Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
«Ցանկանում եմ տեղեկացնել, որ մինչ պարենի տոպրակներ ստանալու համար դուք գրոհում եք Էջմիածնի քաղաքապետարանը,
- քաղաքապետարանի անվտանգության աշխատակիցներն ու ոստիկանությունն ընկնում են քաշքշուկի մեջ, որպեսզի կուտակումներ չառաջանան,
- ընդհանուր բաժնի աշխատակիցները հատ-հատ կարդում են բոլոր դիմումները և զանգահարում դիմումատուներին,
- լրատվության և արտաքին կապերի բաժինների աշխատակիցները հաշվառում ու առանձնացնում են ձեր բազմաթիվ նամակները,
- բնակկոմունալ վարչության և բյուջետային մուտքերի բաժինի տեսուչները ֆիլտրում են ցուցակները՝ ըստ առավել կարիքավորների,
- մեր մանկապարտեզների աշխատակիցներն արտակարգ դրության պայմաններում գալիս են աշխատանքի, հատ-հատ կշռում են մթերքը, օրական հազարավոր անգամներ կռանում, որպեսզի դասավորեն տոպրակները,
- քաղաքապետարանի բանվորները պարենով տոպրակները տեղափոխում են տրամադրման վայր,
- իմ տեղակալները, խորհրդականը, օգնականը, աշխատակազմի տարբեր բաժինների պետեր զօրուգիշեր հսկում են, որ օգնությունը լինի հնարավորին նպատակային,
- այս ամենից հետո իրենց անապահով համարող բազմաթիվ անձինք մեզ հասցեագրում են «մունաթներ» օգնություն չստանալու համար, մինչդեռ իրենք հանդիսանում են պետական այլ ծրագրերի շահառուներ կամ արդեն այլ կազմակերպություններից ստացել են օգնություն,
- թվարկումը կարելի է շարունակել:
Խնդրում եմ հաշվի առնել երկու հանգամանք.
- քաղաքապետարանը չունի նման օգնություն բաժանելու պարտականություն. մեկնարկած գործընթացը մեր բարի կամքի դրսևորումն է, խիստ կարիքավորների կողքին լինելու ցանկությունը,
- գործընթացը չի կարող հավերժ տևել, մեր հնարավորությունները սահմանափակ են, ծրագիրն էլ մի օր դադարեցվելու է, և եթե դուք շարժվեք «շնից մազ պոկելու» սկբունքով, մեկ այլ ընտանիք, որն իսկապես շատ ունի այդ մթերքի կարիքը, կարող է զրկվել օրվա հացից:»
comment.count (0)