«Պահանջատեր դիմորդ» շարժման մասնակից բերման ենթարկվածներն ազատ են արձակվել․ բողոքի ակցիան շարունակվում է |armtimes.com|
16:51 - 27 հուլիսի, 2020

«Պահանջատեր դիմորդ» շարժման մասնակից բերման ենթարկվածներն ազատ են արձակվել․ բողոքի ակցիան շարունակվում է |armtimes.com|

armtimes.com: Բարձրագույն ուսումնական հաստատությունների ընդունելության հետ կապված բողոքի ակցիա իրականացնելիս բերման ենթարկվածներն ազատ են արձակվել։

Դիմորդի ծնող Մասիս Բաբալյանին, եւս մեկ ծնողի եւ «Հաղթանակած» շարժման համահիմնադիր Հովհաննես Հարությունյանին, որը եւս միացել է չընդունված մի շարք դիմորդների պայքարին, բերման էին ենթարկել ոստիկանների օրինական պահանջը չկատարելու պատճառով։ Ցույցի մասնակիցները փակել էին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության շենքի հարակից փողոցների հատման կետը՝ նստացույց իրականացնելով։

«Պահանջատեր դիմորդ» շարժման մասնակիցները (շարժումը ստեղծվել է օրերս, նրանք բողոքում են ընդունելության նոր կարգից) թեեւ սկզբում որոշել էին, որ այսօր այլեւս ոչ մի ակցիա չեն իրականացնելու, քանի որ չեն ցանկանում, որ դիմորդներն այդքան ժամանակ արեւի տակ գտնվեն, փոխել են իրենց մտադրությունը: Նշում են, որ դիմորդների պահանջով նրանք շարժվել են ԿԳՄՍՆ շենքի առաջ՝ այնտեղ շարունակելու իրենց ակցիան։

Վերոնշյալ շարժման փաստաբանական թիմի ղեկավար Ալեքսանդր Կոչուբաեւը լրագրողների հետ զրույցում նշել է, որ այսօր վերջնական քննարկումներից հետո պատրաստվում են դիմել Վարչական դատարան, որպեսզի վիճարկեն ՀՀ Կառավարության ընդունած որոշման իրավաչափությունը։ Խոսքը «Պետական եւ ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների 2020-2021 ուսումնական տարվա ընդունելության կարգը եւ բարձրագույն ուսումնական հաստատությունների 2020-2021 ուսումնական տարվա մասնագիտությունների եւ ընդունելության քննությունների ցանկը հաստատելու մասին» որոշման մասին է, որն ընդունվել է ՀՀ Կառավարության՝ 2020 թվականի մայիսի 21-ի նիստում:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել