10-ից ավել տարվա արտադրության տաքսի ավտոմոբիլների, ավտոբուսների տեխնիկական զննությունն իրականացվելու է 6 ամիսը մեկ անգամ |tert.am|
12:57 - 23 հուլիսի, 2020

10-ից ավել տարվա արտադրության տաքսի ավտոմոբիլների, ավտոբուսների տեխնիկական զննությունն իրականացվելու է 6 ամիսը մեկ անգամ |tert.am|

tert.am: Կառավարությունը առաջարկում է փոփոխություններ իրականացնել «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» օրենքում։ Նախագիծը Կառավարության այսօրվա՝ հուլիսի 23-ի նիստի չզեկուցվող հարցերից է։

Ըստ փոփոխության՝ տրանսպորտային միջոցների առաջին տեխնիկական զննությունն իրականացվում է թողարկմանը հաջորդող չորրորդ տարում։

Թողարկման տարեթվից հաշված` 4-ից ավել ներառյալ 10 տարվա արտադրության թեթև մարդատար տաքսի ավտոմոբիլներ, տրոլեյբուսներ, ավտոբուսներ,  վտանգավոր բեռներ փոխադրելու համար նախատեսված մասնագիտացված տրանսպորտային միջոցներ՝ տարին մեկ անգամ, 10-ից ավել տարվա արտադրության դեպքում՝ 6 ամիսը մեկ անգամ։

Թեթև մարդատար ավտոմոբիլների, բեռնատար տրանսպորտային միջոցների, ուղևորի մինչև 8 նստատեղ ունեցող բեռնաուղևորատար տրանսպորտային միջոցների և մոտոցիկլներ տեխնիկական զննությունը՝ 4-ից  ավել, ներառյալ 10 տարվա արտադրության, իրականացվելու է երկու տարին մեկ անգամ։ Իսկ 10-ից ավել տարվա արտադրության թեթև մարդատար ավտոմոբիլներ և այս խմբում ներառված մյուս տրանսպորտային միջոցների դեպքում տեխզննումը կատարվելու է տարին մեկ անգամ։

Նախագծում նաև նշվում է, որ թողարկման տարեթվից հաշված 4-ից ավել տարվա արտադրության նոր ներմուծված տրանսպորտային միջոցները տեխնիկական զննության են ներկայացվում նախքան տրանսպորտային միջոցը Ճանապարհային ոստիկանությունում առաջին անգամ հաշվառելը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել