Գյումրիում հազար ընտանիք օգտվել է «Պարենային շտապ օգնություն» ծրագրից |armenpress.am|
13:30 - 01 մայիսի, 2020

Գյումրիում հազար ընտանիք օգտվել է «Պարենային շտապ օգնություն» ծրագրից |armenpress.am|

armenpress.am: «Պարենային շտապ օգնություն» ծրագրի շրջանակներում օգնություն է ստացել հազար ընտանիք: Այս մասին լրագրողներին տեղեկացրին նախաձեռնողները հեռավար ասուլիսի ժամանակ: Մարտի 28-ից մեկնարկած «Պարենային շտապ օգնություն» ծրագրի շրջանակներում հավաքագրվել է 2մլն 498 հազար 300 դրամ, որից 300 հազար դրամը նպատակային՝ Թռչունյան տան նախկին 25 սաների  ընտանիքներին աջակցություն տրամադրելու համար:

«Պարենային շտապ օգնություն» ծրագրի շրջանակներում Գյումրու սուպերմարկետներում և մեծ խանութներում տեղադրվել են ծրագրի տարբերանշաններով սայլականեր ու արկղեր, որտեղ քաղաքացիները պարենի տեսքով աջակցություն են ցուցաբերում առկա իրավիճակով պայմանավորված եկամուտներից զրկված կարիքավոր ընտանիքներին:

Արկղերը բավականին  մեծ արագությամբ լցվում են մթերքներով: Մթերային աջակցությունը դրամական գնահատմամբ կազմում է 1 միլիոն 800 հազար ՀՀ դրամ»,- տեղեկացրեց նախաձեռնող խմբի անդամ Կարեն Պետրոսյանը՝ հավելելով, որ սուպերմարկետներից հավաքագրված փաթեթներից բացի, անհատներն ու տարբեր կազմակերպություններ ևս ծրագրին նվիրատվություն են կատարել: Դրամական գնահատմամբ՝ այն  կազմում է 1մլն 495 հազար դրամ։

 900 փաթեթ ձեռք է բերվել Շիրակի մարզպետարանի օգնությամբ, ևս 500 փաթեթ տրամադրվել է «Մի բան անենք» նախաձեռնության կողմից, 300 արկղեր՝ Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանի կողմից։ Առաջիկայում սպասվում է աջակցություն նաև «Դիակոնիա» բարեգործական հիմնադրամի կողմից։

Անդրադառնալով շահառուների ընտրությանը՝ Կարեն Պետրասյանը տեղեկացրեց, որ այս օրերի ընթացքում առցանց գրանցվել են 2972 ընտանիքներ, որոնց հայտերն ուսումնասիրվել են: Հաստատվել է 1000 հայտ, 4,9%-ը գնահատման փուլում են։ Դիմումների  կեսից ավելին մերժվել են ծրագրի չափորոշիչներին չհամապատասխանելու պատճառով:

«Պարենային շտապ օգնություն» ծրագիրն իրականացվում է նախաձեռնող թիմի, Շիրակի մարզպետարանի ու «Գյումրին առանց տնակների» հիմնադրամի աջակցությամբ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել