Դիանա Գասպարյան

ՀՀ Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքի քաղաքապետն է։ Ծնվել է 1988 թվականի մարտի 22-ին, Էջմիածին քաղաքում: Սովորել և ավարտել է Երևանի պետական համալսարանի Իրավագիտության ֆակուլտետը: 2008-2009թթ․ աշխատել է Երևանի քրեական դատարանում՝ որպես դատարանի նախագահի գործավար, 2009-2012թթ․՝ ՀՀ քրեական վերաքննիչ դատարան որպես դատավորի գործավար, 2013-2014թթ․՝ ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի ՄԻԵԴ հետ կապերի վարչության Քաղաքացիական և տնտեսական գործերով բաժնի առաջատար մասնագետ, 2014-2016թթ․՝ ՀՀ ԱՆ աշխատակազմի ՄԻԵԴ հետ կապերի վարչության Քաղաքացիական և տնտեսական գործերով բաժնի գլխավոր մասնագետ, 2016-2018թթ․՝ նույն բաժնի պետ: Ամուսնացած չէ: Անկուսակցական է։

Դիանա Գասպարյանը ստանձնել է Վաղարշապատ համայնքի ղեկավարի պաշտոնը

Դիանա Գասպարյանը ստանձնել է Վաղարշապատ համայնքի ղեկավարի պաշտոնը

Վաղարշապատի ղեկավար Դիանա Գասպարյանի երդման արարողությամբ է սկսվել խոշորացված համայնքի ավագանու առաջին նիստը, որին, նորընտիր ավագանուց բացի, ներկա են եղել նաև քաղաքացիներ:   Դիանա Գասպարյանը դեկտեմբերի 5-ի ՏԻՄ ընտրությամբ, ստացավ ևս հինգ տարի պաշտոնավարելու քվե:   «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ստացել է 15, «Էջմիածին» կուսակցությունների դաշինքը՝ 10, «Հայրենատեր» կուսակցությունը՝ 2 մանդատ:   Դիմելով ավագանու ընդդիմադիր թևին՝ քաղաքապետը կոչ է արել՝ հանուն համայնքի ու բնակիչների բարօրության՝ աշխատել համերաշխության մթնոլորտում և լինել կառուցողական:   Դիանա Գասպարյանը երդվել է ազնվորեն ու բարեխղճորեն կատարել ղեկավարի լիազորությունները, ծառայել համայնքի բարգավաճմանը:   Այդ ուղղությամբ արված աշխատանքները՝ փողոցների ասֆալտապատումից ու սալարկումից մինչև մանկապարտեզների նորոգում, դեռ ընթացքի մեջ են: Առջևում նոր ծրագրերն են:
16:16 - 17 դեկտեմբերի, 2021
Էջմիածին քաղաքում արված հսկայական աշխատանքը վկայում է այն մասին, որ մեր թիմն ունակ է առաջնորդել մեր համայնքն առաջիկա հինգ տարիներին․ Դիանա Գասպարյան

Էջմիածին քաղաքում արված հսկայական աշխատանքը վկայում է այն մասին, որ մեր թիմն ունակ է առաջնորդել մեր համայնքն առաջիկա հինգ տարիներին․ Դիանա Գասպարյան

Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Վաղարշապատ խոշորացված համայնքի սիրելի’ բնակիչներ, Էջմիածինը և Ոսկեհատը բոլորիս տունն են: Մեր միասնական նպատակն է ապահովել մեր խոշորացվող համայնքի բնականոն զարգացումը, այն դարձնել առավել բարեկեցիկ, անվտանգ ու ապահով համայնքի բնակիչների և էլ ավելի գրավիչ՝ զբոսաշրջիկների համար։ Անցած տարիների ընթացքում Էջմիածին քաղաքում արված հսկայական աշխատանքը վկայում է այն մասին, որ մեր թիմն իր ներուժով, նպատակասլացությամբ ու աշխատասիրությամբ ունակ է առաջնորդել մեր համայնքն առաջիկա հինգ տարիներին: Քաղաքային տնտեսության բոլոր ոլորտների բնականոն զարգացումը, գործարարության և ներդրումների հոսքի խթանումը, կանաչ տարածքների պահպանումն ու ավելացումը, շենքերի և բակային տարածքների բարեկարգումը, ժամանակակից չափանիշներին համապատասխան աղբահանության համակարգի ներդնումը, հանգստի գոտիների ստեղծումը, մշակութային ու սպորտային ենթակառուցվածների բարելավումը առաջիկա հինգ տարիներին լինելու են իմ եւ մեր թիմի գործունեության հիմնական ուղղությունները:    Այս նպատակներն իրագործելու համար «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության մեր թիմն ունի ձեզնից յուրաքանչյուրի աջակցության կարիքը։ Ձեր վստահության քվեի շնորհիվ մենք կկարողանանք ունենալ սոցիալապես ավելի պաշտպանված, տնտեսապես ավելի աշխույժ, ավելի բարեկարգ ու ավելի հյուընկալ համայնք»։
09:18 - 11 նոյեմբերի, 2021
Ֆրանսիական պատվիրակությունը Էջմիածնի քաղաքապետարանին է փոխանցել հիգիենայի պարագաների 1000 փաթեթ, որոնք կհատկացվեն արցախցիներին

Ֆրանսիական պատվիրակությունը Էջմիածնի քաղաքապետարանին է փոխանցել հիգիենայի պարագաների 1000 փաթեթ, որոնք կհատկացվեն արցախցիներին

Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանն ընդունել է Ֆրանսիայից արցախահայությանն ուղարկված մարդասիրական օժանդակության չվերթն ուղեկցող պատվիրակությանը՝ Ֆրանսիայի՝ Եվրոպայի և արտաքին գործերի նախարարության պետքարտուղար Ժան-Բատիստ Լըմուանի գլխավորությամբ: Այս մասին հայտնում են Էջմիածնի քաղաքապետարանից:   Քաղաքապետը պատվիրակության անդամներին ծանոթացրել է պատերազմի օրերին և հետպատերազմյան շրջանում քաղաքապետարանի ծավալած գործունեությանը, ներկայացրել Էջմիածնում ապաստանած արցախցիների աջակցությանն ուղղված քաղաքապետարանի իրականացրած ծրագրերը:   Հանդիպման ընթացում քաղաքապետ Դիանա Գասպարյանը շնորհակալություն է հայտնել բարեկամ Ֆրանսիային՝ մարդասիրական օժանդակություն ցուցաբերելու համար և բարձր է գնահատել Ֆրանսիայի ջանքերը Հայաստանին և Արցախին միջազգային հարթակներում աջակցելու գործում:   Պետքարտուղար Ժան-Բատիստ Լըմուանը վերահաստատել է արցախահայությանը շարունակական մարդասիրական աջակցություն ցուցաբերելու Ֆրանսիայի հանձնառությունը և շնորհակալություն հայտնել քաղաքապետ Դիանա Գասպարյանին պատվիրակությանն ընդունելու համար:   Պետքարտուղարը և ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ժոնաթան Լաքոտը բարձր են գնահատել արցախահայությանը աջակցելու գործում Էջմիածնի քաղաքապետարանի կատարած աշխատանքը:   Հանդիպման ավարտին կողմերը հետագայում համագործակցության շրջանակն ընդլայնելու և առավել ամրապնդելու պատրաստակամություն են հայտնել:   Նշենք, որ արցախահայությանը մարդասիրական օժանդակություն ցուցաբերելու համար պատվիրակությունը Էջմիածնի քաղաքապետարանին է փոխանցել հիգիենայի պարագաների շուրջ 1000 փաթեթ, որոնք առաջիկա օրերին կհատկացվեն Էջմիածնում ապաստանած արցախցիներին:
20:52 - 28 նոյեմբերի, 2020
Էջմիածնի քաղաքապետարանը հերքում է պահանջում hraparak.am լրատվական կայքից

Էջմիածնի քաղաքապետարանը հերքում է պահանջում hraparak.am լրատվական կայքից

Էջմիածնի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել, որում ասվում է․ «Հարգելի՛ համաքաղաքացիներ, երեկ երեկոյան վերոնշյալ լրատվամիջոցով հրապարակվել էր ակնհայտ կեղծիք տարածող միանգամից 2 հրապարակում՝ «150 դրամանոց ձնծաղիկը գնում է 3000 դրամով. Դիանա Գասպարյանի սյուրռեալիստական գնումները» եւ «450 հազար դրամի ձնծաղիկ եւ «ռաշիրիտելի կրիշկա». Դիանա Գասպարյանի գնումների պլանը» վերտառությամբ հրապարակումներ:Մասնավորապես, հղում անելով Էջմիածնի քաղաքապետարանի 2020 թվականի գնումների պլանին, նշյալ հրապարակումներում իբրեւ բացահայտում նշվում էր, թե Էջմիածնի քաղաքապետարանը 150 դրամանոց ձնծաղիկը գնել է 3000 դրամով, այնինչ, ՀՀ ֆինանսների նախարարության գնումների համակարգում՝ gnumner.am կայքում բաց եւ հրապարակային տեղադրված գնումների պլանում հստակ նշված է՝ ձնծաղիկ՝ միավորի գինը՝ 150, միավորի քանակը՝ 3000:Հատկանշական է, որ քաղաքապետ Դիանա Գասպարյանի՝ վերոնշյալ աղավաղված իրականությանը հակադարձող երեկոյան արված հրապարակումից հետո, լրատվամիջոցը պարզապես փոփոխել է իր հրապարակած նյութերի վերնագրերը եւ բովանդակությունը՝ առանց հերքման կամ ներողության:Հաշվի առելով, որ ժամեր շարունակ hraparak.am լրատվամիջոցը տարածել է ակնհայտ կեղծ տեղեկատվություն, արատավորել Էջմիածնի քաղաքապետարանի եւ քաղաքապետ Դիանա Գասպարյանի համբավը, ինչպես նաեւ այն հանգամանքը, որ մի շարք այլ լրատվամիջոցներ արտատպել են սկզբնաղբյուր նյութը (hraparak.am-ի) ՝ առավել տարածելով ակնհայտ կեղծիքը՝ հորդորում ենք hraparak.am լրատվականին մինչ օրվա ավարտ հրապարակել պատշաճ հերքում եւ ներողություն խնդրել ընթերցողից՝ անբարեխղճության եւ կեղծ տեղեկություն հրապարակելու համար:Ինչ վերաբերում է նույն հրապարակման մեջ արծարծվող մյուս գնումներին, որոնք եւս շահարկման առիթ են հանդիսացել լրատվամիջոցի համար՝ պարզաբանում ենք.Հրապարակման մեջ թվարկված ընդեղենը, մրգերը, ջրեղենը եւ քաղցրավենիքը գնվել է «Մեծ հաղթանակ. հիշողության կանգառներ» ծրագրով քույր քաղաք Պետրոզավոդսկից Էջմիածին ժամանած պատվիրակության համար հյուրասիրություն կազմակերպելու նպատակով:«2800 դրամի տավարի քաբաբ» գնվել է 2020թ. փետրվարի 28-ին համայնքային ծառայության թափուր պաշտոնները զբաղեցնելու համար անցկացվող մրցույթի հանձնաժողովի անդամներին եւ մրցույթի սպասարկումն իրականացնող անձնակազմին սնունդով ապահովելու համար:Շահարկվող մաքրող միջոցները ձեռք է բերվել Էջմիածնի համայնքապետարանի 7-հարկանի վարչական շենքի մաքրությունն ապահովելու համար՝ ամբողջ տարվա համար գնելով 168 հատ մաքրող միջոց՝ ընդհանուր՝ 126 հազար դրամի չափով:Ինչ վերաբերում է նույն հրապարակման վերջին տողին, թե «Դիանա Գասպարյանի առեւտուն ամբողջությամբ կազմել է 20 մլն դրամ» հարկ ենք համարում պարզաբանել, որ 2020 թվականի գնումների պլանում նշված այս թիվը ոչ թե կատարված գնումների չափն է, այլ 2020 թվականի համար ՊԼԱՆԱՎՈՐՎԱԾ, ՆԱԽԱՏԵՍՎԱԾ, ԱՌԱՆՁՆԱՑՎԱԾ Էջմիածնի քաղաքապետարանի գնումների ընդհանուր բյուջեն, որը ենթակա է փոփոխման:Հ.Գ. Ինչ վերաբերում է գնումների պլանում հանդիպող ապրանքների անվանումներին, նշենք, որ Էջմիածնի քաղաքապետարանն իրավասու չէ փոփոխություններ կատարելու մատակակար ընկերությունների հաշիվ-ապրանքագրերում եւ փոփոխելու կամ թարգմանելու ապրանքանունները:Լրատվական դաշտում խոսքի ազատությունը վերածվել է սանձարձակության, իսկ պատասխանատվությունը, էթիկան, բարեխղճությունն ու արժանահավատությունը քողարկվել են «սեփական կարծիք ունենալու» ազատության ներքո:Ուստի, հորդորում ենք մեր լսարանանին զերծ մնալ քաղաքական ինտրիգներ փնտրող եւ պարբերաբար ապատեղեկատվություն տարածող լրատվամիջոցների հրապարակումները որպես անվերապահ ճշմարտություն ընդունելուց կամ առնվազն մտածել՝ արժե արդյոք վստահել նման լրատվամիջոցի»։
15:14 - 27 մայիսի, 2020
Իմ եւ Էջմիածնի քաղաքապետարանի դեմ հակաքարոզչություն է իրականացվում «Դոն Պիպոյի» թելադրանքով. Դիանա Գասպարյան |armtimes.com|

Իմ եւ Էջմիածնի քաղաքապետարանի դեմ հակաքարոզչություն է իրականացվում «Դոն Պիպոյի» թելադրանքով. Դիանա Գասպարյան |armtimes.com|

armtimes.com: Էջմիածնի քաղաքապետը չի կարող լինել Արթուր Ասատրյանի կամակատարը։ Ես չեմ ճանաչում, չեմ կարող ճանաչել եւ ցանկություն էլ չունեմ կապված լինել ու ճանաչել նաեւ Մանվել Գրիգորյանի ընտանիքին: Այս մասին երեկ՝ մայիսի 11-ին, ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարեց Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանը։ Նա սկզբում նշեց, որ երկար է մտածել՝ արդյոք արժե՞ անդրադառնալ Էջմիածնում կատարվող իրադարձություններին եւ ուզում է սկսել հերքելով այն լուրերը, որ ինքն իբր կապ ունի Մանվել Գրիգորյանի հետ: Ըստ Գասպարյանի՝ այդ լուրերը կեղծիք են. ինքը երբեւէ չի տեսել անգամ Մանվել Գրիգորյանին կամ նրա ընտանիքին, վերջիններիս հետ որեւէ կապ չունի: Այնուհետ քաղաքապետը թվարկեց մի շարք որոշումներ, որոնք վերաբերում են Մանվել Գրիգորյանի ընտանիքին, նրա կնոջ ընկերուհուն, փեսային, ընկերներին, որդուն, մերձավորներին: Այս բոլոր հիշյալ անձանց ապօրինի գործունեությունների արդյունքում կան հարուցված գործեր, ընթանում են դատական պրոցեսներ: Հետո Դիանա Գասպարյանն անդրադարձավ Արթուր Ասատրյանի անվան հետ կապվող միջադեպերին: «2019 թվականին Արթուր Ասատրյանի աներոջ անունով, բայց իրականում դա Արթուր Ասատրյանի համար է, վարելահողի վրա մեկնարկել է ապօրինի ինքնակամ շինարարություն։ Քաղաքապետարանի համապատասխան բաժնի աշխատակիցները դա արձանագրել են, դրան հետեւել է վարչական վարույթ, կառուցապատողը որեւէ առարկություն չի արել, ստորագրել է արձանագրության տակ, անգամ վճարել է 200 հազար դրամ տուգանքը: Այս ամենից հետ օրինական պահանջները անտեսելով՝ կառուցապատողը շարունակել է շինարարությունը: Այս շաբաթ քաղաքապետարանի Քաղաքաշինության եւ հողօգտագործման բաժնի աշխատակիցը հերթական շրջայցի շրջանակներում նորից այցելել է այդ տարածք՝ նկատելով, որ շինարարությունը շարունակվել է, կազմել է նոր արձանագրություն, եւ դրան հետեւելու է վարչական վարույթը։ Տվյալ կառուցապատողը շրջանցում է օրենքը, ցանկանում է, որ մենք, ինքներս օրենք շրջանցելով, տանք շինարարական թույլտվություն այն պայմաններում, երբ այդ գործը պետք է գնա ինքնակամ շինարարության օրինականացման ճանապարհով, եւ քաղաքին պետք է վճարվի 36 միլիոն դրամ»։ Քաղաքապետը պատմեց, որ այդ ամենից հետո սկսվել է «կեղտոտ» արշավ իր, իր ընտանիքի եւ Էջմիածնի քաղաքապետարանի դեմ. «Ես հայտարարում եմ, որ այս ամենը սկսվել է Արթուր Ասատրյանի կամ բոլորիդ հայտնի «Դոն Պիպո»-ի հանձնարարությամբ, թողտվությամբ եւ հստակ ցուցումներով. այդ մարդը նեղսրտել է, որ քաղաքապետը հանդգնել է չկատարել իր պատվերը։ Շարունակությունը՝ armtimes.com-ում
11:36 - 12 մայիսի, 2020
Էջմիածնի քաղաքապետը հերքել է, որ ավագանու անդամներից մեկի հոր ԱՁ-ին գազալցակայան կառուցելու թույլտվություն է տվել

Էջմիածնի քաղաքապետը հերքել է, որ ավագանու անդամներից մեկի հոր ԱՁ-ին գազալցակայան կառուցելու թույլտվություն է տվել

Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Արդեն երկու օր է՝ մեր «անաչառ» լրատվականները մի հոդված են հրապարակել, որով, ի թիվս այլ հարցերի, բացահայտել են իմ կողմից կատարված մի խայտառակ հանցանք՝ ավագանու անդամներից մեկի հոր ԱՁ-ին գազալցակայան կառուցելու «թույլտվություն» տալը: Այդ լուրը մեծ խանդավառությամբ տարածում են մի քանի «ազնիվ հեղափոխականներ»՝ հընթացս փորձելով փրկել հեղափոխությունն իմ սատանայական ճիրաններից. այնքան են խորացել, որ անգամ ինձ 50% փայ են վերագրում այդ բիզնեսում: Այսպես, հարկ եմ համարում իմ համաքաղաքացիներին ներկայացնել մի քանի պարզաբանում (երկար է ստացվելու, բայց խնդրանքս է, որ կարդաք). հողամասը, որի վրա պետք է իրականացվի նախագիծը, ձեռք է բերվել ոչ թե համայնքից, այլ մասնավորից, այս պահին նշված ԱՁ-ին տրվել է միայն ճարտարապետահատակագծային առաջադրանք, որը դեռ շինթույտվություն չէ. շինթույլտվություն կարող է տրվել նշված հողատարածքի կատեգորիան փոխելու դեպքում միայն, հողի կատեգորիայի փոփոխությունն իրականացվում է համապատասխան միջգերատեսչական հանձնաժողովի կողից, այնուհետև նոր համայնքի ավագանու որոշմամբ, հողի կատեգորիայի փոփոխության և հետագայում դրա վրա գազալցական կառուցելու համար անհրաժեշտ է առնվազն 4 պետական գերատեսչության, այդ թվում՝ նախարարությունների համաձայնություն (համայնքի դերն այս գործընթացում մեծ չէ) հողի կատեգորիայի փոփոխության դեպքում համայնքի բյուջե վճարվելու է շուրջ 14 միլիոն դրամ, գազալցակայան կառուցելու համար շինարարական թույլտվություն տրվելու է միայն այս ամբողջ գործընթացի ավարտից հետո, և քննարկվող նախագծի իրականացման դեպքում, բացի համայնքի բյուջե վճարվող վերը նշված 14 մլն դրամից, կատարվելու է մեծ ներդրում, և քաղաքում ստեղծվելու է շուրջ 50 աշխատատեղ: Ինչպես տեսնում եք, գազալցակայան կառուցելու թույլտվություն տալու համար երկար գործընթաց է անհրաժեշտ, որում ներգրավված են բազմաթիվ պետական գերատեսչություններ. համայնքի լիազորություններն այստեղ չնչին են: Բացի այդ, հատկապես համավարակի պատճառով առաջացած տնտեսական վիճակի պարագայում ողջունվում է ցանկացած ներդրում և համայնքի բյուջե վճարվող գումար:Վերջում ավելացնեմ, որ մի քանի օր առաջ տվել եմ նաև գազալցակայան կառուցելու մեկ այլ թույլտվություն, բայց դե դրա մասին գրելը շահավետ չէ, քանի որ դրանում ինտրիգ չկա: Նաև նշեմ, որ այս աղմուկը բարձրացնելու պատճառները մի քանիսի մոտ ևս պարզ են. գազալցակայան կառուցելու վաղեմի ցանկություն ունեն նրանց տերերը, պարզապես քանի որ իրենց նախագծի դեպքում չեն պահպանվել անհրաժեշտ քաղաքաշինական նորմերը, այն մերժվել է: Մեզ համար արտոնյալներ չկան, հովանովորյալներ չկան, այնպես որ, հատկապես այս տնտեսական պայմաններում, եթե ունեք նախագծեր ու գաղափարներ, որոնք չեն հակասում օրենքին, կարող եք առանց երկմտելու դիմել քաղաքապետարան և ստանալ մեր աջակցությունը: Հ.Գ. Ինձ այդ ապագա գազալցակայանում 50% մասնաբաժին վերագրող գրառումները խորհուրդ եմ տալիս ջնջել, այլապես ստիպված կլինեմ դիմել իմ իրավունքների դատական պաշտպանության»։
13:17 - 04 մայիսի, 2020
Իմ տեղակալները, խորհրդականը, օգնականը, աշխատակազմի տարբեր բաժինների պետեր զօրուգիշեր հսկում են, որ օգնությունը լինի հնարավորին նպատակային․ Դիանա Գասպարյան

Իմ տեղակալները, խորհրդականը, օգնականը, աշխատակազմի տարբեր բաժինների պետեր զօրուգիշեր հսկում են, որ օգնությունը լինի հնարավորին նպատակային․ Դիանա Գասպարյան

Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Ցանկանում եմ տեղեկացնել, որ մինչ պարենի տոպրակներ ստանալու համար դուք գրոհում եք Էջմիածնի քաղաքապետարանը, քաղաքապետարանի անվտանգության աշխատակիցներն ու ոստիկանությունն ընկնում են քաշքշուկի մեջ, որպեսզի կուտակումներ չառաջանան, ընդհանուր բաժնի աշխատակիցները հատ-հատ կարդում են բոլոր դիմումները և զանգահարում դիմումատուներին, լրատվության և արտաքին կապերի բաժինների աշխատակիցները հաշվառում ու առանձնացնում են ձեր բազմաթիվ նամակները, բնակկոմունալ վարչության և բյուջետային մուտքերի բաժինի տեսուչները ֆիլտրում են ցուցակները՝ ըստ առավել կարիքավորների, մեր մանկապարտեզների աշխատակիցներն արտակարգ դրության պայմաններում գալիս են աշխատանքի, հատ-հատ կշռում են մթերքը, օրական հազարավոր անգամներ կռանում, որպեսզի դասավորեն տոպրակները, քաղաքապետարանի բանվորները պարենով տոպրակները տեղափոխում են տրամադրման վայր, իմ տեղակալները, խորհրդականը, օգնականը, աշխատակազմի տարբեր բաժինների պետեր զօրուգիշեր հսկում են, որ օգնությունը լինի հնարավորին նպատակային, այս ամենից հետո իրենց անապահով համարող բազմաթիվ անձինք մեզ հասցեագրում են «մունաթներ» օգնություն չստանալու համար, մինչդեռ իրենք հանդիսանում են պետական այլ ծրագրերի շահառուներ կամ արդեն այլ կազմակերպություններից ստացել են օգնություն, թվարկումը կարելի է շարունակել: Խնդրում եմ հաշվի առնել երկու հանգամանք. քաղաքապետարանը չունի նման օգնություն բաժանելու պարտականություն. մեկնարկած գործընթացը մեր բարի կամքի դրսևորումն է, խիստ կարիքավորների կողքին լինելու ցանկությունը, գործընթացը չի կարող հավերժ տևել, մեր հնարավորությունները սահմանափակ են, ծրագիրն էլ մի օր դադարեցվելու է, և եթե դուք շարժվեք «շնից մազ պոկելու» սկբունքով, մեկ այլ ընտանիք, որն իսկապես շատ ունի այդ մթերքի կարիքը, կարող է զրկվել օրվա հացից:»
17:02 - 10 ապրիլի, 2020
Էջմիածնում հավաքվել են կենտրոնական հատվածներում տեղադրված շարժական նստարանները

Էջմիածնում հավաքվել են կենտրոնական հատվածներում տեղադրված շարժական նստարանները

Որպես նոր կորոնավիրուսային վարակի տարածման կանխարգելիչ միջոցառում՝ մարտի 25-ին ժամանակավորապես հավաքվել են Էջմիածին քաղաքի կենտրոնական հատվածներում տեղադրված շարժական նստարանները: «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում այս մասին գրել է քաղաքապետ Դիանա Գասպարյանը: «Ժամանակավորապես հավաքվել են քաղաքի կենտրոնական հատվածներում տեղադրված շարժական նստարանները, որոնց վրա խմբերով նստելու սովորություն ունեն հատկապես մեր տարեց համաքաղաքացիները: Եթե ձեր առողջությունը պահպանելու համար անհրաժեշտ լինի հեռացնել նաև ոչ շարժական նստարանները կամ ապամոնտաժել բակերի զրուցարանները, մենք կանենք դա, սակայն քաղաքի համար այս ծանր պահին կարելի է խուսափել մարդկային և ֆինանսական ռեսուրսներ խլող այդ գործընթացներից, եթե մնաք տանը և նույնը հորդորեք հատկապես ձեր ընտանիքի տարեց անդամներին: Խնդրում եմ լինել գիտակից և օգնել մեզ: միայն այդպես հնարավոր կլինի կանխել վարակի տարածումը: Արտակարգ դրությամբ սահմանած խիստ պայմանների ավարտից հետո նստարանները կրկին կտեղադրվեն նախկին վայրերում»,-նշել է Դիանա Գասպարյանը:
20:04 - 25 մարտի, 2020
Էջմիածնի քաղաքապետարանը 60 տարին լրացած աշխատակիցներին ազատում է աշխատանքի գալու պարտականությունից |pastinfo.am|

Էջմիածնի քաղաքապետարանը 60 տարին լրացած աշխատակիցներին ազատում է աշխատանքի գալու պարտականությունից |pastinfo.am|

pastinfo.am: Պայմանավորվածություններ ունենք բոլոր ռեստորանների և հարսանյաց սրահների հետ, որ այսօրվանից չեղարկվելու են բոլոր առիթները։ Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ ասաց Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանը։ «Հորդորել ենք կա՛մ աշխատել միայն առաքման ծառայությամբ, ընդ որում առաքիչները լինելու են համապատասխան դիմակներով, ձեռնոցներով, ախտահանվելու են թե՛ սնունդը տալուց առաջ, թե՛ հետո։ Հորդորել ենք հիմնականում աշխատել առաքիչների միջոցով։ Մի քանի ռեստորաններ կամավոր փակվել են, այսինքն որևէ գործունեություն չեն իրականացնելու։ «Տաշիր պիցցա»-ում խիստ հսկողություն է լինելու, որպեսզի երկու-երեք հոգուց ավել մեկ սեղանի շուրջ չնստեն, միաժամանակ նույն տարածքում քիչ մարդ գտնվի»,-ասաց Դիանա Գասպարյանը։ Վերջինս հավելեց՝ քաղաքապետարանը 60 տարին լրացած համայնքային ծառայողներին ազատում է աշխատանքի գալու պարտականությունից։ Շփումները նվազեցնելու նպատակով յուրաքանչյուր բաժնից մի քանի աշխատակից է ներկա լինելու քաղաքապետարանում։
14:03 - 16 մարտի, 2020