Կորոնավիրուսի շուրջ զարգացումներ, Հայաստան, 13.04․20 (թարմացվող)
00:43 - 14 ապրիլի, 2020

Կորոնավիրուսի շուրջ զարգացումներ, Հայաստան, 13.04․20 (թարմացվող)

0։37- Արցախի Հանրապետության  Պարետը որոշում է կայացրել (13 ապրիլի, 2020 N 2) հավաքներ կամ հանրային միջոցառումներ իրականացնելու սահմանափակումների կիրառումն ապահովելու մասին, որի համաձայն արգելվել են 20 և ավելի մարդկանց մասնակցությամբ հանրային մի շարք միջոցառումները։[Արցախի տեղեկատվական շտաբ]


0։07- Հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի մասնագետների կողմից 2020թ. ապրիլի 13-ին Ստեփանակերտ քաղաքում գործող 20 առևտրային օբյեկտներում 43 լայն սպառման ապրանքատեսակների դիտարկման արդյունքում, նախորդ օրվա համեմատ, արձանագրվել է բրինձ ապրանքատեսակի միջին գնի աճ՝ 3 դրամ կամ 0.7%:

Գնաճ արձանագրած ապրանքային շուկայում բացակայում են գերիշխող դիրք ունեցող տնտեսավարող սուբյեկտներ: [Արցախի տեղեկատվական շտաբ]


22։13- 4 ժամվա ընթացքում աջակցության նպատակով տրամադրվող գումարը հատեց 1 միլիարդ դրամը։ Կայքի ծանրաբեռնվածության պատճառով էլ-փոստին ուղարկվող գաղտնաբառը կարող է ուշացումով հասնել։ [ՀՀ վարչապետի օգնական Նաիրի Սարգսյան]


22։08- Վրացական իշխանությունների հետ ունեցած բանակցությունների արդյունքում ապրիլի 13-ին հնարավոր է դարձել Սուդանի մայրաքաղաք Խարթումից Թբիլիսի տեղափոխել ՀՀ 8 քաղաքացիների։ 

Այնուհետև դեսպանության ստացած հատուկ թույլտվության շնորհիվ Հայաստանից Թբիլիսի ժամանած միկրոավտոբուսով ՀՀ քաղաքացիներին, խիստ կարանատինային գոտի համարվող Մառնեուլիի շրջանում տրված միջանցքով, պարեկային ոստիկանության ուղեկցությամբ, հնարավոր է դարձել տեղափոխել Հայաստան։ [Վրաստանում Հայաստանի դեսպանություն]


22։04- Ընդամենը հինգ ժամվա ընթացքում՝ կառավարության ընդունած հակաճգնաժամային 8-րդ միջոցառման շրջանակներում 1 միլիարդ դրամ բաշխվեց 14 հազար 685 շահառուների միջեւ՝ թվային հարթակի միջոցով։

Այս ծրագրից կօգտվի շուրջ 95 հազար շահառու։ Շահառուների թիվը չպետք է շփոթել ծրագրից օգտվող ֆիզիկական անձանց թվի հետ, որը կազմում է 124 հազար 402 մարդ:

Իրականում աջակցություն է ստանում այսքան ընտանիք։ Սա, ընդգծեմ, միայն 8-րդ միջոցառման շրջանակներում։ [Նիկոլ Փաշինյան]


21։40- Այսօր կայացել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի եւ Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի հեռախոսային խոսակցությունը: 2 երկրների նախարարները մտքեր են փոխանակել կորոնավիրուսի հետեւանքով ստեղծված իրավիճակում լուծումներ գտնելու մասին:
Ադրբեջանական լրատվամիջոցները հայտնում են, որ քննարկվել են նաեւ երկկողմ համագործակցությանն առնչվող հարցեր:
Լավրովն ու Մամեդյարովը մտքեր են փոխանակել նաեւ ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ, քննարկել են քայլերը, որոնք կարող են հակամարտության կարգավորման հիմնական ճանապարհ դառնալ: |armtimes.com|


20:34- Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունից տեղեկացնում են, որ օրվա ընթացքում թեստավորվել են ՀՀ-ից մուտք գործած Արցախի Հանրապետության երկու քաղաքացի, ում մոտ կորոնավիրուսային վարակի դեպք չի հաստատվել: Սույն քաղաքացիները ՀՀ-ում են գտնվել այլ առողջական խնդիրների  պատճառով: [Արցախի տեղեկատվական շտաբ]


19:58- Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցում այս պահին կորոնավիրուսով 9 շիրակցի հիվանդ է բուժում ստանում: Տարածման սկզբից մինչ այս պահը մարզում ֆիքսվել է 20 վարակակիր՝ 8 անձ առողջացել և դուրս է գրվել, որոնցից 3-ն այսօր, ընդ որում նրանցից մեկը 86 տարեկան քաղաքացի, 2 անձ բուժումը ստանում է մայրաքաղաքում: Ցավոք, հիվանդության արդյունքում ունեցել ենք մեկ մահվան ելք: Շիրակի մարզում այս պահին մեկուսացման և ինքնամեկուսացման ցուցում ունեն 400-ից ավելի քաղաքացիներ։ [Շիրակի մարզպետարան]


19:35- Հայաստանում ավելացվելու է կորոնավիրուսով վարակվածներին սպասարկող անձնակազմը․ ԱԺ-ն միաձայն ընդունեց նախագիծը, որով առաջարկվում է կորոնավիրուսային հիվանդության համար բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների մատուցման նպատակով իրենց լիցենզիայով չնախատեսված բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող բժշկական կազմակերպությունների կարողությունների օգտագործում, ինչպես նաև կորոնավիրուսային հիվանդությամբ ախտահարված անձանց բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների մատուցմանը այլ բուժաշխատողների, այդ թվում կլինիկական օրդինատուրայի ավարտական կուրսերի ուսանողների ներգրավում։ |armenpress.am|


18:43- 8-րդ աջակցության ծրագրից կարող են օգտվել այն անձինք, որոնք աշխատում են (աշխատել են) հետևյալ ապրանքների վաճառքով զբաղվող խանութներում՝ հագուստ, կոշիկ, պայուսակ, շինանյութ, տնտեսական ապրանքներ, կահույք, ջահեր, խաղալիքներ, կենցաղային տեխնիկա, հեռախոսներ, համակարգիչներ, ավտոպահեստամասեր, յուղեր, ծաղիկներ, օծանելիքներ, կոսմետիկա, գրքեր, ոսկի, զարդեր, հուշանվերներ, սպորտային պարագաներ, այգեգործական պարագաներ և ցանկացած այլ ապրանքներ, բացառությամբ սննդամթերքի, ծխախոտի, խմիչքի և դեղորայքի:

Շահառուներ են նաև հյուրանոցներում, ռեստորաններում, տուրիստական գործակալություններում և վարսավիրանոցներում աշխատողները և անհատ ձեռնարկատերերը: Կայքն արդեն գործում է՝ https://dimum.ssa.am/ ։ [ՀՀ վարչապետի օգնական Նաիրի Սարգսյան]


18:40- Խորհրդարանը 77 դեմ եւ 14 կողմ ձայներով չընդունեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության նախագիծը, որով առաջարկվում էր արտակարգ դրության օրերին թույլատրել ավտոբուսների և մետրոպոլիտենի աշխատանքը, վերաբացել նաև շինանյութի, տնտեսական, սպորտային խանութները, արհեստագործական նշանակության կետերը,թույլատրել միջմարզային ուղևորափոխադրումները` գյուղատնտեսական և շինարարական աշխատանքներին մասնակցելու համար։ ՀՀ Ազգային ժողովում ավարտվեց երկրում արտակարգ դրության իրավական ռեժիմը 30 օրով երկարաձգելու հարցի քննարկումը։ |armenpress.am|


18:30- 2020 թվականի ապրիլի 14-ին Արցախում կայանալիք նախագահական ընտրությունների 2-րդ փուլի կազմակերպչական աշխատանքների շրջանակներում ԱՀ ԱՆ «Համաճարակաբանության և հիգիենայի կենտրոն» ՊՈԱԿ-ի մասնագետների կողմից բոլոր ընտրական տեղամասերում իրականացվել են ախտահանիչ միջոցառումներ: Առողջապահության նախարարության կողմից տրամադրվել է
✅ԱՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովին՝ 71 500 հատ դիմակ, 14 000 հատ ձեռնոց և 600 հատ ախտահանիչ նյութ,
✅ ԱՀ ոստիկանությանը՝ 500 հատ դիմակ, 1000 հատ ձեռնոց և 60 հատ ախտահանիչ նյութ:
✅Շարունակվում են հերթապահություն իրականացնել բոլոր բժշկասանիտարական հսկիչ կետերում:
✅ Վերջիններս ապահովված են համապատասխան ախտահանիչ լուծույթներով և բժշկական նշանակության պարագաներով: [Արցախի տեղեկատվական շտաբ]


18:15- ՌԴ-ում ՀՀ դեսպան Վարդան Տողանյանը տեսակապի միջոցով խոսել է «Դոմոդեդովո» օդանավակայանում գտնվող այն ՀՀ քաղաքացիների հետ, ովքեր նախորդ օրվա չարտերային թռիչքով չեն կարողացել մեկնել Հայաստան։ Միևնույն ժամանակ քաղաքացիները դեսպանությանն են փոխանցել հնարավոր չվերթին սպասողների ցուցակը։

Հետագայում դեպի Հայաստան հնարավոր թռիչքի պարագայում նշյալ քաղաքացիներին կտրվի առաջնահերթություն։ Դեսպանությունն իր կողմից ցուցակը կփոխանցի թռիչքն իրականացնող ավիաընկերությանը։ Առաջիկա ժամանակահատվածում դեպի Երևան թռիչք չի նախատեսվում։
Հնարավոր թռիչքի մասին տեղեկատվություն ստանալուն պես կտեղեկացնենք քաղաքացիներին։ [ՌԴ-ում ՀՀ դեսպանություն]


17։57- Արտակարգ ռեժիմի երկարաձգմամբ պայմանավորված՝ «Արմենիա» ավիաընկերությունը չեղարկում է մինչև մայիսի 15 բոլոր չվերթները։ [«Արմենիա» ավիաընկերության փոխտնօրեն Գևորգ Խաչատրյան]

 

17։29- Երկրում հայտարարված արտակարգ դրության գործողության ժամկետը 30 օրով երկարաձգելու որոշմամբ պայմանավորված՝ Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունն արգելանք չի կիրառի ՏԻՄ-երի կողմից ավտոկայանատեղիի համար տուրքերը չվճարելու հիմքով և ճանապարհային ոստիկանության կողմից կայացված ակտերի հիման վրա սույն թվականի ապրիլի 14-ից հետո հարուցված կատարողական վարույթներով: Նշված վարույթներով արգելանքը կկիրառվի արտակարգ դրության գործողության ժամկետի ավարտից հետո: [Հարկադիր կատարումն ապահովող ծառայություն]

 

17։25-  ՊՆ-ն ՀՀ բոլոր մարզերում, խոշոր համայնքներում հսկիչ անցագրային կետեր է բացազատել, որտեղ սահմանվել է շուրջօրյա հերթապահություն։ Ռազմական ոստիկանության աշխատակիցները հետևում են ՊՆ տրանսպորտային միջոցների միջմարզային, միջքաղաքային շարժին, ստուգում են փաստաթղթերը, իրականացնում զինծառայողների ջերմաչափում, գրանցում են յուրաքանչյուրին և հետո թույլատրում շարունակել ճանապարհը։ Հսկիչ անցագրային կետ է գործում նաև ՀՀ և Արցախի սահմանին, որտեղ ոչ միայն ստուգվում են զինծառայողների փաստաթղթերը, այլև կատարվում են զինվորական մեքենաների և զինծառայողներին պատկանող մեքենաների ախտահանման աշխատանքներ։ [ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյան]

 

16։59- Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման (Մ6) միջպետական նշանակության ավտոճանապարհի հիմնանորոգումը շարունակվում է։ Աշխատանքները մի քանի օրով դադարեցվել էին հանրապետությունում հայտարարված արտակարգ դրության պայմաններում տնտեսական գործունեության տեսակների նկատմամբ կիրառվող ժամանակավոր սահմանափակումների հետ կապված։ Շինարարական աշխատանքները կազմակերպվում են՝ հետևելով պարետի կողմից տրված հրահանգներին և ցուցումներին‚ պահպանելով սահմանված անվտանգ և առողջության համար անվնաս սանիտարահիգիենիկ պայմանները։ [ՏԿԵՆ]

 

16։44- ԱՀ ԱԻՊԾ տնօրեն, գեներալ-մայոր Վլադիկ Խաչատրյանն այսօր անց է կացրել աշխատանքային խորհրդակցություն։  Ծառայության տնօրենը անդրադարձել է հանրապետության տարածքում հայտարարված արտակարգ իրավիճակում ծառայության ստարաբաժանումների աշխատանքներին: ԱՀ հսկիչ-անցագրային կետերում և հանրապետության բնակավայրերում ախտահանման աշխատանքները մեծ ծավալով իրականացնելու նպատակով ԱԻՊԾ-ն կստանա ախտահանիչ նյութերի մեծ խմբաքանակ, իսկ շուրջօրյա հերթապահություն իրականացնող ստորաբաժանումները՝ համապատասխան լրացուցիչ հանդերձանք: [Արցախի տեղեկատվական շտաբ]

 

16։08-  «Հայաէրոնավիգացիա» ՓԲ ընկերության վարչական շենքում ինքնամեկուսացված բոլոր աշխատակիցների Կորոնավիրուսի թեսթերի արդյունքները բացասական են: «Ավիաբուժ» բ/կ ՓԲ և «Հայաէրոնավիգացիա» ՓԲ ընկերությունների համատեղ միջոցներով ախտահանվել է Ընկերության վարչական շենքը՝ համապատասխան ախտահանիչ նյութերով: «Հայաէրոնավիգացիա» ՓԲ ընկերությունն անցնում է իր բնականոն աշխատանքին: [Քաղավիացիայի կոմիտե]

 

15։54-  «Հայաստան» համահայկական հիմնադրամը, միանալով COVID-19 համաճարակի դեմ պայքարին, մարտի 18-ից նախաձեռնել է առցանց դրամահավաք-արշավ, որի շրջանակում հավաքագրված ամբողջ գումարն ուղղված է առողջապահության ոլորտին անհրաժեշտ բարձրորակ բժշկական պարագաների ու սարքերի ձեռքբերմանը և տրամադրմանը, ինչպես նաև հրատապ անհրաժեշտություն ունեցող այլ կարիքներին։ Ապրիլի 13-ի դրությամբ առցանց դրամահավաք-արշավի հաշվեհամարին արդեն հավաքագրվել է 208 հազար 620,43 դոլար: |azatutyun.am|

 

15։20- Ուրբաթ օրը Հայաստան են տեղափոխվել Թուրքիայում գտնվող և վերադառնալու ցանկություն հայտնած մեր 73 քաղաքացիներ. այս հարցում ՀՀ ԱԳՆ պաշտոնական օղակները համագործակցել են թուրքական և վրացական համապատասխան մարմինների հետ: Թուրքական կողմի հետ համագործակցությունը սահմանափակվել է միայն այս շրջանակով, և Հայաստանը չի դիմել այս շրջանակից դուրս որևէ այլ աջակցության խնդրանքով: [ԱԳՆ խոսնակ]

 

14։56-  Այսօրվա դրությամբ ՀՀ բանկերը եւ վարկային կազմակերպությունները վարկային արձակուրդ են տրամադրել 320 հազար ֆիզիկական անձանց՝ 12 միլիարդ դրամի չափով: Վարկային արձակուրդ է տրվել նաեւ 6600 իրավաբանական անձի՝ 28 միլիարդ դրամի չափով: [Նիկոլ Փաշինյան]

 

14:26- Արարատի մարզում, վերջին տվյալներով, ունենք կորոնավիրուսով 201 վարակակիր, 600 մեկուսացված։ «Արտաշատի» բժշկական կենտրոնում բուժում է ստանում 110 պացիենտ։ [Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյան]

 

14:24- ԿԳՄՍՆ-ն 5֊12֊րդ դասարանի դպրոցականների շրջանում հայտարարում է «Մնա տանը» թեմայով տեսանյութերի մրցույթ: Ներկայացված լավագույն 3-5 տեսանյութերը կարժանանան խորհրդանշական մրցանակների: Մրցույթին մասնակցել ցանկացողներն իրենց տեսանյութերի հղումները պետք է ուղարկեն մինչև ապրիլի 23-ը, [email protected] էլփոստին: [ԿԳՄՍՆ]

 

13:25- Ապրիլի 12-ին Հալեպում Հայաստանի Հանրապետության գլխավոր հյուպատոսության հետ համագործակցությամբ ՀՀ Հումանիտար առաքելություն իրականացնող խումբը Հալեպի զինվորական հոսպիտալին և այլ բժշկական հաստատությունների է փոխանցել բժշկական պարագաներ։
[«Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ]

 

12:35- Կառավարությունը որոշեց երկարաձգել Հայաստանի Հանրապետությունում 2020 թվականի մարտի 16-ին հայտարարված արտակարգ դրության ժամկետը՝ 2020 թվականի ապրիլի 14-ից ժամը 17:00-ից` 30 օրով՝ մինչև 2020 թվականի մայիսի 14-ը ժամը 17:00-ն ներառյալ ժամկետով:

 

12:09-  Շաբաթ և կիրակի օրերին բավական մեծ թվով թեստեր են արվել։ Այն նպատակադրումը, որ մենք ունեինք մեր հնարավորությունը մեծացնելու, իրագործվում է։ Շաբաթ օրը 680 թեստ է արվել, իսկ կիրակի օրը՝ 467 թեստ։ Բոլոր բուժհաստատություններին իջեցվել են հանձնարարականները՝ ինրպես նմուշառել, ուր ուղարկել, լոգիստիկ նոր համակարգ է ստեղծվել,  էլեկտրոնային նոր համակարգն է ներդրվում, և օր օրի, ցուցումների հետ մեկտեղ, թեստերի թիվը կավելանա։ Փաստացի այս պահի դրությամբ 6 լաբորատորիաներում են իրականացվում հետազոտությունները, և հավանաբար ևս մեկը կավելանա մոտակա մեկ շաբաթվա ընթացքում։ [Արսեն Թորոսյանը՝ Կառավարության նիստի ժամանակ]

 

11։43- Նիդերլանդներում չեղարկվել են Մեծ Եղեռնի 105-րդ տարելիցի ավանդական բազմամարդ միջոցառումները, և միայն ապրիլի 24-ին ծաղիկներ են զետեղվելու Հայոց ցեղասպանության հուշարձաններին։ Հայկական համանքային կառույցները, ինչպես օրինակ՝ Հաագայի «Աբովյան» մշակութային կենտրոնը և կիրակնօրյա դպրոցը, փակ են, և ծրագրված բոլոր միջոցառումները չեղարկվել կամ հետաձգվել են։ Հետաձգվել են նաև ապրիլին նախատեսված Ասենի թանգարանում կայանալիք Հայաստանի մասին ցուցահանդեսի բացումը և վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցը Նիդերլանդներ։ [«Հոլանդահայ կազմակերպությունների ֆեդերացիա»-ի նախագահ Մաթո Հախվերդյան] |armenpress.am|

 

11։03-  «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում արձանագրվել է մահվան դեպք։ 67-ամյա պացիենտն ունեցել է կորոնավիրուսային հիվանդություն, հաստատված երկկողմանի թոքաբորբ։ Բացի այդ, կինն ոււնեցել է ուղեկցող խրոնիկ հիվանդություն՝շաքարային դիաբետ։ Ապրիլի 12-ի դրությամբ ունենք կորոնավիրուսային հիվանդության 26 նոր դեպք և 14 առողջացածներ։ [ԱՆ խոսնակ Ալինա Նիկողոսյան]

 

10։57- Թարմացվել է 13.04.2020թ․ ժամը 11։00-ին

Հաստատված դեպքերի ընդհանուր քանակը - 1039
Նոր դեպքեր- 26
Բուժվածներ - 211
Փաստացի բուժվողներ - 814
Ընդհանուր թեստեր - 7631
Մահվան ելքեր - 14 [ԱՆ]

 

10։29- Երեկվա ընթացքում կորոնավիրուսի վարակով հաստատված քաղաքացին Շահումյանի շրջանի Քարվաճառի բուժմիավորումից այս պահին  տեղափոխվում է Շուշիի բուժմիավորում: Նրա ընտանիքի 5 անդամները, ովքեր մինչ այս պահը ինքնամեկուսացված էին, տեղափոխվելու են մեկուսացման համար առանձնացված հաստատություն. նրանց առողջական վիճակը գնահատվում է բավարար, հիվանդությանը բնորոշ ախտանիշներ  չկան: [Արցախի տեղեկատվական շտաբ]

 

09։56- Հաջորդ ոչ պաշտոնական համերգը միավորելու է տարբեր երկրներում ապրող և ստեղծագործող երաժիշտների։ Այսօր, 20:00-ին կառավարության պաշտոնական էջի ուղիղ եթերում տեղի կունենա Արտո Թունչբոյաջյանի և աշխարհահռչակ Armenian Navy Band-ի համերգը։ [ՀՀ կառավարություն]

 

09:15-  Թեպետ մեզ հաջողվեց անցած շաբաթ Հայաստան տեղափոխել 3 չարթերային թռիչքներով ավելի քան 650 ուղևոր, այնուամենայնիվ, դեռ բազմաթիվ են մեր այն հայրենակիցները, ովքեր ցանկություն ունեն մեկնելու Հայաստան, ունեն առաջին օգնության կարիք՝ կապված ՌԴ-ի տարածքում իրականացվող հատուկ միջոցառումների հետ։  Ապրիլի 13-ից Մոսկվա քաղաքում և Մոսկվայի մարզում սկսում է գործել հատուկ անցագրային ռեժիմ, որի ընթացքում քաղաքացիների շարժը, այդ թվում՝ այլ տարածաշրջաններից դեպի Մոսկվա այցելություններն առանց հատուկ թույլտվության արգելված են։ Սա նշանակում է որոշակի արգելափակումների առկայություն նաև մեր աշխատանքի մեջ, այդ թվում՝ կապված հյուպատոսական աջակցության, հյուրանոցային ապահովման, օդակայաններում շարժի հետ։ [ՌԴ-ում ՀՀ դեսպան] 

 

Կորոնավիրուսի շուրջ զարգացումներ, Հայաստան, 14.04․20 

Նորություններ կորոնավիրուսի մասին, աշխարհ, 13․04․20

Կորոնավիրուսի շուրջ զարգացումներ, Հայաստան, 12.04․20


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել