hetq.am: Չինաստանը սկսել է ուսումնասիրել Ուհան քաղաքում նոր տիպի կորոնավիրուսի առաջացման պատճառները, որին, սակայն, չեն հրավիրել Առողջապահության համաշխարհային կազմակերպության ներկայացուցիչներին։ Այդ մասին «Sky News» հեռուստաընկերությանը պատմել է Չինաստանում ԱՀԿ-ի ներկայացուցիչ Գոդեն Գալեան։
«Մենք գիտենք, որ սկսվել է ազգային հետաքննություն, սակայն այս փուլում մեզ չեն առաջարկել միանալ աշխատանքներին։ [...] ԱՀԿ-ն նման հարցմամբ դիմել է Առողջապահության հարցերով հանձնաժողովին և չինական իշխանություններին»,- պատմել է նա։
Կազմակերպության ներկայացուցիչն ընդգծել է, որ նոր վիրուսի էության բացահայտումը շատ կարևոր է, որպեսզի ապագայում հնարավոր լինի խուսափել իրավիճակի կրկնությունից։ Նրա խոսքերով՝ անհրաժեշտ է մանրակրկտորեն վերլուծել կենդանուց մարդուն վիրուսի փոխանցման հնարավորությունը։ Գալեան նշել է, որ չի տեսնում որևէ օբյեկտիվ պատճառ` թույլ չտալու կազմակերպությանը միանալ հետաքննությանը, քանի որ ԱՀԿ-ի փորձագետները կասկած չունեն վիրուսի բնական ծագման հարցում։
Ավելի վաղ հնչել էին կարծիքներ, որ կորոնավիրուսն ստեղծվել է չինական լաբորատորիայում։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ ինքն ունի տվյալներ, որոնք վկայում են այն մասին, որ COVID-19-ը ստեղծվել է լաբորատոր պայմաններում։ ԱՀԿ-ում, սակայն, նման տարբերակը համարում են քիչ հավանական։
Միևնույն ժամանակ Չինաստանում կորոնավիրուսի պանդեմիան արագ անկում է ապրում։ Վերջին մեկ օրվա ընթացքում երկրում գրանցվել է նոր կորոնավիրուսի վարակման ընդամենը 12 դեպք։ Կորոնավիրուսի տարածումից ի վեր Չինաստանում վարակվել է շուրջ 83,5 հազար մարդ։
comment.count (0)