news.am: Այսօր Ազատության հրապարակում նախատեսված Բագրատ Սրբազանի գլխավորած շարժման բողոքի ակցիային ընդառաջ ոստիկանական մեծաթիվ ուժեր են բերվում Երեւանի կենտրոն: Ոստիկանական բազմաթիվ մեքենաներ են կայաված այս պահին Օպերայի շենքին հարակից հատվածներում:
Կադրերում երեւում է, որ ոստիկաններն իրենց մոտ ունեն նաեւ մահակներ։
Մետաղյա արգելապատնեշներով փակվել են Օպերայի շենքը շրջապատող փողոցների մայթերը: Արգելապատնեշներով շրջափակված է նաեւ Ազատության հրապարակը, որտեղ սպասվող միջոցառման շրջանակներում տաղավարներ եւ սեղաններ են տեղադրված: Քաղաքացիները ստիպված են շրջանցել արգելապատնեշները:
Նշենք, որ Ալ․ Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում այսօր տեղի է ունենալու EBRD միջազգային ֆորումը, որին մասնակցելու է նաև Նիկոլ Փաշինյանը։ Այդ կապակցությամբ ոստիկանությունը հայտարարություն է տարածել՝ նշելով, որ ժամը 15-ից մինչեւ ժամը 20-ը Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի հարակից փողոցներում սահմանափակվելու են երթևեկությունն ու քաղաքացիների տեղաշարժը։
Իր հերթին, Բագրատ Սրբազանը նախօրեին հայտարարել էր, որ այսօր ժամը 16-ին Օպերայի հրապարակում լինելու է բողոքի ակցիա, քանի որ ժամը 17-ին Օպերայի շենքում EBRD միջազգային ֆորումի շրջանակներում կայանալու է միջոցառում, որին մասնակցելու է Նիկոլ Փաշինյանը:
comment.count (0)