Հրազդան քաղաքում ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի այսօրվա ուժեղացված ստուգայցը մի շարք խախտումներ է արձանագրել․ դիտարկված շուրջ 40 տնտեսավարողից 16-ի կասեցման միջնորդություն կներկայացվի ՀՀ պարետին։
Անվտանգության կանոնների պահպանումը դիտարկելու նպատակով ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ուժեղացված ստուգայցերն արձանագրել են, որ նախորդած իրազեկման, մշտադիտարկման, նաև կասեցման աշխատանքները հանգեցրել են տնտեսավարողների կողմից պարետի սահմանած նորմերն առավել բարեխղճորեն և ճշգրիտ պահպանելուն։
Մարզերում և մայրաքաղաքի տարբեր վարչական շրջաններում դիտարկումները շարունակական են․ դրանց արդյունքները ևս լավատեսական են՝ խախտումները զգալիորեն նվազել են։ Դա է փաստում նաև արձանագրված խախտումների հիմքով պարետին ներկայացվող՝ տնտեսավարողների կասեցման միջնորդությունների թվի նվազումը։
Սակայն դեռ կան նաև կրկնախախտման դեպքեր, երբ ստուգայցից կամ կասեցումից հետո շարունակում են որոշ նորմեր չպահպանվել։ Այսօրինակ դեպքերում առավել խիստ մոտեցում է կիրառվում՝ 24 ժամի փոխարեն գործունեության 48 և 72 ժամյա կասեցումներ։
Արձանագրվող ամենալուրջ խախտումներն առնչվում են տնտեսավարողների մոտ դիմակ չկրելուն կամ պատշաճ չկրելուն, ախտահանման թերություններին, մարդկային կուտակումներին, դրանց չկառավարմանը, ջերմաչափմանը, փակվող աղբամանների առկայությանը և այլն։
comment.count (0)