azatutyun.am: Եվրոպական միության (ԵՄ) 27 անդամ պետությունների ղեկավարները կորոնավիրուսի համավարակի կապակցությամբ անցած ամիսներին բացառապես հեռավար կարգով անցկացրած քննարկումներից հետո այսօր առաջին անգամ հավաքվել են Բրյուսելում:
Եվրամիության լիդերները քննարկում են տնտեսությունը վերականգնելու համար 750 միլիարդ եվրոյի ֆինասական օգնության փաթեթը: Այդ գումարը հավասար է մոտ 855 միլիարդ ամերիկյան դոլարի:
Եվրոպական միության տնտեսությունը հավարարակի արդյունքում հայտնվել է հիմնադրումից ի վեր ամենածանր ճգնաժամում, և անդամ երկրների ղեկավարներն ընդգծել են, որ չափազանց կարևոր է հնարավորինս արագ ձեռնարկել բարձրագույն աստիճանի ինտեգրված 27 տնտեսությունների վերականգնման միջոցներ:
Այդուհանդերձ, տեսակապով անցկացրած քննարկումների ընթացքում ի հայտ են եկել տարաձայնություններ տնտեսության վերականգնման հիմնադրամի և Եվրամիության ընդհանուր բյուջեի միջոցների հասցեական տրամադրման հարցերի շուրջ:
Բրյուսելում գագաթնաժողովի մասնակիցները հետևում են սոցիալական հեռավորություն պահպանելու և դիմակ կրելու կանոնին:
Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնն ասել է, որ «եկել է Եվրամիության համար ճշմարտության պահը», և պաշտոնակիցներին կոչ է արել գնալ փոխզիջումների ու համաձայնեցնել ծրագիրը:
Եվրոպական խորհրդի նախագահ Շարլ Միշելն անցած շաբաթ առաջարկել է հաստատել 500 միլիարդ եվրոյի վարկերի և 250 միլիարդ եվրոյի դրամաշնորհների համամասնություն:
comment.count (0)