Հույն գործընկերների հետ քննարկվել են ՀՀ ՊՆ ռազմաբժշկական ուսումնական կենտրոնի ուսումնական գործընթացի կատարելագործմանն առնչվող հարցեր
19:36 - 11 սեպտեմբերի, 2024

Հույն գործընկերների հետ քննարկվել են ՀՀ ՊՆ ռազմաբժշկական ուսումնական կենտրոնի ուսումնական գործընթացի կատարելագործմանն առնչվող հարցեր

ՀՀ ՊՆ ռազմաբժշկական ծառայության պատվիրակությունը ռազմաբժշկական ապահովման վարչության պետ, բ/ծ գնդապետ Գեղամ Փաշիկյանի գլխավորությամբ սեպտեմբերի 8-11-ը ճանաչողական այց է կատարել Հունաստանի Հանրապետության ռազմաբժշկական հաստատություններ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ՊՆ-ից:
 
Այցի շրջանակում պատվիրակության ղեկավարը հանդիպել է Հունաստանի ազգային պաշտպանության գլխավոր շտաբի ռազմաբժշկական գլխավոր վարչության, ինչպես նաև ցամաքային զորքերի, ռազմածովային ուժերի, օդուժի ռազմաբժշկական վարչությունների պետերի հետ։ 
 
Ռազմաբժշկական ծառայության բարձրաստիճան պաշտոնյաների ուղեկցությամբ ՀՀ ՊՆ պատվիրակությունն այցելել է ցամաքային զորքերի, ռազմածովային ուժերի, օդուժի հոսպիտալներ, ցամաքային զորքերի և օդուժի ռազմաբժշկական ուսումնական կենտրոններ։ Պատվիրակության անդամները ծանոթացել են ռազմաբժշկական հոսպիտալների հնարավորություններին, նորագույն բուժսարքավորումներով հոսպիտալների հագեցվածությանը, հետևել այդ սարքավորումների միջոցով բժշկական միջամտությունների իրականացման գործընթացին, բժշկական տարհանման ու բժշկական մատակարարման կազմակերպման մոտեցումներին։ 
 
Ռազմաբժշկական ուսումնական կենտրոններում պատվիրակությունը ծանոթացել է ռազմաբժշկական կադրերի պատրաստման և վերապատրաստման ծրագրերին, ուսումնական գործընթացի կազմակերպման առանձնահատկություններին ու հետևել դաշտային վարժանքներին: 
 
Հույն գործընկերների հետ քննարկվել են ՀՀ ՊՆ ռազմաբժշկական ուսումնական կենտրոնի ուսումնական գործընթացի հետագա կատարելագործմանն ու Հունաստանի հոսպիտալներում և ուսումնական կենտրոններում բժշկական կադրերի վերապատրաստման հնարավորություններին ու հետագա համագործակցությանն առնչվող այլ հարցեր։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել