hetq.am: Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստի այսօրվա օրակարգում ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանի հեղինակած նախաձեռնությունն էր, որով նա առաջարկում է հնարավորություն ընձեռել մեծ պահանջարկ ունեցող պետհամարանիշների ընտրություն` սեփականատիրոջ ցանկությամբ:
Գործող օրենքով, պետհամարանիշի ընդունված համակցությունը հետևյալն է` 2 թիվ, 2 տառ, 3 թիվ: Ալեն Սիմոնյանի առաջարկը կյանքի կոչվելու դեպքում այս օրինաչափությունը կարող է փոխվել:
Նախագիծը հանրայնացվելուց հետո բավականին քննադատությունների ենթարկվեց, և հնչեցին մտահոգություններ, որ կարող են ցենզուրայից դուրս պետհամարանիշներ լինել:
Այսօր արդեն նախագիծը քննարկման էր ներկայացվել գլխադասային հանձնաժողով, սակայն նախագծի հեղինակ Ալեն Սիմոնյանը չէր ներկայացել հանձնաժողով, չնայած նախագծի հարակից զեկուցող, ոստիկանպետի տեղակալ Տիգրան Եսայանը եկել էր նիստին:
Հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի խոսքով, քանի որ նախագծի հեղինակը բացակայում է, ապա իրավակարգավորումը պահանջում է հարցը հանել օրակարգից:
«Երկու ամիս կհետաձգվի` մինչև նախագծի հեղինակը կայացնի որոշում»,-ասաց Քոչարյանը:
Այսպիսով, նախագծի քննարկումը հետաձգվեց:
comment.count (0)