Կորոնավիրուսի շուրջ զարգացումներ, Հայաստան, 15.04․20 (թարմացվող)
00:25 - 16 ապրիլի, 2020

Կորոնավիրուսի շուրջ զարգացումներ, Հայաստան, 15.04․20 (թարմացվող)

23։08- Ստեփանակերտի քաղաքապետարանի տրամադրած տեղեկատվության համաձայն՝ այսօր համայնքային ընկերությունների աշխատակիցների կողմից ախտահանվել են մայրաքաղաքի մանկական խաղահրապարակների ու տաղավարների տարածքները:


22։39- Պարետ Տիգրան Ավինյանի որոշմամբ՝ 24 ժամով կարգելվի «Աթենք», «Ծիրան մարկետ» և «Էն-Էլ-Էս» ՍՊԸ-ների գործունեությունը: Որոշումը հիմնված է ապրիլի 9-ին և 13-ին ՀՀ առողջապահական և տեսչական մարմին կողմից իրականացված մշտադիտարկումների արդյունքում կազմված արձանագրությունների վրա:


22։38- Պարետ Տիգրան Ավինյանի որոշմամբ՝ մինչեւ ապրիլի 18-ը ժամը 23։59-ը սահմանափակումներ են կիրառվել Արարատի մարզի Նորաշեն hամայնքում։ Համայնքի վարչական սահման մուտք գործելու եւ վարչական սահմաններից ելք կատարելու հատուկ ռեժիմ է սահմանվել՝ արգելելով անձանց եւ տրանսպորտային միջոցների մուտքն ու ելքը, բացառությամբ առաջին անհրաժեշտության ապրանքների, պարագաների, սննդամթերքի, դեղորայքի ու վառելիքի մատակարարման։


22։33- Կորոնավիրուսի դեմ պայքարի նախաձեռնության շրջանակում ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ԱԻ նախարարության, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության, «Երևան Սիթի» սուպերմարկետների ցանցի և համապատասխան համայանքապետարանների գործակցությամբ խոցելի խմբերին սնունդ և առաջնային անհրաժեշտության պարագաներ են տրամադրվում՝ դիմակներ, ձեռնոցներ, պաշտպանիչ նյութեր: Շահառու են 65-ից բարձր տարիքի միայնակ անձինք: 


20:53- ԱՀ պարետ Գրիգորի Մարտիրոսյանի ցուցումով, Արցախում նոր կորոնավիրուսով վարակված քաղաքացիների հետ շփման մեջ գտնվող բուժանձնակազմի կեցության ապահովման նպատակով կհատկացվի առանձին հյուրանոց, որպեսզի վերջիններս այս ընթացքում առանձին բնակվեն և իրենց ընտանիքների անդամների առողջությունը որևէ ձևով չվտանգեն: [Ացախի տեղեկատվական շտաբ]


20:50- ՀՀ և Վրաստանի նախագահները խոսել են կորոնավիրուսի համավարակի դեմ երկու երկրներում իրականացվող միջոցառումների, ձեռնարկվող կանխարգելիչ քայլերի և համավարակի հետևանքները հաղթահարելուն ուղղված միջոցառումների մասին։ Նրանք վստահություն են հայտնել, որ համատեղ ուժերով կհաղթահարեն համավարակի հետևանքով ստեղծված իրավիճակն ու դրա հետևանքները, և հետագայում երկու երկրների փոխգործակցության ողջ ներուժը կկարողանան ուղղել բարեկամ երկրների տնտեսության վերականգնմանը և ժողովուրդների բարեկեցության ապահովմանը:


20:25- Շիրակի մարզի Մարալիկի բժշկական կենտրոնի 9 բուժաշխատողի մոտ, ըստ նախնական տվյալի, կորոնավիրուս է հայտնաբերվել։ «Բուժաշխատողներ են տարբեր ոլորտներից»,- ասաց քաղաքապետը՝ նշելով, որ հիվանդանոցի աշխատել-չաշխատելու հարցը դեռեւս լուծված չէ, այս պահին քննարկումներ են ընթանում այդ հարցով։ [Մարալիկի քաղաքապետ Արտակ Գեւորգյան] |news.am|


19:15- Պարետատունը համալրվել է համաճարակաբանների խմբով, որոնք ներգրավվել են Covid-19 Armenia հավելվածով առողջական վիճակի գնահատման օնլայն թեստերի վերլուծության գործում։ [Տիգրան Ավինյան]


19:05- Մինչև հիմա նպաստառու ընտանիքներին որևէ աջակցություն չենք հատկացրել այն կանխավարկածով, որ իրենք նպաստ են ստանում։ Այսօր որոշել ենք՝  նպաստառու ընտանիքներին նպաստի կեսի չափով կտրվի միանվագ աջակցություն։ Ընդ որում, միանվագ աջակցության 30%-ը կփոխանցվի կոմունալ ծախսերի նրանց հաշվներին, անկախ նրանից` նրանք 11-րդ միջոցառման շահառու են, թե ոչ։ Իսկ մնացած մասն առձեռն՝ որպես միանվագ աջակցություն, կտրամադրվի նրանց։ [Նիկոլ Փաշինյան] |tert.am|


19:00- Այսօրվա քննարկումների արդյունքներով հետևյալ որոշումն ենք կայացրել․ 8-րդ միջոցառման շահառու դարձնել մասնավոր մանկապարտեզների աշխատողներին, մարմնամարզական կամ սպորտային կենտրոնների աշխատողներին, տրանսպորտի ոլորտի աշխատողներին։ Տրանսպորտային ոլորտ ասելով՝ նկատի ունեմ ԱՁ և ՍՊԸ հանդիսացող տրանսպորտային ընկերությունների աշխատողներին։ [Նիկոլ Փաշինյան]


18:35- Արտաշատի վերապրոֆիլավորված ինֆեկցիոն բժշկական կենտրոնում նոր կորոնավիրուսային ախտորոշմամբ հաստատված և հիվանդանոցային բուժում ստացող 110 պացիենտներից 20-ն ապաքինվել և այսօր դուրս է գրվել։ [Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյան]


18:28- Այս պահին Հայաստանից բուժաշխատողներ հրավիրելու անհրաժեշտություն չկա։  [Արցախի պետական նախարար, պարետ Գրիգորի Մարտիրոսյան]


18:27- 17.03.2020թ. գանձապետարանում բացված «Ֆիզիկական անձանց և կազմակերպությունների նվիրաբերությունից պետությանը, կորոնավիրուսային վարակի (COVID-19) կանխարգելման և հաղթահարման ապահովման համար ֆինանսական աջակցություն» 900005001947 հաշվին 15.04.20թ. ժամը 18:00-ի դրությամբ մուտքերը կազմել են 965,508,482.3 դրամ, իսկ մուտքերի ընդհանուր քանակը 3711: [ՀՀ ֆինանսների նախարարություն]


18:26- Արցախի պաշտպանության բանակում կորոնավիրուսի դեպք չկա։ Բանակում խստացված է ռեժիմը, մշտապես կապի մեջ ենք նախարարի հետ՝ տարբեր տեխնիկական, նյութական աջակցությւոն ցուցաբերելու նպատակով, պարբերաբար իրականացվում են ախտահանման, բժշկական զննության աշխատանքներ։ ՊԲ բժշկական ծառայությունն արդյունավետորեն իրականացնում է այդ աշխատանքները։  [Արցախի պետական նախարար, պարետ Գրիգորի Մարտիրոսյան]


18:22- Արցախի գրեթե բոլոր համայնքներն ապահովված են համացանցով, ցանցի օպերատորն աշխատում է ինտերնետի որակի բարելավման ուղղությամբ։ ԿԳՆ-ն միջոցներ է ձեռնարկում, որպեսզի տեխնիկական հագեցվածության հարցերը որոշակի լուծում ստանան։ [Արցախի պետական նախարար, պարետ Գրիգորի Մարտիրոսյան]


18:20- Արցախում այսօր թեստավորված 16 քաղաքացիներից 12-ը Քաշաթաղի օջախի հետ են կապված, երկուսը՝ Քարվաճառի օջախի հետ, մյուս երկուսը կապ չունեն այդ օջախների հետ, բայց ապահովության համար թեստավորվել են։ [Արցախի պետական նախարար, պարետ Գրիգորի Մարտիրոսյան]


18:10- Այսօրվա 16 թեստերի պատասխանները բացասական են, ունենք առողջացման 2 դեպք եւ ունենք մեկ օջախի լրիվությամբ ավարտ, խոսքը Քաշաթաղի շրջանի օջախի մասին է։ Օրեր անց նույնիսկ կարող ենք այնտեղի սահմանափակումները չեղարկել, բայց ապահովության համար եւս մեկ անգամ կանցկացնենք ախտահանման աշխատանքներ։ Արցախում արել ենք 75 թեստ, ունենք 6 վարակակիր, 2 առողջացած։ [Արցախի պետական նախարար, պարետ Գրիգորի Մարտիրոսյան]


17:55-  Խորապես հասկանում եմ, որ դժվարին իրավիճակ է հատկապես սոցիալապես խոցելի և անապահով մեր հայրենակիցների համար։ Ես հասկանում եմ, որ ձեռնարկվող քայլերը դեռևս հիմնովին չեն փոխում ձեր վիճակը: Պետության աջակցությունից բացի շատ կարևոր է միմյանց սատարելը: Օգնենք հարևանին, ծանոթին ու անծանոթին, նրանց, ովքեր այսօր դրա կարիքը ունեն: [Նախագահ Արմեն Սարգսյանի ուղերձը]


17:40- Այսօր կայացած խորհրդակցության ժամանակ վարչապետ Փաշինյանին զեկուցվել է կորոնավիրուսի տնտեսական և սոցիալական հետևանքների մեղմմանն ուղղված հաստատված 12 միջոցառումների ընթացիկ արդյունքների մասին։ Նշվել է, որ բոլոր ծրագրերի մասով արձանագրվում է դրական դինամիկա, հայտերի հավաքագրման գործընթացը շարունակվում է, հաստատված դիմումների հիման վրա տրամադրվում է նախատեսված տնտեսական և սոցիալական օժանդակությունը: Իրականացվում է նաև շահառուների տվյալների բազաների թվայնացում։


17։35- ԱՀ առողջապահության նախարարությունից փոխանցում են, որ այսօրվա ընթացքում թեստավորված 16 քաղաքացու COVID-19 հետազոտման թեստի արդյունքները բացասական են։ Այդ 16 քաղաքացու թվում են եղել նաև վարակի դեպքով Քաշաթաղի բուժմիավորումում մեկուսացված երկու քաղաքացի, որոնց դեպքում ըստ էության, իրականացվել է կրկնակի թեստավորում (առաջին թեստավորումն իրականացվել էր մեկուսացնելուց հետո): Վաղը վերոնշյալ երկու վարակակիրները կրկին կթեստավորվեն և թեստավորման բացասական արդյունքների դեպքում դուրս կգրվեն: [Արցախի տեղեկատվական շտաբ]

 

17։20- Լոռու մարզպետարանի առաջարկով, Արսեն Թորոսյանի հրամանով Վանաձորի ինֆեկցիոն հիվանդանոցի անձնակազմի խրախուսման համար պետբյուջեից հատկացվել է մոտ 4մլն դրամ: Արտակարգ դրության ողջ ժամանակահատվածում պետբյուջեի միջոցներով հոգ է տարվում նաև հիվանդանոցի ողջ անձնակազմի սննդի, կեցության ու տեղափոխման համար։ [Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյան]

 

16։57- Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն այցելել է համայնքային ենթակայության բուժհաստատություններ, ծանոթացել արտակարգ դրության պայմաններում քաղաքացիների սպասարկման համար ստեղծված պայմաններին, ինչպես նաև մատուցվող ծառայությունների որակի բարձրացմանն ուղղված ծրագրերին: [Երևանի քաղաքապետարան]

 

16։36- Մարտի 16-ից մինչ ապրիլի 14-ը ՀՀ-ում գրանցվել է տեղաշարժման սահմանափակումների վերաբերյալ ոստիկանի օրինական պահանջին չենթարկվելու 17 դեպք: 17 դեպքերից 4-ով կազմվել են վարչական արձանագրություններ, 13-ով նախապատրաստվել են նյութեր:  Նյութերից 7-ը գտնվում են ընթացքի մեջ, 1-ով կայացվել է քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշում, իսկ 5-ով հարուցվել են քրեական գործեր ։ |armtimes.com|

 

16։18- ՔԿՀ-ներում պահվող նախնական կալանքի տակ գտնվող անձանց կորոնավիրուսային վարակումից պաշտպանելու միջոցառումների շրջանակներում  մինչև ապրիլի 14-ը ներառյալ դատախազների որոշումներով կամ նրանց կողմից դատարան ներկայացված միջնորդությունների արդյունքում ՔԿՀ-ներից  խափանման միջոցների փոփոխմամբ ազատվել է 20 կալանավորված անձ:  ՔԿՀ-ներօց նույն ժամանակահատվածում պատժից ազատվել է հիվանդություններով տառապող 2 անձ, ևս 2 անձի դատարանների կողմից ընտրվել է ազատությունից զրկելու հետ չկապված պատժի տեսակ: [Գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյան]

 

15։37-  Արձագանքելով անգլերենի տեսադասեր կազմակերպելու վերաբերյալ ԿԳՄՍ-ի ստացած առաջարկներին` նախարարությունը ներկայացնում է heravar.armedu.am միասնական հարթակի հետևյալ ռեսուրսի հղումը: Հայտարարված արտակարգ դրության պայմաններում Եվրոպական դպրոցների «Իթվինինգ» հարթակում հաստատվել են ՀՀ-ում Իթվինինգ ծրագրի դեսպաններ հանդիսացող հայաստանցի ուսուցիչների ստեղծած 51 նախագծեր, որոնցից 47–ը՝ առարկայական, 4-ը՝ թեմատիկ։ [ԿԳՄՍՆ]

 

15։34- Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Էրեբունի նստավայրի տեխնիկական անձնակազմի աշխատակիցներից մեկի մոտ թեստավորման արդյունքում կորոնավիրուսային հիվանդություն է հաստատվել: Տվյալ աշխատակիցն իր ընտանիքի հետ արդեն իսկ գտնվել է մեկուսացման մեջ՝ պայմանավորված ընտանիքի անդամներից մեկի մոտ մեկ շաբաթ առաջ հաստատված կորոնավիրուսային հիվանդության պատճառով: [ԲԴԽ] 

 

15։28- ԱՀ արտակարգ իրավիճակների պետական ծառայության տրամադրած տեղակատվության համաձայն՝ ԱԻՊԾ ստորաբաժանումների կողմից վերջին երեք օրերին հսկիչ-անցագրային կետերում պարտադիր ախտահանվել են ՀՀ-ց ԱՀ մուտք գործած ընդհանուր թվով 685 տրանսպորտային միջոց (մարդատար և բեռնատար): [Արցախի տեղեկատվական շտաբ]

 

14։10- Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել է ստեղծված իրավիճակում ավարտական քննությունների կազմակերպման գործընթացը:  
 ԿԳՄՍՆ ներկայացրել է հանրակրթական, միջին մասնագիտական և բարձրագույն ուսումնական հաստատություններում ավարտական, ինչպես նաև բուհերի ընդունելության քննությունների անցկացման վերաբերյալ առաջարկությունների փաթեթ: Նշվել է, որ այն մշակվել է՝ հաշվի առնելով մի շարք երկրների փորձը:
 Վարչապետը հանձնարարել է ներկայացնել կառավարության որոշման նախագիծ:
 Այնուհետև անդրադարձ է կատարվել ուսանողների վարձրավճարների հետ կապված խնդրին: Վարչապետ Փաշինյանն ընդգծել է այն ուսանողներին աջակցություն ցուցաբերելու կարևորությունը, որոնք ունեն ուումնառության բարձր մակարդակ: Այս հարցի վերաբերյալ ևս հանձնարարվել է ներկայացնել միջոցառումների ծրագիր:
[Կառավարություն]

 

12։18- Արցախի առողջապահության նախարարությունից հայտնում են, որ նոր կորոնավիրոսով հաստատված 6 քաղաքացիներից 3-ի առողջական վիճակը գնահատվում է կայուն, 2-ինը՝ բավարար, մյուս քաղաքացու մոտ վարակին բնորոշ որևէ ախտանիշ չկա: [Արցախ տեղեկատվական շտաբ]

 

11։58- Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 1-ին, 2-րդ և 3-րդ միջոցառումների պահանջները՝ բարվոք հարկային պատմություն ունենալու մասովխ մեղմացվել են։ Ծրագրերի շահառու կարող են հանդիսանալ նաև այն տնտեսվարողները, որոնք 2019 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ չեն ունեցել ժամկետանց հարկային պարտավորություն: [Բաբկեն Թունյան]

 

11։57- Արցախի առողջապահության նախարարությունից հայտնում են, որ նոր կորոնավիրոսով հաստատված 6 քաղաքացիներից 3-ի առողջական վիճակը գնահատվում է կայուն, 2-ինը՝ բավարար, մյուս քաղաքացու մոտ վարակին բնորոշ որևէ ախտանիշ չկա:  Հիշեցնենք, որ այս պահի դրությամբ, թեստավորվել են ևս 16 քաղաքացի, որոնց փորձանմուշներն հետազոտության նպատակով ուղարկվել են ՀՀ և արդյունքները հայտնի կլինեն ավելի ուշ: [Արցախի տեղեկատվական շտաբ]

 

11։23- Քանի որ ՀՀ ողջ տարածքում հանրային ծառայության իրականացման նկատմամբ կիրառվող սահմանափակումները երկարաձգվել են, ոստիկանությունը նույնպես, մինչև սահմանափակումների ավարտը, շարունակում է դադարեցնել անձնագրային և վիզաների վարչության ու ենթակա տարածքային ստորաբաժանումների՝ քաղաքացիներին սպասարկող ծառայությունների գործունեությունը։ Անհետաձգելի անհրաժեշտության դեպքերում քաղաքացիները կարող են զանգել անձնագրային և վիզաների վարչության «Թեժ գիծ» ծառայության +374 10 37-02-64, +374 11 37-02-68, +374 11 37-02-43 հեռախոսահամարներին կամ թողնել հաղորդագրություն [email protected] էլ. փոստի հասցեին՝ հետադարձ կապի համար նշելով իրենց հեռախոսահամարը: [Ոստիկանություն]

 

11։07-  «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում արձանագրվել է մահվան դեպք։ 66-ամյա պացիենտն ունեցել է կորոնավիրուսային հիվանդություն, հաստատված երկկողմանի ծանր թոքաբորբ։ Տղամարդն ունեցել է ուղեկցող խրոնիկ հիվանդություն՝ սրտի իշեմիկ հիվանդություն, որի հետևանքով ձևավորվել է վերին մեզենտերիալ զարկերակների թրոմբոէմբոլիա։ Կատարվել է ստորին վերջույթների ամպուտացիա։ Ցավոք վերջինիս կյանքը չի հաջողվել փրկել։ Ունենք կորոնավիրուսային հիվանդության հաստատված 44 նոր դեպք և 32 առողջացածներ։ [ԱՆ խոսնակ Ալինա Նիկողոսյան]

 

11։04- Թարմացվել է 15.04.2020թ․ ժամը 11։00-ին

Հաստատված դեպքերի ընդհանուր քանակը - 1111
Նոր դեպքեր- 44
Բուժվածներ - 297
Փաստացի բուժվողներ - 797
Ընդհանուր թեստեր - 9095
Մահվան ելքեր - 17 [Ան]

 

10:38- ԱՀ առողջապահության նախարարությունից տեղեկացնում են, որ այս պահի դրությամբ, կորոնավիրուսի վարակի հետազոտության նպատակով թեստավորվել է ևս 16 քաղաքացի, որոնց մի մասը վարակակիրների շփման խմբերից են, մյուս մասը՝ կարանտինի 13-րդ օրվա կապակցությամբ: Այս 16 քաղաքացու թվում ներառված են նաև կորոնավիրուսով հաստատված որոշ վարակակիրներ: [Արցախի տեղեկատվական շտաբ]

 

09։51-  «Հանուն հայ զինվորի» ՀԿ-ն Արցախի առողջապահության նախարարությանն է տրամադրել 2 ախտահանման հատուկ սարքավորում կորոնավիրուսի կանխարգելման ուղղությամբ ձեռնարկվող միջոցառումներում օգտագործելու նպատակով: [Արցախի տեղեկատվական շտաբ]

 

Կորոնավիրուսի շուրջ զարգացումներ, Հայաստան, 16.04․200

Նորություններ կորոնավիրուսի մասին, աշխարհ, 15․04․20

Կորոնավիրուսի շուրջ զարգացումներ, Հայաստան, 14.04․20


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել