civilnet.am: Եվրոպական Միության և Չինաստանի հարաբերությունները 2025-ին մտել են նոր, ավելի հակամարտային փուլ: Չնայած դիվանագիտական առաջարկներին և հարաբերությունների ռեստարտի մասին խոսակցություններին, իրականում նրանք հակընդդեմ միջոցառումների շրջափուլում են, որտեղ ԵՄ-ն ավելի վճռական գործողություններ է ձեռնարկում այն ամենի դեմ, ինչը համարում է Չինաստանի անարդար առևտրային գործելակերպ, շուկայական խեղաթյուրումներ և շուկաներին փոխադարձ մուտքի անտեսում:
Վերջին ամիսների ամենացցուն հակասությունը ԵՄ-ի կողմից չինական էլեկտրամեքենաների վրա մաքսատուրքերի սահմանումն է, որտեղ չինական պետական աջակցություն ստացող որոշ արտադրողների համար մաքսատուրքերը սահմանվել են մինչև 45 տոկոս: Այդ քայլին նախորդել էր Եվրոպական հանձնաժողովի երկարատև հետաքննությունը, ըստ որի՝ չինական էլեկտրամեքենաներ արտադրողները օգտվել են հսկայական պետական սուբսիդիաներից, ինչը նրանց հնարավորություն է տվել գերազանցել եվրոպական մրցակիցներին և սպառնալ ԵՄ-ի սեփական կանաչ տեխնոլոգիաների ոլորտի կենսունակությանը: Հինգ տարի տևողությամբ սահմանված մաքսատուրքերը հստակ ազդանշան են, որ ԵՄ-ն այլևս չի հանդուրժելուՊեկինի կողմից շուկայի խեղաթյուրմանը:
Կանխատեսելիորեն, Չինաստանը հակընդդեմ քայլեր ձեռնարկեց: Հունիսին Պեկինը իր հակադեմփինգային հետաքննությամբ վեց ամսով երկարաձգեց ԵՄ-ից խոզի մսի ներմուծման սահմանափակումները՝ թիրախավորելով ավելի քան 1,75 մլրդ եվրո արժողությամբ արտահանումը, հատկապես Իսպանիայից, Նիդեռլանդներից և Դանիայից: Հակադեմփինգային հետաքննությունը, որն ի սկզբանե սկսվել էր 2024-ի հունիսին, լայնորեն մեկնաբանվում է որպես էլեկտրամեքենաների մաքսատուրքերի դեմ ուղղակի հակազդեցություն: Խոզի միսը երկու կողմերի համար էլ զգայուն թեմա է. ԵՄ-ն խոզի մսի ենթամթերքների խոշոր արտահանող է Չինաստան, իսկ Չինաստանը աշխարհի ամենամեծ սպառողն է: Գյուղատնտեսական առևտուրը զենքայնացնելով՝ Չինաստանը փորձում է քաղաքական ցավ պատճառել ԵՄ անդամ առանցքային պետություններին և ճնշում գործադրել Բրյուսելի վրա՝ զիջումներ կորզելու համար:
Ինչո՞վ է առանձնանում գործողությունների ներկա փուլը. դա ԵՄ-ի պատրաստակամությունն է՝ ընդլայնելու իր միջոցառումների շրջանակը: 2025-ի հունիսին Եվրոպական հանձնաժողովը սահմանափակեց չինական բժշկական սարքավորումների մուտքը իր պետական գնումների պայմանագրերին: Սա ուղղակի արձագանք էր Չինաստանի «Գնիր չինական» երկարատև քաղաքականության, որը համակարգայնորեն անբարենպաստ դիրքում է դնում չինական շուկա մուտք գործելու ձգտող եվրոպական ընկերություններին: ԵՄ-ի ուղերձը հստակ է. եթե Չինաստանը շարունակի խոչընդոտել իր ընկերություններին, կբախվի փոխադարձ խոչընդոտների Եվրոպայում:
ԵՄ-ն դիտարկում է նաև «պաշտպանական միջոցառումներ», որոնք կարող են արագ կիրառվել Չինաստանից և այլ երկրներից ներմուծումների նկատմամբ, եթե եվրոպական արդյունաբերությունները հաղորդեն նյութական վնասի մասին: Սա արտացոլում է չինական արդյունաբերական գերհզորության շուրջ աճող մտահոգությունները, հատկապես այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են էլեկտրամեքենաների արտադրությունը, կանաչ տեխնոլոգիաները և ռոբոտաշինությունը, որտեղ արհեստականորեն ցածր գներով չինական արտահանումները սպառնում են եվրոպական ընկերությունների գոյատևմանը:
ԵՄ-ի վճռականությունը չի սահմանափակվում ավանդական առևտրային ապրանքներով: 2025-ի մայիսին ԵՄ-ն TikTok-ին տուգանեց 530 մլն եվրոյով՝ եվրոպական օգտատերերի տվյալները ապօրինաբար Չինաստան փոխանցելու և դրանք չինական իշխանությունների հասանելիությունից չպաշտպանելու համար: Ռեկորդային այս տուգանքն ընդգծում է ԵՄ-ի աճող անհանգստությունը տվյալների անվտանգության և թվային ինքնիշխանության վերաբերյալ չինական տեխնոլոգիական ընկերությունների հետ իր գործարքներում: TikTok-ի դեպքը խորը անվստահության օրինակ է. ԵՄ-ն գնալով ավելի շատ է դիտարկում հակընդդեմ միջոցները Չինաստանի ազդեցության դեմ և պատրաստ է օգտագործել իր կարգավորիչ լծակները:
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում։
comment.count (0)