Շիրակի մարզի 8 գյուղական բնակավայրում անօթևանների համար 55 բնակարան կկառուցվի
20:40 - 25 մայիսի, 2020

Շիրակի մարզի 8 գյուղական բնակավայրում անօթևանների համար 55 բնակարան կկառուցվի

Շիրակի մարզի գյուղական բնակավայրերում երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների բնակարանային խնդիրների լուծման նպատակով գյուղական 8 բնակավայրերում բնակարանաշինություն կիրականացվի: Շինարարությունը կիրականացնի «Հայաստանի Ֆուլեր տնաշինական կենտրոն» բարեգործական հասարակական կազմակերպությունը:

Այս մասին տեղեկացրել է Շիրակի մարզպետարանն ու նշել, որ այսօր Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանն ու «Հայաստանի Ֆուլեր տնաշինական կենտրոն» բարեգործական հասարակական կազմակերպության նախագահ Աշոտ Եղիազարյանը պայմանագիր են ստորագրել: Բնակելիները կկառուցվեն պետական աջակցու­թյամբ իրականացվող բնակարանային ապահովման ծրագրի շահառու ճանաչված ընտանիքների համար:

55 բնակելի տուն կկառուցվի՝ 961 մլն 78 հազար դրամի շրջանակներում։ 28 տուն կկառուցվի Ջրաձորում, 27 տուն՝ 7 այլ բնակավայրում։ Ըստ պայմանագրի, բնակիչն անձամբ հնարավորություն ունի շինարարությունն իրականացնել կամ կարող է ընտրել իր ուզած շինարարին, որն իրականացնելու է աշխատանքները։ «Հայաստանի Ֆուլեր տնաշինական կենտրոն»-ը կիրականացնի շինանյութի առաքման, անհրաժեշտ տեխնիկասարքավորումների հատկացման և ընդհանրական շինաշխատանքների կազմակերպումը։

Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը կարևորել է շինաշխատանքների ժամանակին ու որակով իրականացումը՝ ընդգծելով, որ մարզպետարանի պատասխանատուներն իրականացնելու են վերահսկողությունը սահմանված կարգով, որպեսզի որևէ թերացում չլինի աշխատանքներում։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել