ՀԾԿՀ-ն ասում է գազի սակագնի հարցում որոշողն իրենք են, «Գազպրոմ Արմենիա»-ն պատասխանում է՝ անհամաձայնություններ կան |armtimes.com|
14:43 - 17 հունիսի, 2020

ՀԾԿՀ-ն ասում է գազի սակագնի հարցում որոշողն իրենք են, «Գազպրոմ Արմենիա»-ն պատասխանում է՝ անհամաձայնություններ կան |armtimes.com|

armtimes.com: ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը հունիսի 19-ի նիստում պատրաստվում է որոշում ընդունել գազի սակագնի վերաբերյալ։ ՀԾԿՀ-ն օրակարգում ներառել է՝ ոչ թե «Գազպրոմ Արմենիա»-ի, այլ հենց իրենց առաջարկը։

ՀԾԿՀ-ի առաջարկով բնակիչ-բաժանորդների համար գազի սակագնի փոփոխություն տեղի չի ունենա։

ՀԾԿՀ անդամ Սերգեյ Աղինյանը մեր զրույցում կարծիք հայտնեց, որ «Գազպրոմ Արմենիա»-ն կարող է դեմ լինել իրենց առաջարկին, սակայն ընդգծեց՝ որոշում կայացնողը ՀԾԿՀ-ն է։ «Վերջին քննարկման ժամանակ իրենք նշում էին, թե ծախսեր կան, որոնք պիտի անեն եւ դրա համար իրենց առաջարկը պետք է ընդունվի, բայց այդ ծախսերը նախորդ սակագնի ժամանակ իրենք չեն իրականացրել։ Իրենք ասում են, թե նորմատիվով պետք է 8 մլրդ դրամի աշխատանքներ իրականացնեին, սակայն մենք տեսնում ենք, որ վերջին տարիներին 3-4 մլրդ դրամի են արել»։

Հարցին՝ հանձնաժողովը ընդունելո՞ւ է իր առաջարկած նախագիծը, Աղինյանը պատասխանեց. «Ես, որպես համակարգող ենթադրում եմ, որ այն կընդունվի, բայց սա նախագիծ է, որի որոշումը ընդունվելու է նիստի ժամանակ։ Եթե ընդունվի 30 օրից ուժի մեջ կմտնի։ Հուլիսի 19-ից կգործի մեծ մասի համար, օգոստոսից 1-ից նաեւ էլեկտրական կայանների համար»։

Գրավոր հարցում էր ուղարկվել «Գազպրոմ Արմենիա»-ին ճշտելու, թե արդյո՞ք ՀԾԿՀ-ի առաջարկի վերաբերյալ համաձայնություն կա եւ թե ի՞նչ է պատրաստվում անել ընկերությունը։

Ի պատասխան ընկերության Հասարակայնության եւ ԶԼՄ-ների հետ կապերի ծառայությունից հայտնել են.

««Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ 01.04.2020թ. ՀՀ ՀԾԿՀ ներկայացրած հայտում ՀՀ բնական գազի սպառողների համար առաջարկել է յուրաքանչյուր հազ. խմ դիմաց 283,14 ԱՄՆ դոլարին համարժեք միջին սակագին (ներառյալ ԱԱՀ), որտեղ տարեկան մարժայի մեծությունը պետք է կազմեր 60,9 մլրդ դրամ: ՀՀ ՀԾԿՀ առաջարկի համաձայն բնական գազի իրացման միջին սակագինը պետք է կազմի 266,71 ԱՄՆ դոլարին համարժեք, իսկ մարժան՝ 47,6 մլրդ.դրամ:

ՀՀ ՀԾԿՀ կողմից առաջարկվող սակագներով հնարավոր կլինի լուծել գազի համակարգի շահագործմանը և պահպանմանը վերաբերվող որոշակի խնդիրներ, որոնց լուծումը ներկայիս գործող սակագինը չի տալիս, սակայն, դրանք, այնուամենայնիվ, հնարավորություն չեն ընձեռնում Ընկերությանը իրականացնելու շահագործման և սպասարկման բոլոր աշխատանքները գազի մատակարարման և օգտագործման կանոններով և ՀՀ գործող գազի ոլորտի նորմատիվներով նախատեսված ծավալներով:

Այդ իսկ պատճառով, ՀՀ ՀԾԿՀ-ում ս.թ. հունիսի 4-ին կայացած ՀՀ սպառողներին վաճառվող բնական գազի սակագների վերանայման շուրջ աշխատանքային քննարկման ժամանակ Ընկերությունը հայտնել է իր անհամաձայնությունը առաջարկվող սակագների և Ընկերության հայտի որոշ ծախսային հոդվածների կրճատման հետ և հետագայում (այդ թվում նաև ս.թ. հունիսի 19-ին կայանալիք ՀԾԿՀ նիստին) այդ կրճատումները կդառնան ՀՀ ՀԾԿՀ հետ լրացուցիչ քննարկման առարկա»,- նշված է ընկերության պատասխանում:

Սահմանին գազի գնի թանկացումը ինչ-որ մի պահի բերելու էր նաեւ երկրի ներսում սակագնի փոփոխության։ «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց ՀՀ Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, տնտեսագետ Արտակ Մանուկյանը՝ անդրադառնալով հունիսի 19-ին ՀԾԿՀ նիստի օրակարգում ընդգրկված գազի սակագնի փոփոխության որոշման նախագծին։

«Գազպրոմ Արմենիա»-ն առաջարկում էր սպառողներին վաճառվող բնական գազի միջին կշռութային սակագինը 1000 խորանարդ մետրի դիմաց 255.06 դոլարից դարձնել 283.14 դոլար, իսկ ՀԾԿՀ-ն առաջարկել է սահմանել 266.71 դոլար։ Այսինքն ՀԾԿՀ-ն 11 տոկոս սակագնի բարձրացման փոխարեն պատրաստվում է բարձրացնել 4.57 տոկոս։ Միեւնույն ժամանակ ՀԾԿՀ-ի առաջարկով բնակիչ-բաժանորդների համար գազի սակագինը փոփոխության չի ենթարկվի։

Փոխարենը, որոշակի փոփոխության կենթարկվի գյուղատնտեսության ոլորտում գործունեություն իրականացնող ջերմոցային տնտեսությունների, վերամշակող՝ պահածոների, խմիչքների եւ կաթնամթերքի արտադրությամբ զբաղվողներին վաճառվող բնական գազի գինը՝ 1000 խմ-ի դիմաց 212 դոլարից դառնալով 224 դոլար («Գազպրոմ Արմենիա»-ն առաջարկում էր 283.1 դոլար դարձնել)։ Որոշակի սակագնային փոփոխություն կլինի նաեւ ամսական 10 հազար խմ-ն գերազանցող սպառողների համար, որոնց մեջ ներառված են հիմնականում ԱԳԼՃԿ-ները։ «Գազպրոմ Արմենիա»-ն առաջարկել էր 1000 խմ-ի դիմաց 242.1 դոլարի փոխարեն սահմանել 283.14 դոլար սակագին, սակայն հանձնաժողովը առաջարկել է սահմանել 255.91 դոլար։

Թեմայի վերաբերյալ հարցազրույց Արտակ Մանուկյանի հետ։

- Պարոն Մանուկյան, ՀԾԿՀ-ն հունիսի 19-ի նիստի օրակարգում ներառել է գազի սակագնի փոփոխության որոշման նախագիծը, որով իրենց առաջարկած տարբերակն են ցանկանում ընդունել։ Ի՞նչ եք կարծում որոշումը կընդունվի։

- Այն, որ գազի սակագինը 2019 թ. սահմանին բարձրանալուց հետո 10 տոկոսով թանկացավ՝ դա համակարգի կայունության վրա մեծ հաշվով ազդեցություն էր ունենալու։ Այդ ազդեցությունը կար, բայց հաջողվեց օպտիմիզացիայի արդյունքում որոշակիորեն մեղմել, սակայն դա անվերջ գործընթաց չէր եւ ինչ-որ մի պահից հետո պետք էր լուծումներ փնտրել։ Մեծ հաշվով այդ բարձրացումը ակնկալվում էր։ Այստեղ նաեւ շատ կարեւոր է, որ նախնական «Գազպրոմ Արմենիա»-ի առաջարկի եւ ՀԾԿՀ-ի առաջարկի միջեւ էական տարբերություններ կան։ Կարծում եմ, որ որոշումը գնի բարձրացման առումով կընդունվի, բայց չափերի առումով պետք է հետեւենք։ Մեծ հաշվով սեղանին կա 2 առաջարկ՝ մեկը «Գազպրոմ Արմենիա»-ինն է, մյուսը՝ ՀԾԿՀ-ինը։

- Ըստ ձեզ, «Գազպրոմ Արմենիա»-ն ՀԾԿՀ-ի առաջարկած տարբերակը կընդունի՞։ Եթե այո, ապա որքա՞ն ժամանակ է հնարավոր  այդ սակագինը պահպանել։

- Շատ կարեւոր հարց եք բարձրացնում. այն հիմնավորումները, որոնք տարիներ շարունակ քննարկվել է, անտեսել չի կարելի։ Հատկապես այն առումով, որ բաշխման համակարգում մենք ունենք խնդիր, որ մեծ հաշվով կորստի գործակիցը բավականաչափ բարձր է։ Իհարկե՛, մենք հիմա գլոբալ խնդիրներից ենք խոսում, բայց կարծում եմ «Գազպրոմ Արմենիան», լինելով ՀՀ-ում ռեզիդենտ ընկերություն, այնուամենայնիվ, բիզնես սուբյեկտ է եւ հետաքրքրված է հնարավորինս ավելի մեծ մարժա ձեւավորելու մեջ։ Իսկ ՀԾԿՀ-ն պետք է լինի այն մարմինը, որը բալանսավորի ինչպես համակարգի անխափանությունը, այնպես էլ սպառողների շահը։

Եվ եթե դուք ինձ հարցնում եք, թե որի հիմնավորումներն են ավելի ընդունելի, կարծում եմ, բալանսավորված շահի տեսանկյունից միանշանակ ՀԾԿՀ-ի մոտեցումները ընդունելի են։ Բայց, այնուհանդերձ, մենք պետք է հասկանանք, թե ուր ենք գնում։ Օրինակ՝ ՀԷՑ-ի պարագայում հնարավորություն կա, որպեսզի նրանք ներդրումներ իրականացնեն, նվազեցնեն իրենց կորուստների ցուցանիշը։ Հիմա էլ մեծ հաշվով 5 տարվա կտրվածքով «Գազպրոմ Արմենիա»-ի հետ նման մոտեցում է քննարկվում։

Շարունակությունը՝ armtimes.com-ում


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել