Աշոտ Վլադիմիրի Ղուլյանը (օգոստոսի 19, 1965, Խնձրիստան, Ասկերանի շրջան, ԼՂԻՄ) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ԱԺ նախագահն է, Արցախի ժողովրդավարական կուսակցության (ԱԺԿ) նախագահը։ 2015 թվականի մայիսի 3-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքում երրորդ անգամ վերընտրվել է Ազգային ժողովի նախագահ (առաջին անգամ ընտրվել է 2005 թ., երկրորդ անգամ՝ 2010 թ.)։
1992 թ. դեկտեմբերից - ԼՂՀ 1-ին գումարման Գերագույն խորհրդի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ավագ ռեֆերենտ էր, 1993 թվականի սեպտեմբերից եղել է Գերագույն խորհրդի նախագահի օգնական։ 1995 թ. հունվարից ղեկավարել է ԼՂՀ արտաքին գործերի նախարարության Սփյուռքի եւ երկկողմ հարաբերությունների բաժինը: 1998 թվականին հունվարից ղեկավարել քաղաքական վարչությունը։
1998 թ. դեկտեմբերի 15-ին նշանակվել է ԼՂՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ։ 2001 թ. հունիսին թողել է արտաքին գործերի նախարարության համակարգը՝ «Ժողովրդավարական Արցախ միություն» հասարակական-քաղաքական կազմակերպության համանախագահ ընտրվելու կապակցությամբ։ 2002 թ. հոկտեմբերին նշանակվել է ԼՂՀ արտաքին գործերի նախարար։ 2004 թ. դեկտեմբերին՝ նշանակվել է ԼՂՀ կրթության, մշակույթի եւ սպորտի նախարար։ 2005 թ. հունվարին ընտրվել է Արցախի ժողովրդավարական կուսակցության Կենտրոնական խորհրդի նախագահ։ 2005 թ. հունիսի 19-ին խորհրդարանական ընտրություններում ընտրվել է ԼՂՀ 4-րդ գումարման Ազգային ժողովի պատգամավոր՝ համամասնական ընտրակարգով, Արցախի ժողովրդավարական կուսակցության ընտրացուցակով։ ԼՂՀ 4-րդ գումարման Ազգային ժողովի 2005 թ. հունիսի 30-ի առաջին լիագումար նիստում ընտրվել է ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ։
2010 թ. մայիսի 23-ին խորհրդարանական ընտրություններում ընտրվել է ԼՂՀ հինգերորդ գումարման Ազգային ժողովի պատգամավոր՝ մեծամասնական ընտրակարգով, թիվ 7 ընտրատարածքից։ 5-րդ գումարման Ազգային ժողովի առաջին նստաշրջանի 2010 թ. հունիսի 10-ի նիստում վերընտրվել է ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ։
2015 թ. մայիսի 3-ին խորհրդարանական ընտրություններում ընտրվել է ԼՂՀ վեցերորդ գումարման Ազգային ժողովի պատգամավոր՝ համամասնական ընտրակարգով: 6-րդ գումարման Ազգային ժողովի առաջին նստաշրջանի 2015 թ. մայիսի 21-ի նիստում վերընտրվել է ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ։
2015 -2020 թվականները ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ։