Կորոնավիրուսի շուրջ զարգացումներ, Հայաստան, 20․05․20 (թարմացվող)

19:40-  Ժամանակն է՝ մտածենք կորոնավիրուսի դեմ մեր պայքարի և գործողությունների մեջ որոշակի սրբագրումներ անելու մասին: Մեր հաշվարկները ցույց են տալիս՝ եթե ոչինչ ընթացքի մեջ չփոխենք, մայիսի վերջին կունենանք մոտ 10 հազար հիվանդ, իսկ հունիսի կեսերին արդեն՝ 20 հազար: Ինչը նշանակում է, որ պետք է ձեռնարկենք ոչ այնքան այլ միջոցներ, այլ նորից պետք է վերանայենք մեր կիրառած միջոցառումները և հատկապես դրանց կիրառման որակն ու ծավալը։ [Նիկոլ Փաշինյան] |armenpress.am|

19:16- Առաջիկա 7-10 օրվա ընթացքում նախատեսվում է Դամասկոս-Երևան չվերթը։ Հայաստան գալ ցանկացող ՀՀ քաղաքացիները պետք է նախապես գրանցվեն Սիրիայում ՀՀ դեսպանությունում։ Գրանցվելու և հավելյալ տեղեկատվություն ստանալու համար խնդրում ենք զանգահարել` +963 954 666 699։ [Սիրիայում ՀՀ դեսպանություն]

17։07- ԱՆ քրեակատարողական 12 հիմնարկներում գտնվող դատապարտյալներից և կալանավորված անձանցից ոչ ոքի մոտ նոր տեսակի կորոնավիրուս չի հայտնաբերվել։ ՔԿՀ-ներից՝ «Վարդաշեն»-ում՝ ութ, «Հրազդան»-ում՝ երեք, իսկ «Նուբարաշեն»-ի մեկ աշխատակցի մոտ կորոնավիրուսի թեստի պատասխանը դրական է ստացվել։ Նրանցից ինն այս պահին ապաքինվել է և դուրս գրվել հիվանդանոցից։ |forrights.am|

 

16։29- Վերջին երկու օրերին ԵՊՀ Արհեստակցական կազմակերպությունն ահազանգեր է ստանում, որ ԵՊՀ մասնաշենքերում և աշխատասենյակներում աշխատանքները կազմակերպվում են ՀՀ պարետի N 63 որոշման հավելված 4-ի մի շարք պահանջների խախտմամբ: Առողջ և անվտանգ աշխատանքային պայմաններ ունենալը ԵՊՀ յուրաքանչյուր աշխատողի սահմանադրական իրավունքն է, և դրա ապահովման պարտականությունն ամբողջ ծավալով կրում է գործատուն։ [ԵՊՀ Արհեստակցական կազմակերպություն]

 

16։02-  Գեղարքունիքի մարզում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 6 նոր դեպք, ապաքինվել է ևս 4 մարդ: Մարզում ունենք կորոնավիրուսային հիվանդության հաստատված 290 դեպք, որից առողջացել են 119 քաղաքացի, արձանագրված մահերի թիվը 3 է: [Գեղարքունիքի մարզպետարան]

 

15։52- Շինարարական ձեռնոց եւ բժշկական դիմակ արտադրող «Տավուշ տեքստիլ»-ի արտադրամասերից մեկում հաստատվել է կորոնավիրուսի 7 դեպք, հարակից 2 արտադրամաս փակվել է։ Աշխատակիցները թեստավորվում են։ Ինքնամեկուսացված են նաև վարակակիրների ընտանիքի անդամները։ Վարակի աղբյուրը պարզված է։ Այս պահին շատ անհանգստանալու կարիք չկա։  Տավուշի մարզում  այս պահին կա 31 վարակակիր։ [Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյան]

 

15։47- Վերջին օրերին հանրային արձագանք է ստացել դպրոցներում դասագրքերի հանձնման հարցը։ Խնդիրը գտնվում է ուսումնական հաստատության տնօրենի գործառույթների տիրույթում: ԿԳՄՍ նախարարությունը կոչ է անում տնօրեններին դասագրքերի հանձնման գործընթացը կազմակերպել` խստորեն պահպանելով անվտանգության կանոնները`տարածքի ախտահանում, սոցիալական հեռավորության պահպանում, մարդկային կուտակումների բացառում: Ավարտական դասարաններում գրքերի հանձնման գործընթացը կարող է կազմակերպվել ատեստատներն ստանալու օրերին, իսկ մնացած դասարաններում` ըստ դպրոցի տնօրենության հայեցողության։ [ԿԳՄՍՆ]

 

15։20- Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 10-րդ միջոցառման շրջանակում ՊԵԿ հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային համակարգի միջոցով ուղարկվող դիմումների (այդ թվում` ճշտված) ներկայացման վերջնաժամկետը մայիսի 20-ն է: ՊԵԿ-ը հորդորում է հարկ վճարողներին, որոնք ստացել են ծանուցում` 10-րդ միջոցառման շահառու լինելու վերաբերյալ, միանվագ դրամաշնորհ ստանալու համար դիմումները ներկայացնել այսօր։

 

14։33- Երևանի N49 մանկապարտեզն այսօր չի բացվել։ Աշխատողներից մեկի ջերմությունը բարձր է եղել: Դա արձանագրելուց հետո որոշվում է կայացվել թեստավորել ողջ անձնակազմին՝ կորոնավիրուսի վարակի առկայությունը հաստատելու կամ հերքելու համար: Թեստերի պատասխանները դեռ չկան։ |armtimes.com|

 

14։16- Մայիսի 20-ի դրությամբ Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցում կորոնավիրուսով 68 հիվանդ է բուժում ստանում, նրանցից 33-ը Շիրակի մարզի բնակիչ է։ Հիվանդանոցից մինչ օրս դուրս է գրվել 114 պացիենտ։ 27 հիվանդներ բուժվում են մայրաքաղաքում: Շիրակի մարզում այս պահին տնային ինքնամեկուսացման ցուցում ունի 221 քաղաքացի։ Հիվանդության անախտանիշ ընթաքով 62 պացիենտներ տեղափոխվել են հյուրանոցներ, նրանցից 48-ը Շիրակի մարզի բնակիչներ են։ Արձանագրվել է մահվան 7 դեպք։ [Շիրակի մարզպետարան]

 

14։12- ԱԻՆ-ը շարունակում է ամենօրյա վարակազերծման գործընթացը հանրապետության բոլոր մարզերում և Երևանում: Ամենօրյա վարակազերծումներ են իրականացվում պոլիկլինիկաներում, բժշկական կենտրոններում, ծննդատներում, դեղատներում, բանկերում, վարկային կազմակերպություններում, շուկաներում, առևտրի կենտրոններում, սուպերմարկետներում և հանրային նշանակության այլ վայրերում։ Առավել մարդաշատ վայրերում վարակազերծում իրականացվում է մի քանի անգամ։ [ԱԻն]

 

14։00- Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին միջազգային դաշնագրով և Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով ստանձնած պարտավորությունների համաձայն՝ ԱՀ ԱԳՆ-ն ծանուցագրեր է ուղարկել համապատասխանաբար ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարին և ԵԽ Գլխավոր քարտուղարին։ Ծանուցագրերում նշվում է, որ Արցախի Հանրապետության ողջ տարածքում արտակարգ իրավիճակ է մտցվել 2020 թ․ ապրիլի 12-ին 30 օր ժամկետով և երկարաձգվել մինչև հունիսի 11-ը: [ԱՀ ԱԳՆ]

 

13։16- Համավարակի հնարավոր ռիսկերը չեզոքացնելու նպատակով այսօր ԱԺ շենքում իրականացվել է արտահերթ ախտահանում, որի անհրաժեշտությունն առաջացել էր նաև նախորդ օրը տեղի ունեցած բազմաթիվ միջոցառումների և աշխատանքային քննարկումների հանգամանքով։  [ԱԺ աշխատակզմի ղեկավար Տիգրան Գալստյան]

 

13։12- Այսօր Տավուշի մարզի Նոյեմբերյան քաղաքում լուրեր էին պտտվում, որ գրանցվել է կորոնավիրուսով վարակման դեպք։ Լուրը հաստատեց Նոյեմբերյանի համայնքապետ Կարեն Աբազյանը։ Ըստ նրա՝ անձը թեստ է հանձնել, իսկ պատասխանը դրական է եղել։ Տղամարդու ընտանիքի անդամներն ինքանամեկուսացվել են։ Պարզվում է կոնտակատվոր անձանց շրջանակը։ |hetq.am|

 

13։08- Կոտայքի մարզում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 7 նոր դեպք: Մայիսի 20-ի ժամը 11:00-ի դրությամբ Կոտայքի մարզում ունենք կորոնավիրուսային հիվանդության 507 հաստատված դեպքեր, որից առողջացել են 229 քաղաքացիներ, արձանագրված մահերի թիվը 10 է: [Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյան]

 

12։56- Հասարակական տրանսպորտում վարորդները, ինչպես նաև բոլոր ուղևորները պարտավոր են կրել անհատական պաշտպանության միջոցներ՝ բժշկական դիմակ և ձեռնոցներ։ Նշված պահանջների խախտման դեպքում ուղևորները կիջեցվեն, իսկ մեքենան վարորդի հետ միասին կուղեկցվի ոստիկանություն՝ համապատասխան նյութեր նախապատրաստելու համար։ [ՀՀ ոստիկանություն]

 

12։41- Արտերկրից Հայաստան ժամանող ինքնաթիռների վայրէջքի ժամերին որոշ քաղաքացիներ շտապում են օդանավակայան՝ դիմավորելու իրենց հարազատներին։ Հայաստան ժամանած քաղաքացիները ավտոբուսներով ուղեկցվում են մեկուսացման վայրեր։ Հարազատներին դիմավորելու հնարավորություն և անհրաժեշտություն չկա։ Մարդկանց կուտակումներից զերծ մնալու և առողջության անվտանգության նկատառումներից ելնելով` կոչ ենք անում չգնալ օդանավակայան։ [ՀՀ Ոստիկանություն]

 

11:38- Օրերս համացանցում հայտարարություն է տարածվել, ըստ որի՝ ռեստորանային համալիրների, հանդիսությունների սրահների սեփականատերերին ու աշխատակիցներին, երգիչ-երաժիշտներին, հանդիսավարներին, խոհարարներին, մատուցողներին և այլ մասնագիտությունների տեր անձանց կոչ էր արվում հավաք իրականացնել։ Արտակարգ դրության ժամանակ արգելվում է հավաքների կազմակերպումը, անցկացումը և դրանց մասնակցելը։ Կոչ ենք անում չխախտել Կառավարության որոշման պահանջները։ Ցանկացած խախտում կառաջացնի իրավական հետևանքներ։ [ՀՀ ոստիկանություն]

 

11:03- Մահվան դեպքերի վերաբերյալ հայտնում ենք, որ պացիենտները եղել են 78 (տղամարդ), 65 (տղամարդ), 68 (տղամարդ) տարեկան և ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ: [ԱՆ]

 

11:02- Թարմացվել է 20.05.2020թ․ ժամը 11։00-ին

Հաստատված դեպքերի ընդհանուր քանակը – 5271 (+230)
Առողջացածներ – 2419 (+255)
Փաստացի բուժվողներ -2758
Ընդհանուր թեստեր – 44071
Մահվան ելքեր – 67 (+3)
Մահվան ելքեր այլ պատճառով –27 (+2) [ԱՆ]

 

10։05- Հաստատվել են կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 7-րդ և 8-րդ միջոցառումները: Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների մեղմման և երկրում պարենային անվտանգության հնարավոր բարձր մակարդակի ապահովման նպատակներից ելնելով`  ընդլայնվել են աջակցության մի շարք միջոցառումների շրջանակները, նախատեսվել են աջակցության այլ ձևեր։ [Արցախ/տեղեկատվական շտաբ]

 

Կորոնավիրուսի շուրջ զարգացումներ, Հայաստան, 21․05․20 

Նորություններ կորոնավիրուսի մասին, աշխարհ, 20․05․20

Կորոնավիրուսի շուրջ զարգացումներ, Հայաստան, 19․05․20

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով