Նորություններ կորոնավիրուսի մասին, աշխարհ, 20․04․2020 (թարմացվող)
00:18 - 21 ապրիլի, 2020

Նորություններ կորոնավիրուսի մասին, աշխարհ, 20․04․2020 (թարմացվող)

23։16- Վատիկանի 9-րդ աշխատակցի կորոնավիրուսի թեստը դրական է եղել, հայտնել է Սուրբ Աթոռի մամուլի ծառայության ղեկավար Մատեո Բրունին:
Վերջինս նշել է, որ վարակված աշխատակցինտեղափոխել են հիվանդանոց, որտեղ նա հսկողության տակ է գտնվում: 
Տվյալ աշխատակցի հետ շփում ունեցած անձանց մոտ կորոնավիրուսի թեստի արդյունքը բացասական է եղել։ |CNN|


21:20- Իտալիայում կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելացել է 2256-ով, հասնելով` 181 հազար 228-ի։ Մեկ օրվա ընթացքում մահացել է 454 հոգի։ Հիվանդությունից մահացածների թիվը հասել է 24 հազար 114-ի։ Բուժում է ստանում 108 հազար 237 քաղաքացի։ |armenpress.am|


21:15- ԱՄՆ նավթի գներն ընկել են 78 տոկոսով՝ հասնելով 4,04 ԱՄՆ դոլարի մեկ բարելի համար։ Սա ամենացածր գինն է 1983թ-ից հետո, երբ Նյու Յորքի ապրանքային բորսան (NYMEX) սկսել է նավթային ֆյուչերսների վաճառքը։ |CNN|


21:12- Չեխիայի սահմանները պետք է փակ մնան մեկ տարի: Իմ տեսակետն այս խնդրի հարցում չի փոխվել: Չեխիա մուտքի և ելքի սահմանափակումների լիարժեք չեղարկման դեպքում վտանգ կա, որ կորոնավիրուսը նորից կթափանցի երկիր: [Չեխիայի նախագահ Միլոշ Զեման] |factor.am|


19:30- Ադրբեջանում COVID-19 կորոնավիրուսով վարակ է բացահայտվել ևս 38 մարդու մոտ: Այսպիսով, Ադրբեջանում կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը 1.436 է, առողջացածներինը՝ 791, վարակի հետևանքով գրանցվել է 19 մահ: Ներկայում հատուկ ռեժիմի հիվանդանոցներում 626 մարդ կա: Նրանցից 16-ի վիճակը գնահատվում է ծանր, 23-ինը՝ միջին ծանրության, մնացածների վիճակը կայուն է: |Factor.am|


19:20- Բժշկական սարքավորումների և օգնության կարիք իրենք ունեն։ Թրամփին չի հաջողվի օգտվել ներկա իրավիճակից: Նա փորձում է շահարկել համավարակի հետ կապված իրավիճակը, իսկ Իրանը բանակցություններ չի վարի, «քանի դեռ ԱՄՆ-ն չի դադարեցրել տնտեսական ահաբեկչությունը։ [Իրանի ԱԳՆ-ն պատասխանել է Թրամփին] 
Ավելի վաղ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ Միացյալ Նահանգները որպես օգնություն պատրաստ է Իրանին թոքերի արհեստական օդափոխության սարքավորումներ տրամադրել։|tert.am|


19:15- Ընդհանուր առմամբ մեզ հաջողվում է լուծել համաճարակի դեմ պայքարի առաջին փուլի խնդիրները: Խոսքը համաճարակի տարածման տեմպերի դանդաղեցման մասին է: Դրա հետ մեկտեղ փորձագետները նշում են, որ համաճարակի գագաթնակետին Ռուսաստանը դեռ չի հասել: [Վլադիմիր Պուտին] |azatutyun.am|


18:50- Կորոնավիրուսով վարակվածների թիվն Ուզբեկստանում ավելացել է ևս 22-ով, հասնելով` 1604-ի, մահացել է 5 մարդ, ապաքինվել` 261-ը։ Ապրիլի 1-ից երկրի իշխանությունները մայրաքաղաք Տաշքենդում և շրջաններում ինքնամեկուսացման ռեժիմ են սահմանել։ Շուրջ 90 հազար մարդ գտնվում է կարանտինում։ |armenpress.am|


18:44-  Novartis շվեյցարական դեղագործական ընկերությունը թույլտվություն է ստացել ԱՄՆ-ի սննդի եւ դեղորայքի վերահսկողության վարչությունից (FDA)` COVID-19-ի բուժման համար հիդրօքսիխլորախին հակամալարիային դեղամիջոցի փորձարկումների անցկացման համար, փոխանցում է «Ամերիկայի Ձայնը»: Այս ամսվա սկզբին FDA-ն թույլատրել էր ծայրահեղ դեպքերում օգտագործել մի քանի տասնամյակ առաջ մշակված այս դեղամիջոցը կորոնավիրուսի բուժման համար, սակայն դրա արդյունավետության գիտական ապացույցներ դեռ չկան: |news.am|


17։36-  Վրաստանում հայտարարված արտակարգ դրության պայմաններում իրականացրված հատուկ ուղևորափոխադրումների միջոցով ապրիլի 20-ի դրությամբ հայրենիք է վերադարձել 6 747 քաղաքացի: Սրա հետ մեկտեղ, Վրաստանի դիվանագիտական ներկայացուցիչները արտերկրում օգնություն են ցուցաբերել երկրի 9 058 քաղաքացու: |aliq.ge|

 

17։08-  Թուրքիայում կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը հասել է 86․306-ի։ Այսպիսով Թուրքիան վարակակիրների թվով անցել է Չինաստանին (82735) և այդ ցուցանիշով հայտնվել աշխարհի երկրների 7-րդ հորիզոնականում։ 24 ժամում արված 35․344 թեստավորման արդյունքում վարակվածների թիվն ավելացել է 3․977-ով : Նույն ժամանակահատվածում երկրում կորոնավիրուսից մահացել է ևս 127 հիվանդ։ Մահացածների ընդհանուր թիվը հասել է 2017-ի։ Մեկ օրում առողջացել է 1523 վիրուսակիր։ Ընդհանուր առմամբ առողջացել է 11․976 վարակակիր։ |ermenihaber.am|

 

16։13- Հոնգ Կոնգում, մարտի 5-ից ի վեր, առաջին անգամ վարակի որևէ նոր դեպք չի գրանցվել։ Այս մասին տեղեկացնում են առողջապահության համակարգի լիազոր մարմինները՝ միաժամանակ բնակիչներին կոչ անելով շարունակել պահպանել սոցիալական հեռավորությունը ու խուսափել ոչ կենսական նշանակության ճանապարհորդություններից։ Հունվարին համավարակի բռնկումից ի վեր՝ ում գրանցվել է վարակի  1 025 դեպք, 4 հոգի մահացել է։ |reuters.com|

 

16։04- Կիրակի երեկոյան Թել Ավիվի կենտրոնում բազմամարդ հանրահավաք է կայացել, որի մասնակիցները պահանջել են Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի հրաժարականը: Թել Ավիվի քաղաքապետարանի առջև շուրջ երկու հազար մարդ է հավաքվել, որոնք, սակայն, ամեն կերպ փորձել են պահպանել սոցիալական տարածությունը և ցույցին ներկայացել են բժշկական պաշտպանիչ դիմակներով: Բողոքի ակցիայի մասնակիցները Նեթանյահուին մեղադրում են կոռուպցիոն սկանդալներում ներգրավված լինելու և երկրի ժողովրդավարական ինստիտուտները թուլացնելուն ուղղված գործողություններ ձեռնարկելու համար: Նրանք նաև ենք վրդովված են, թե որքան փնթիորեն է Նեթանյահուի կառավարությունը պայքարում կորոնավիրուսի համաճարակի դեմ։ |azatutyun.am|

 

15։48-  Սինգապուրում մեկ օրում հաստատվել է կորոնավիրուսի 1 426 նոր դեպք, ինչը մինչ օրս ամենամեծ թիվն է։ Դեպքերի ընհդանուր քանակը 8 հազարից ավել է։ Վարակակիների քանակով Սինգապուրը Հարավարևելյան Ասիայի երկրների առաջնամարտիկն է։

 

15։35-  Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը քննադատության է ենթարկել   կարանտինային միջոցառումների հետագա թուլացման հետ կապված քննարկումները: Մերկելի խոսքով՝ կորոնավիրուսի դեմ պայքարի հաջողությունները կարող են ապարդյուն լինել, եթե ավելի քիչ թվով մարդիկ հետևեն սահմանափակումներին: Այն մասին, թե ինչպես է Գերմանիայում տնտեսությունը զարգանում, ինչ է կատարվելու աշակերտների՝ դպրոցներ վերադառնալուց հետո, ըստ նրա, հնարավոր կլինի խոսել մայիսի 8-9-ից ոչ շուտ: |armenpress.am|

 

14։47-  Բրազիլիայի նախագահ Ժաիր Բոլսոնարոն մասնակցել է կիրակի օրը մայրաքաղաք Բրազիլիայում կայացած հակակարանտինային ակցիային։ Ակցիայի մասնակիցներն անգամ կոչ են արել ձեռնարկել զինված հարձակում Կոնգրեսի ու Գերագույն դատարանի վրա, որոնք սատարում են նահանգապետերի կողմից հայտարարված սոցիալական հեռավորության միջոցառումների քաղաքականությունը։ Ակցիայի ժամանակ Բոլսոնարոն չի կրել դիմակ ու ձեռնոցներ։ 
|cnn.com|

 

14։38- Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան վտանգ է տեսնում հերթական նախագահական ընտրությունները հետաձգելու հարցում:  Ընտրությունները պետք է կայանան մայիսի 10-ին: |armenpress.am|

 

13։53- Իրանում կորոնավիրուսի ապրիլի 20-ի վիճակագրական տվյալները․

Վարակակիրների թիվն ավելացել է 1.294-ով
Ընդհանուր՝ 83.505
Մահացածների թիվն ավելացել է 91-ով
Ընդհանուր՝ 5.209
Ծանր վիճակում է գտնվում 3.389 անձ
Ապաքինվածների թիվն ավելացել է 2.250-ով
Ընդհանուր՝ 59.273
Մինչ այժմ թեստավորվել է 353․012 անձ
[Իրանում ՀՀ դեսպանություն]

 

13։44- Գերմանիայի կառավարությունը պատրաստակամություն է հայտնել ապահովել կորոնավիրուսով վարակված օտարեկրյա ծանր հիվանդների բուժման ծախսը: «Deutsche Welle»-ն տեղեկացնում է, որ Գերմանիայի առողջապահության նախարար Յենս Շպանը նշել է, որ խոսքը բացառապես արտակարգ դեպքերին է վերաբերում՝ կապված կորոնավիրուսի հետ, երբ հարևան երկրների սեփական հնարավորություններ բավարար չեն: |armenpress.am|

 

12։26-  Չեխիայի նախագահ Միլոշ Զեմանը կարծում է, որ կորոնավիրուսի հետևանքով փակված սահմանները պետք է բացել ոչ շուտ, քան մեկ տարի անց: Այս մասին տեղեկացնում է ՏԱՍՍ գործակալությունը:  Միլոշ Զեմանը նշել է, որ երկրի մուտքերի ու ելքերի ամբողջական սահմանափակումը հանելն վտանգ է պարունակում կորոնավիրուսի ներթափանցման տեսանկյունից: |armenpress.am|

 

12։02- Ռուսաստանում ապրիլի 20-ի դրությամբ կորոնավիրուսի նոր դեպքերի թիվը կազմել է 4 268, վարակվածների ընդհանուր թիվը բոլոր տարածաշրջաններում միասին 47 121 է։ Այս պահի դրությամբ առողջացել է 3 446 մարդ, 405 հոգի մահացել է։ 
|tacc.ru|

 

11։42- Վրաստանում կորոնավիրուսի վարակի գրանցված դեպքերն՝ ըստ վերջին տվյալների 

Հաստատված դեպքեր- 399
Նոր դեպքեր- 5
Առողջացածներ - 93
Մահեր - 4 |sropcov.ge|

 

11։35-  Ֆրանսիայի Վարչապետ Էդուար Ֆիլիպը տեղեկացրել է, որ ոստիկանությունը, կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակում երկրում մեկուսացման ռեժիմ մտցնելուց ի վեր, անցկացրել է 13.5 միլիոն ստուգում: Ստուգումների արդյունքում գրանցվել է 800 հազարից ավելի խախտում: Ֆրանսիայում կորոնավիրուսով վարակվածների թիվը կազմում է 152 հազար 894, մահացել է 19 հազար 718 մարդ: |armenpress.am|

 

11։30-  Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսը խոստացել է, որ ապրլի 27-ից երեխաներին կթույլատրվի դուս գալ տներից զբոսանքի։ Հիշեցնենք, որ ըստ երկրում մտցված արտակարգ դրության խստագույն պայմանների՝ մարտի 14-ից երեխաներին արգելված էր դուրս գալ տներից։ |bbc.com|

 

11։26-  ԱՄՆ-ի և Թուրքիայի նախագահներ Դոնալդ Թրամփն ու Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել։ Նախագահները քննարկել են կորոնավիրուսի համավարակով ստեղծված իրավիճակը, երկկողմանի հարաբերությունները ևտարածաշրջանային զարգացումները։ Առաջնորդները համաձայնել են շարունակել «սերտ համագործակցությունը»՝ համավարակով պայմանավորված առողջապահական ու տնտեսական խնդիրները հաղթահարելու հարցում։ |wsbtv.com|

 

11։15- Ըստ բազմաթիվ նոր ուսումնասիրությունների՝ գնալով ավելի մեծ թիվ են կազմում մարդիկ, որոնք տանում են կորոնավիրուսի վարակն առանց որևէ աշխտանշանի, ինչը հույս է ներշնչում, որ վարակի մահացության ցուցանիշը շատ ավելի ցածր է, քան ի սկզբանե զգուշացվում էր։ Սա, մի կողմից, լավ նորություն է, սակայն, մյուս կողմից, այսպիսով անհնար է դառնում իմանալ, թե շրջապատում ով կարող է վտանգավոր լինել։|apnews.com| 

 

10։37-  Գնահատական տալով Զատկի արարողություններին՝ Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան ասել է, որ վրաց ազգը եկեղեցու նկատմամբ հավատով ու հարգանքով բարձր քաղաքացիական պատասխանատվություն դրսևորեց, իսկ առաջիկայում Վրաստանին ծանր պայքար է սպասվում:  Վարչապետը ֆեյսբուքի իր էջում  շնորհակալություն է հայտնել յուրաքանչյուր քաղաքացու՝ ամենասիրելի տոներից մեկը տանը նշելու համար, տաճարում գտնվողներին էլ շնորհակալություն է հայտնել՝ բժիշկների խորհրդատվություններին հետևելու համար։ |aliq.ge|

 

10։27- Չինաստանի Ուհան քաղաքի լաբորատորիան առաջին անգամ խախտել է  լռությունը, որպեսզի հերքի հնչող մեղադրանքներն այն մասին, թե կորոնավիրուսն այնտեղ է ստեղծվել։ Յուան Ժիմինգը՝ Ուհանի Վարակաբանության ինստիտուտի փոխտնօրենը, չինական CGTN լրատվականի հետ հարցազրույցի ժամանակ նշել է, որ սա ուղղակի «դավադրության տեսություն» է, որը միտված է մարդկանց «մոլորեցնելուն»։ Նա նաև հերքել է, որ վարակը ստեղծվել է մարդու կողմից։ |nbcnews.com|

 

09։53- Աշխարհում նոր տիպի կորոնավիրուսային վարակով վարակվածների թիվը հասել է 2 միլիոն 407 հազար 439-ի: Կորոնավիրուսի հետազոտական կենտրոնների տվյալների համաձայն՝ մահացածների թիվն անցել է 165 հազարը: Ապաքինվել է 625 հազար 202 մարդ: Վիրուսով վարակվածների թվով առաջին տեղում հայտնված ԱՄՆ-ում 764 հազար 265 հաստատված դեպք կա: Այստեղ մահացածների թիվը 40 հազար 565 է: Այս ցուցանիշով ԱՄՆ-ն առաջինն է աշխարհում: ԱՀԿ-ի տվյալներով՝ վարակ արձանագրած երկրների և տարածքների թիվն անցել է 210-ը: |armenpress.am|

 

09։23- Մեծ Բրիտանիայի համայնքների պալատը ապրիլի 21-ին կվերադառնա հարկադիր արձակուրդից, որը պայմանավորված էր կորոնավիրուսի պանդեմիայի տարածմամբ։ Այդ մասին գրում է «BBC»-ն։ Այդուհանդերձ, խորհրդարանը որոշել է չանցկացնել բազմամարդ նիստեր։ Խորհրդարանն իր բազմադարյան պատմության մեջ առաջին անգամ առցանց նիստ կգումարի։ Համայնքների պալատի խոսնակ Լինդս Դոյլը հայտարարել է, որ սկզբում պատգամավորները կկարողանան լսել միայն վարչապետի և կառավարության անդամների հաշվետվությունները, այնուհետև հարցեր տալ։ |hetq.am| 

 

09։19-  Փարիզում ջրի տեխնիկական խողովակների հերթական ստուգման ժամանակ վերցված 27 օրինակներից 4-ում կորոնավիրուսի հետքեր են գտնվել։ Քաղաքային իշանությունները դրանք անվանել են «աննշան», սակայն դադարեցրել են ջրի օգտագործումը։ Թե ինչպես է կորոնավիրուսը թափանցել ջրի խողովակներ, դեռևս հայտնի չէ։ Փարիզի իշխանությունները ստուգումների արդյունքները ներկայացրել են Առողջապահության տարածաշրջանային գործակալություն։ |corona24.news|

 

Նորություններ կորոնավիրուսի մասին, աշխարհ, 21․04․2020

Կորոնավիրուսի շուրջ զարգացումներ, Հայաստան, 20․04․2020

Կորոնավիրուսի շուրջ զարգացումներ, աշխարհ, 19․04․2020


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել