Տնտեսական հետևանքները կմեղմվեն ուռենիների միջոցով. Շրջակա միջավայրի նախարարություն
13:21 - 30 ապրիլի, 2020

Տնտեսական հետևանքները կմեղմվեն ուռենիների միջոցով. Շրջակա միջավայրի նախարարություն

ՀՀ շրջակա միջավայրի նախարարության ֆեյսբուքյան էջում գրառում է կատարվել.

«Տնտեսական հետևանքները կմեղմվեն ուռենիների միջոցով․ ովքե՞ր կարող են դիմել ծրագրին։

Կառավարության այսօրվա նիստում ընդունվել է «Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման տասնհինգերորդ միջոցառումը հաստատելու մասին» կառավարության որոշումը։

Ներկայացնելով համապատասխան նախագիծը Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը մասնավորապես նշել է, որ կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման տասնհինգերորդ միջոցառման նպատակն է մեղմել կորոնավիրուսի տարածման հետևանքով ստեղծված սոցիալական խնդիրները՝ քաղաքացիներին հնարավորություն տալով մասնակցել ծառատնկման աշխատանքներին:

Միջոցառման շահառու են հանդիսանում Հայաստանի Հանրապետության այն քաղաքացիները կամ քաղաքացիություն չունեցող անձինք, ովքեր կմասնակցեն Հայաստանի Հանրապետության բարձրադիր գոտիներում ուռենու տեղական տեսակների կտրոնների միջոցով գետերի հովիտներում ափապաշտպան անտառաշերտերի հիմնման աշխատանքներին, որի արդյունքում կստեղծվեն լրացուցիչ աշխատատեղեր։

Նախագծով առաջարկվում է ծառատնկման աշխատանքներին մասնակցած բնակիչներին տրամադրել 50-ական դրամ՝ յուրաքանչյուր կտրոնի պատրաստման և տնկման համար։

Աշխատանքներն ամբողջությամբ կհամակարգվեն Շրջակա միջավայրի նախարարության Անտառային կոմիտեի «Հայանտառ» ՊՈԱԿ-ի, «Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի» և «Էյ Թի Փի» բարեգործական հիմնադրամի կողմից։

Բնակչությունը կներգրավվի նաև ցանկապատման աշխատանքներին»,-նշված է գրառման մեջ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել