«Պահանջատեր դիմորդ» ակցիայի մասնակիցների ցույցերը քաղաքական երանգ են ստանում․ ԿԳՄՍ նախարար |armenpress.am|
12:03 - 28 հուլիսի, 2020

«Պահանջատեր դիմորդ» ակցիայի մասնակիցների ցույցերը քաղաքական երանգ են ստանում․ ԿԳՄՍ նախարար |armenpress.am|

armenpress.am: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի պնդմամբ «Պահանջատեր դիմորդ» ակցիայի մասնակիցների ցույցերը ստանում են քաղաքական երանգ։ Այս մասին Հարությունյանն ասաց Հանրային հեռուստաընկերության «Հարցազրույց Պետրոս Ղազարյանի հետ» հաղորդաշարի ընթացքում։

«Բարձր միավորներով բուհ չընդունվածների ցույցերը ստանում են քաղաքական երանգ․ցուցարարների շարքում է հայտնվել Ռոբերտ Քոչարյանի կողմնակիցը։ Ցուցարարներից ամենաակտիվի՝ գլխարկով տղամարդու որդին ոչ առաջին հայտով ընդունվել է, պարզապես նրանք ցանկանում են բողոքի այս ալիքի վրա հասնել այն բանին, որ նա ընդունվի այն ֆակուլտետը, որը լրացրել էին առաջին հայտով։ Դա չի լինելու, նրանք իրենց նպատակին չեն հասնելու»,- նշեց Հարությունյանը և հավելեց, որ ընդհանուր առմամբ եղել է 9372 դիմորդ, որոնք դրական գնահատական են ստացել և նրանցից 8706-ն ընդունվել է բուհ։

Նախարարի խոսքով՝ դրանից հետո, թափուր տեղերի համար դիմել է մոտավորապես 520 դիմորդ, որից 49-ը չի ընդունվել, 471-ն ընդունվել է, իսկ վերջում ստացվել է մի իրավիճակ, երբ չընդունվողների թիվը կազմել է ընդամենը 200։

«Անցած շաբաթ, երբ մենք լուծումների էինք հասել, երբ արդեն կայանալու էր հանդիպումը, երբ պետք է ամրագրեինք այդ լուծումները,  ծնողների մի մասը ուրախացել էր, ասում էին՝ մեր հարցը լուծվեց։ Խոսքերիս որպես ապացույց ասեմ, որ բողոքող խումբը մեզ ներկայացրել էր 134 անձի ստորագրությամբ 2 դիմում, որոնցում մարդկանց անունները կրկնվել էին, և կային մարդիկ, որ առաջին հայտով ընդունվել են»,- ընդգծեց նախարարը։

«Մեզ համար անսպասելի էր, որ շաբաթ օրը, չսպասելով երկուշաբթի օրվա մեր լուծումներին, մենք տեսանք այդ քաղաքական խմբակների հետ որոշ բողոքողների ասուլիսները, հայտարարությունները, թե մենք այլևս փոխնախարարի հետ չենք հանդիպելու, մեր պահանջը նախարարի հետ հանդիպումն է։ Այս օրերին ես հանդիպել եմ և՛ դիմորդների, և՛ ծնողների հետ, քննարկել հարցեր և լուծումներ գտել։ Բայց հիմա այս ակտիվությունն արդեն այլ ուղղությամբ է գնում, և ես ուզում եմ դիմորդներին խորհուրդ տալ՝ չտրվել սադրանքներին, որովհետև, ըստ էության, լուծումները տրված են»,- ասաց ԿԳՄՍ նախարարը։

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել