Կորոնավիրուսի շուրջ զարգացումներ, Հայաստան, 12․06․20 (թարմացվող)
22:07 - 12 հունիսի, 2020

Կորոնավիրուսի շուրջ զարգացումներ, Հայաստան, 12․06․20 (թարմացվող)

22:05- Հունիսի 12-ի դրությամբ Գեղարքունիքի մարզում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 26 նոր դեպք, եւս 12 հոգի առողջացել է, արձանագրվել մահվան 1 նոր դեպք։ Մահվան դեպքի վերաբերյալ հայտնում ենք, որ պացիենտը եղել է 69 տարեկան կին: Ունեցել է ուղեկցող քրոնիկական հիվանդություններ: [Գնել Սանոսյան]


20։45- ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը ստորագրել է կարգադրություն, որի համաձայն՝ հանրապետության բժշկական հաստատությունների և առողջապահության ոլորտի այլ պատասխանատուների ընդգրկմամբ նախագահին առընթեր ստեղծվել է մասնագիտական աշխատանքային խումբ՝ հանրապետությունում կորոնավիրուսային հիվանդության համաճարակի դեմ պայքարում ծագած խնդրահարույց հարցերը քննարկելու և նախագահին առաջարկություններ ներկայացնելու նպատակով:

 

20։36- Իմ անկեղծ կարծիքով՝ այս իշխանությունը ընդհանրապես մտահոգվելու խնդիր չունի, որ երկրում կարող են լինել բողոքի ակցիաներ: Հետևաբար բոլոր այն հիմնավորումները, որ այս արտակարգ ռեժիմը պահպանվում է, որ բողոքի ակցիաներ չլինեն, ես այդ գծի մեջ չեմ և այդպես չեմ կարծում: Մտահոգությունը առողջությունն է. եկե՛ք պայմաններ սահմանենք, մտածենք, թե նրանք ինչ ձևով կարող են իրենց բողոքի ձայնը հնչեցնել։ [Էդմոն Մարուքյան] |hetq.am|

 

20։18- Կորոնավիրուսի հետ կապված` հունիսի 15-ից ժամանակավորապես չի գործելու Երևանի Նոր Նորք վարչական շրջանի Մոլդովական 41/3 հասցեում տեղակայված ՊԵԿ հարկ վճարողների սպասարկման վարչության սպասարկման թիվ 5 բաժինը: ՊԵԿ հարկ վճարողների սպասարկման վարչությունում գործում է  «մեկ պատուհան» սկզբունքը, և հարկ վճարողներն, անկախ հաշվառման վայրից, կարող են դիմել հարկային մարմնի սպասարկման ցանկացած բաժին։ [ՊԵԿ]

 

20։07- ԿԳՄՍՆ-ն կորոնավիրուսային հիվանդության տարածման պատճառով վատ վիճակում հայտնված անհատ ստեղծագործողներին աջակցելու նպատակով քննարկում է մասնագիտական աջակցման տարբեր ծրագրեր ու ձևաչափեր մշակելու հարցը՝ խորհրդակցելով անկախ արվեստագետների, ստեղծագործողների համայնքի հետ: Այս մասին հայտնեց ԿԳՄՍ  նախարարի տեղակալ Արա Խզմալյանը: |armenpress.am|

 

20։03- Կառավարության՝ արտակարգ դրությունը երկարաձգելու մասին որոշման համաձայն՝ Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունն արգելանք և բռնագանձում չի կիրառի նաև ֆիզիկական կամ իրավաբանական անձանց կողմից քաղաքացիներին որպես աջակցություն տրամադրված դրամական միջոցների նկատմամբ: Աջակցություն են համարվելու այն դրամական միջոցները, որոնք տրամադրվել են 2020 թ․ մարտի 16-ից հետո անհատույց կերպով՝ կորոնավիրուսի հետևանքով սոցիալական խնդիրների առաջացումը կանխարգելելու կամ կորոնավիրուսի հետևանքները չեզոքացնելու համար:

 

19։04- Արագածոտնի մարզպետարանի աշխատակազմում կորոնավիրուսով վարակվել է 6 անձ, որոնցից մեկը վարչության պետ է, մեկը՝ բաժնի պետ, իսկ մյուսները՝ մասնագետ: Վարակվածներից 2-ն ամբողջությամբ ապաքինվել են և վերադարձել աշխատանքի, իսկ մյուս 4 աշխատակիցները, թեև ապաքինվել են, սական մի քանի օր կինքնամեկուսանան, որպեսզի իսպառ չեզոքացնեն վարակելու հավանականությունը: |hetq.am|

 

19։02- Այսօր հանրապետության ողջ տարածքում կասեցվել է գրեթե հինգ տասնյակ կազմակերպությունների գործունեությունը: Դրանցից երկուսինը՝ 72 ժամով։ Մեկում անտեսել են ՀՀ պարետի՝ 24 ժամով կասեցվելու որոշումը և շարունակել են աշխատել, մյուսում հաճախորդներին առաջարկել և տրամադրել են նարգիլե, ինչն արգելված է: [ՍԱՏՄ]

 

17։29- Առաջիկա օրերին Սերբիայից Հայաստան կժամանի երկու օդանավ՝ ամբողջությամբ բեռնված մեծաքանակ բժշկական պարագաներով ու սարքավորումներով: Կբերվեն արհեստական շնչառության 10 սարք, հիվանդի վիճակը վերահսկող 10 մոնիտոր, 500 հազար վիրահատական և 100 հազար շնչառական դիմակ, 25 հազար պաշտպանիչ ակնոց, 25 հազար բժշկական պաշտպանիչ հանդերձանք և այլ անհրաժեշտ պարագաներ: Նախագահ Սարգսյանի նախաձեռնած և Սերբիայի նախագահի աջակցությամբ կազմակերպված՝ ՀՀ-ին ցուցաբերվող սերբական օգնության ընդհանուր արժեքը կկազմի մոտ 1 մլն դոլար:

 

16։05- Աշխատանքային այցով եղա Չարենցավանի բժշկական կենտրոնում։ Ի պատիվ Չարենցավանի ԲԿ-ի բուժանձնակազմի, ուրախությամբ կարող եմ ասել, որ ոչ միայն հաջողվել է տեղայնացնել կորոնավիրուսի վարակման հիմնական օջախներից մեկն, այլև մարել ու դեպքերի անկում գրանցել: [Կոտայքի մարզպետ]

 

15։08- Մեր ընկալումը շարունակում է լինել այն, որ կորոնավիրուսվ հիվանդները պետք է տարանջատվեն մյուս հիվանդներից ու հիվանդանոցներից: Նոր հիվանդանոցներ ներգրավելիս պետք է շատ զգույշ ընտրություն կատարել, քանի որ հիվանդանոցներում կան այլ հիվանդություններով գտնվող մարդիկ, պետք է ամեն ինչ անել այդ մարդկանց ևս պաշտպանելու համար: Կարող է գալ պահ, երբ այդ սկզբունքն այլևս չգործի՝ կապված կարիքների և անհրաժեշտությունների հետ։  [Նիկոլ Փաշինյան] |armenpress.am|

 

13։46- Այս ընթացքում պատվաստանյութ հայտնաբերելու ուղղությամբ աշխատանքներ են տարվում, տեսականորեն այն կարող է ստեղծվել երեք ամիս անց կամ առաջիկա երեք տարիներին, հետևաբար այստեղ էլ մենք պետք է առաջնորդվենք` հույս ունեցիր լավագույնի, բայց պատրաստվիր վատթարագույն սցենարին։  [Նիկոլ Փաշինյանը՝ ԱԺ հատուկ նիստի ժամանակ] |hetq.am|

 

13։10- Հանրային վայրերում անընդհատ դիմակ կրելը թթվածնային քաղցի չի hանգեցնում․ դա միֆ է։ Արտերկրից բժշկական անձնակազմերի պլանավորված այցեր ունենք: Ֆրանսիայից ունենք 10 բժշկի այց վաղը հատուկ չվերթով: Լիտվայի բժիշկները մյուս շաբաթ կայցելեն: Կան նաև Ռուսաստանից ցանկություն հայտնած բժիշկներ՝ մոտ 50 հոգի։ Պետք է տխրեցնեմ բոլորին. բոլոր սուր շնչառական վարակներն աշնանն ակտիվանում են: Մեզ մոտ դա նոյեմբեր ամսին է տեղի ունենում։ Եթե դիմակները կրվեն ճիշտ և կրվեն միայն ճիշտ դիմակներ, ապա  7 օր հետո թվերի էական անկում կլինի: Ճիշտ դիմակը եռաշերտ և ջուր չթափանցող բժշկական դիմակն է։ [Արսեն Թորոսյան]

 

12։30- Ըստ նախնական գնահատականների 15․000 դեպքի պետք է հասած լինեինք ամսի 9-ին, բայց մենք հասել ենք ամսի 12-ին, ինչը լավ է, բայց մեծ թիվ է։ Մենք հզորությունները զարգացնելուն զուգընթաց պետք է նաև ծանր և ծայրահեղ ծանր անձանց թվին շատ ուշադրություն դարձնենք։ Ամբողջ առողջապահական համակարգն ի սկզբանե ներգրավված է եղել այս գործընթացում՝ հատուկ սկզբունքներին համապատասխան: Այս սկզբունքները միշտ լինելու են: Այո, լինելու են բժշկական կենտրոններ, որ պետք է հեռու մնան կորոնավիրուսից՝ կենտրոնական որոշումների շնորհիվ:[Արսեն Թորոսյան]

 

12:20- Արտակարգ դրության պայմաններում պարետի որոշումների պահանջները չկատարելու կապակցությամբ ՀՀ քաղաքացիների կողմից ոստիկանների օրինական պահանջներին չենթարկվելու և նրանց նկատմամբ բռնություն գործադրելու դեպքերի առթիվ ՔԿ-ում քննվում են քրեական գործեր: Երկու անձ ունի մեղադրյալի դատավարական կարգավիճակ, նրանց նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է գրավ։ Քաղաքացիներին հորդորում ենք հետամուտ լինել արտակարգ դրության պայմաններում պարետի  որոշումների պահանջների և կանոնների պատշաճ կատարամանը։ [ՔԿ]

 

12:12- Լոռու մարզում մինչ այսօր կորոնավիրուսով վարակվածության ընդհանուր դեպքերի թիվը 337 է, որոնցից 72-ն արդեն առողջացել է:  Արձանագրված մահվան դեպքերի ընդհանուր թիվը՝4:  Ներկա պահին բուժման մեջ է գտնվում 261 քաղաքացի, որոնցից 34-ը հոսպիտալացված են, իսկ 227-ը գտնվում են տանը՝ թաղամասային բժիշկների հսկողության տակ: Ինքնամեկուսացման մեջ է գտնվում 3453 քաղաքացի: [Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյան]

 

11:54- Տարբեր վարչական շրջաններում իրականացվում են հատուկ միջոցառումներ՝ ապահովելով Պարետի որոշումների պահանջների կատարման նկատմամբ արդյունավետ հսկողություն։  Արտակարգ դրության իրավական ռեժիմի կանոնները խախտելու փաստերով մինչ օրս կազմվել է 30316 արձանագրություն, իսկ հունիսի 11-ին իրականացված արտակարգ ռեժիմով ծառայության ընթացքում հայտնաբերվել է իրավախախտման 1403  դեպք։ Այսօր արտակարգ ռեժիմով ստուգայցեր են իրականացվում Նոր Նորք վարչական շրջանում։ [Ոստիկանություն]

 

11:46-  Արցախի Հանրապետության պարետ, պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը հունիսի 12-ին ստորագրել է նոր որոշում, համաձայն որի վերացվել են Արցախի Հանրապետության Շահումյանի շրջանում կիրառվող ժամանակավոր սահմանափակումները: [Արցախ/տեղկատվական շտաբ]

 

11:38- Կառավարությունն արտահերթ նիստի ժամանակ կողմ քվեարկեց արտակարգ դրության ռեժիմը երկարաձգելու մասին նախագծին։

 

11:32- Մենք նկատում ենք, որ եթե երկու օր պոզիտիվ ցուցանիշներ են լինում, դրան զուգահեռ կտրուկ նվազում է հակահամաճարակային կանոնների պահպանման մակարդակը։ Սա մեր ամենամեծ պրոբլեմն է։  Ես կրկին ուզում եմ արձանագրել, որ այս իրավիճակը ուղիղ կապ ունի մեր հանրային, համընդհանուր վարքագծի հետ։ Հատուկ կարևորություն է ստանում արձանագրել և տեղորոշելը  էն դեպքերը, էն շրջանակներին, որոնք մարդկանց շրջանում տարածում են, որ հիվանդություն չկա սա սուտ է և այլն։ Պետք է լուրջ զբաղվելու մեխանիզմներ գտնենք և  կարողանանք նաև տեղորոշել այդ մարդկանց, հասկանալ նրանց նպատակը։ [Նիկոլ Փաշինյան]

 

11:08- Այս պահին 7000 քաղաքացիներ  բուժումը ստանում են տանը, իսկ  1800 քաղաքացի գտնվում են հիվանդանոցային հսկողության տակ, որոնցից 425-ը ծանր վիճակում է, 100 հոգի ծայրահեղ ծանր վիճակում է, իսկ 23 հոգի միացված է թոքերի արհեստական օդափոխման սարքերի։  [Առողջապահության նախարարի տեղակալ Անահիտ Ավանեսյան]

 

10:56- Մահվան դեպքերի վերաբերյալ հայտնում ենք, որ պացիենտները եղել են 61 (կին), 85 (տղամարդ), 73 (տղամարդ), 74(տղամարդ), 55(տղամարդ), 69(կին), 83(տղամարդ), 59 (կին), 71 (տղամարդ), 84 (տղամարդ), 76 (տղամարդ), 59 (տղամարդ) և 60 (կին)  տարեկան: Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։ [ԱՆ]

 

10:55- Հունիսի 12-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 15281 դեպք, որոնցից 5639-ն` առողջացած, 258-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 9298 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 77686 թեստավորում: Այսպիսով` ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 612 նոր դեպք և 173 առողջացած։ 

 

09։25- Հունիսի 8-ին ոստիկանության  ծառայողները զեկուցագիր են ներկայացրել այն մասին, որ պարետի ցուցումի համաձայն՝ Երևանի քաղաքապետարանի աշխատակիցների հետ ստուգայց են կատարել Երևան քաղաքի Աբովյան փողոցում գործող  ակումբ՝ աշխատանքը դադարեցնելու համար, որտեղ ակումբի մի շարք հաճախորդներ խոչընդոտել են իրենց աշխատանքին, իրենց հասցեին հայհոյանքներ են հնչեցրել, բռնություն են գործադրել ՊՊԾ գնդի ջոկի հրամանատարի նկատմամբ: Հարուցվել է քրեական գործ՝  ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի  (խուլիգանություն) 1-ին մասով և 316-րդ հոդվածի  (իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը) 1-ին մասով: [ՔԿ]

 

Նորություններ կորոնավիրուսի մասին, աշխարհ, 12․06․20

Կորոնավիրուսի շուրջ զարգացումներ, Հայաստան, 11․06․20 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել