեղ: Ինչ վերաբերում է արհեստագործական պետական ուսումնական հաստատություններին, ապա այստեղ պետպատվերի տեղերը բավարարում են:

Ինչո՞վ է պայմանավորված, որ քոլեջների նկատմամբ հետաքրքրությունը մեծացել է, մի ժամանակ բարձրագույն ուսումնական հաստատություն գնալն էր տարածված:

Կարծում եմ, որ ճիշտ չէ բարձրագույն ուսումնական հաստատությունների հետ համեմատելը, որովհետև քոլեջներ ընդունվում են հիմնականում հիմնական կրթության հիմքով: Գրավչությունը պայմանավորված է հետևյալ հանգամանքով:

Ավագ դպրոցի փոխարեն նախընտրում են նախնական և միջին մասնագիտական կրթություն, որովհետև ուսման տևողությունը հիմնականում նույնն է, նույն հնարավորությունն են ունենում բուհի մուտքի համար, դրանից բացի, ստանում են մասնագիտական որակավորում: Ամեն դեպքում եթե նայենք քոլեջից բուհ ընդունվողների կառուցվածքում, ապա մեծ թիվ չի կազմում:

 Նրանցից 10 տոկոսն է ցանկանում քոլեջից հետո կրթությունը բուհում շարունակել: Հիմնական մասը դուրս է գալիս աշխատաշուկա աշխատելու: Ուսանողն անվճար ստանում է կրթություն, մասնագիտություն, որակավորում և արագ իր տեղն է գտնում աշխատաշուկայում:  

Իսկ ո՞ր մասնագիտություններն են պահանջված:

Պահանջված մասնագիտություններին երկու տեսանկյունից նայենք: Մասնագիտություններ, որոնք պահանջված են երեխաների ու նրանց ծնողների շրջանում, և մասնագիտություններ, որոնք պահանջված են աշխատաշուկայում: Շատ հաճախ առանձնացվում են մասնագիտություններ, որոնք աշակերտների շրջանում պահանջված են, սակայն աշխատաշուկայում պահանջված չեն:

Մասնավորապես, հաշվապահական հաշվառում, բանկային գործ, ֆինանսներ և այլն: Նշված ուղղություններով գործատուները հիմնականում բարձրագույն ուսումնական հաստատություններ ավարտածներին են վերցնում: Մեր քաղաքականությունն այնպիսին է, որ այն մասնագիտությունները, որոնք շուկայում այդքան էլ պահանջված չեն, դրանց պետական պատվերն անհամեմատ իջեցվեն:

Զարկ ենք տվել այն մասնագիտություններին, որոնք շուկայում պահանջարկ ունեն:

Ի՞նչ մասնագիտությունների մասին է խոսքը, ո՞ր ուղղություններին եք նախընտրություն տալիս:

Մենք նախապատվությունը տալիս ենք կառավարության կողմից սահմանված գերակա ուղղություններին՝ տեղեկատվական տեխնոլոգիաներ, գյուղատնտեսություն, տուրիզմ և սպասարկման ոլորտ և այլն:

Եթե երեք-չորս տարիների կտրվածքով նայենք, ապա այս ուղղություններով մասնագիտությունների պետպատվերի տեղերն ավելացրել ենք: Բացի այդ նոր մասնագիտություններ ենք ներդնում: Օրինակ, այս տարի Երևանի N2, Արմավիրի և Արարատի տարածաշրջանային քոլեջներում ներդնում ենք սառնարանային տնտեսության մասնագիտություն:

Այն նոր է, արդյունքում ունենալու ենք սառնարանների, օդափոխման համակարգերի տեխնիկ որակավորմամբ մասնագետներ: Չափորոշիչները պատրաստել ենք, սարքավորումները ներկվել են, հիմա աշխատանքներն ընթացքի մեջ են, սեպտեմբերի 1-ից ընդունելություն կիրականացնենք:

Հաջորդ մասնագիտությունը կոչվում է չոր շինարարություն, ինչը վերաբերում է ներքին հարդարման աշխատանքներին գիպսաստվարաթղթի կիրառմամբ և այլն: Հաջորդ մասնագիտությունը կոչվում է ծխախոտագործություն, որը սկզբում ներդնելու ենք Մասիսի տարածաշրջանում: Հետո այլ մարզերի քոլեջներում կներդնենք:

Այս մասնագիտությունների մասին դուք բիզնեսի՞ց եք ազդակներ ստացել:

Իհարկե, և ոչ միայն: Բիզնեսից, տարբեր ծրագրերից, տարբեր մոնիտորինգներից, մեր ուսումնական հաստատությունների կարիերայի կենտրոններից:

Շարունակությունը՝ armenpress.am


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել