«Կորոնավիրուսի դեպքերը կրկին թույլ և նախնական կայունացման ցուցանիշներ են ցույց տալիս». վարչապետ
19:27 - 10 հունիսի, 2020

«Կորոնավիրուսի դեպքերը կրկին թույլ և նախնական կայունացման ցուցանիշներ են ցույց տալիս». վարչապետ

«Կորոնավիրուսի դեպքերը Հայաստանում կրկին թույլ և նախնական կայունացման ցուցանիշներ են ցույց տալիս», - այսօր պարետատան նիստից հետո՝ ճեպազրույցի ընթացքում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Իհարկե, վերջնականորեն չենք կարող արձանագրել, որ մեզ մոտ իրավիճակը կայունացել է, բայց այդպիսի առաջին նախանշանները կան: Իհարկե, կայունացումը տեղի է ունենում բավական բարձր նշաձողի վրա», - ասաց Փաշինյանը:

Վարչապետն ընդգծեց, որ կառավարության գործադրած ջանքերի շնորհիվ «այս բարձր նշաձողով կայունացումը դառնում է տանելի մեր առողջապահական համակարգի համար»:

«Մենք, ըստ էության, տեսնում ենք, որ հոսպիտալացման կարիք ունեցող քաղաքացիների խնդիրը ամեն օրվա հետ գնալով ավելի փոքրանում է», - հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:

Կառավարության ղեկավարը նշեց, որ կորոնավիրուսի համաճարակի հաղթահարման գործիքը շարունակում է մնալ հակահամաճարակային կանոնների պահպանումը: «Հիմա ակնհայտ է, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացիների մեծամասնությունը կրում է դիմակ և պահպանում է հակահամաճարակային կանոնները, բայց դեռևս մենք ցանկալի արդյունք չունենք: Այսօր օրվա միայն առաջին կեսին Հայաստանի Հանրապետության ոստիկանության ներկայացուցիչները հանրապետության ողջ տարածքում 15:00-ի դրությամբ 1800 քաղաքացու տուգանել են դիմակ չկրելու կանոնները չպահպանելու համար», - հավելեց Փաշինյանը:

 

 

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել