«Սեքյուրիթի դրիմ»-ի սեփականատերերն ու գործընկերները «Սևան» ազգային պարկի ծառապատ տարածքներում հանգստի գոտիներ են կառուցելու |hetq.am|
18:02 - 26 հունիսի, 2020

«Սեքյուրիթի դրիմ»-ի սեփականատերերն ու գործընկերները «Սևան» ազգային պարկի ծառապատ տարածքներում հանգստի գոտիներ են կառուցելու |hetq.am|

hetq.am: Մինչև Կառավարությունը զբաղված է Սևանա լճի ափամերձ` 1905.0 նիշից ցածր հատվածներում գտնվող կառույցներն ու ենթակառուցվածքներն ապամոնտաժելու խնդրով և ծանուցումներ է ուղարկում տարածքների օգտագործողներին, այդ նույն ժամանակահատվածում նոր նախագծեր են ներկայացվում Սևանի նույն նիշի վրա հանգստի գոտիներ կառուցելու համար:

Այս օրերին իրար փոխկապակցված, սակայն երկու տարբեր ընկերություններ, «Սևան» ազգային պարկի հատուկ պահպանվող տարածքներում, որոնք առավելապես ծառապատ են, հանգստի գոտիներ կառուցելու նախագծեր են ներկայացրել Շրջակա միջավայրի նախարարություն:

Դրանցից մեկը «Դրախտիկա» ՍՊԸ-ն է, որը նախատեսում է քոթեջներից բաղկացած հանգստյան համալիր կառուցել Շողակաթ համայնքի Դրախտիկ գյուղի ափամերձ հատվածում: Տվյալ տարածքը Դրախտիկ գյուղի 1-ին փողոց 62 հողամաս հասցեում է գտնվում:

«Դրախտիկա» ՍՊԸ-ն հիմնադրվել է 2004թ. սեպտեմբերի 23-ին: 5 օր անց` սեպտեմբերի 28-ին, ընկերության տնօրենը «Սևան» ազգային պարկի հետ՝ ի դեմս տնօրեն Գագիկ Մարտիրոսյանի, վարձակալության պայմանագիր է կնքել: Որպես հողամասի օգտագործման սահմանափակում՝ պայմանագրում նշվում է, որ արգելվում է կատարել կապիտալ շինարարություն 1908.0 մետրից ցածր նիշում:

1,5 հա տարածքի համար վարձավճար է սահմանվել 120 հազար դրամը:

 

10 տարի տարածքում գործունեություն չի իրականացվել: Տարածքը, սակայն, առանձնացված է քարե պարիսպով: 2014թ. բնապահպանության նախկին նախարար Արամայիս Գրիգորյանը ստորագրել է ընկերության` շրջակա միջավայրի փորձաքննության դրական եզրակացությունը: Սակայն նախագիծը լրամշակվել է և կրկին ներկայացվել ՇՄՆ:

«Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի հետ կնքած պայմանագրում հողամասի նկարագիր ենթավերնագրի տակ հստակ նշված է` անտառածածկ տարածք: Մինչդեռ Շրջակա միջավայրի նախարարություն ներկայացված այժմյան նախագծում նշվում է, որ կառուցապատման ենթակա տարածքը մասամբ է անտառածածկ: Անզեն աչքով երևում է, որ տարածքի միայն ձախ հատվածում է նոսրուտ, մնացածում ամբողջությամբ ծառեր կան:  

 

 

Ըստ նախագծի՝ նախատեսվող շինարարական աշխատանքների ընթացքում ծառահատում չի իրականացվելու, իրականացվելու է 23 ծառի տեղափոխում, ինչը նախօրոք համաձայնեցվելու է «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի հետ: Շինարարական աշխատանքների ավարտից հետո նախատեսվում է տնկել 43 հատ փշատերև ծառ:

Կառուցապատումը նախատեսվում է իրականացնել Կառավարության 2008թ. դեկտեմբերի 18-ի թիվ 1563-Ն որոշման տեխնիկական բնութագրերի Սևանա լճի կենտրոնական գոտում կառուցապատման համար նախատեսված տարածքների գոտեվորման նախագծի պահանջներին համապատասխան: 1905.0 մ բացարձակ նիշից ցածր տարածքում հիմնական շինություններ չի նախատեսվում: Հողամասի 63.7 % գտնվում է 1905,0 մ բացարձակ նիշից բարձր տարածքում:  Այդուհանդերձ, օգտագործվելու է նաև 1905.0 նիշից ցածր հատվածը` մինչև ափ:

Հիշեցնենք, որ վարչապետի 2019 թվականի ապրիլի 15-ի թիվ 02/12.4/17623 հանձնարարականի հիման «Սևան» ազգային պարկի 1905 մ բացարձակ նիշից ցածր տարածքներում գտնվող շենք-շինությունները և ենթակառուցվածքները ենթակա են ապամոնտաժման:

Այս հողամասի նպատակային նշանակությունը բնապահպանական, գործառնական է՝ հանգստի գոտու կազմակերպման համար:

«Դրախտիկա» ՍՊԸ-ի հանգստյան գոտին բաղկացած է լինելու 9 քոթեջից՝ 92 սենյակային համարով` նախատեսված 216 անձի համար։

Շինարարությունը տևելու է երկու տարի։ 

 

 

Շողակաթ (նախկին` Շորժա) համայնքի ղեկավար Սուլիկո Շուշանյանը 2019 թվականի հունիսի 13-ին «Դրախտիկա» ՍՊԸ-ին տվել է նախագծային թույլտվությունը (ճարտարապետահատակագծային առաջադրանքը):

«Դրախտիկա» ՍՊԸ-ն, ՊԵԿ-ի հարկ վճարողների էլեկտրոնային համակարգի համաձայն՝ կառուցապատման նախապատրաստական աշխատանքներով է զբաղվում: Սակայն ընկերության գործունեությունը ժամանակավոր դադարեցված է:

«Դրախտիկա» ՍՊԸ-ն 4 բաժնետեր ունի։ Ընկերության 50 տոկոսը հավասարապես կիսում են Երևանում կարմիր գծերի կայանատեղիները սպասարկող «Սեքյուրիթի դրիմ» ՍՊԸ-ի հիմնադիր-բաժնետերեր Ալեքսան և Գուրգեն Զաքարյանների կանայք՝ Գայանե Վերդյանը և Կարինե Զաքարյանը։

Հիշեցնենք` Ալեքսան Զաքարյանն անցնում է «Սեքյուրիթի դրիմ» ՍՊԸ-ի գործով և մեղադրվում է Քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ի կետի և 325-րդ հոդվածի 2-րդ մասով: Խոսքն առանձնապես խոշոր չափի խարդախության և փաստաթղթեր կեղծելու մասին է: Նրան մեկ ամսով կալանավորել, այնուհետև գրավով ազատ էին արձակել: Ինչպես տեղեկացանք Քննչական կոմիտեից, Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում շարունակվում է «Սեքյուրիթի Դրիմ» և «Էլլիպս Ջի Էյ» ընկերությունների աշխատակիցների կողմից առանձնապես խոշոր չափերով խարդախություն կատարելու և մի խումբ անձանց կողմից, նախնական համաձայնությամբ, փաստաթղթեր կեղծելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:

Շարունակությունը՝ hetq.am-ում


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել