Արդարադատության նախարարության պարզաբանումը Ամատունի Վիրաբյանի պաշտոնանկության վերաբերյալ
13:51 - 09 սեպտեմբերի, 2020

Արդարադատության նախարարության պարզաբանումը Ամատունի Վիրաբյանի պաշտոնանկության վերաբերյալ

Արդարադատության նախարարի մամուլի խոսնակ Լուսինե Մարտիրոսյանը պարզաբանում է ներկայացրել «Հայաստանի ազգային արխիվ» ՊՈԱԿ-ի տնօրեն Ամատունի Վիրաբյանի պաշտոնանկության վերաբերյալ: Մարտիրոսյանը «Ֆեյսբուքի» իր էջում պարզաբանումը ներկայացրել է ի պատասխան լրատվամիջոցների հետ զրույցում Վիրաբյանի հնչեցրած հայտարարությունների:

«Արդարադատության նախարարի հրամանով «Հայաստանի ազգային արխիվ» ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնից ազատված Ամատունի Վիրաբյանը տարբեր լրատվամիջոցների հետ զրույցում նշում է, որ «Արխիվը պետությունից ստացել է դրամաշնորհներ և սուբսիդիաներ, որոնք ԱԱՀ-ով չէին կարող հարկվել»։ ԱԱՀ-ի գծով հարկային պարտավորությունների վերաբերյալ պարզաբանեմ, որ դրա վերաբերյալ Նախարարությունը չունի որևէ առարկություն, և, այո՛, այդ գծով հարկային պարտավորություն առաջադրվել է գրեթե բոլոր ՊՈԱԿ-ներին, իսկ այդ պարտավորությունները մարվել են Կառավարությունից ստացված միջոցների հաշվին։

Սակայն «Հայաստանի ազգային արխիվ» ՊՈԱԿ-ի դեպքում արձանագրվել է նաև շահութահարկի գծով պարտավորություն, և ստուգման ակտով հստակ արձանագրվել է, որ ի թիվս այլնի, խախտվել են նաև «Շահութահարկի մասին» օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասը և նույն հոդվածի 2-րդ մասի «դ» և «զ» ենթակետերը, որոնց հետևանքով շահութահարկի գծով առաջադրվել է 21 մլն 369 հազար 151 դրամի լրացուցիչ հարկային պարտավորություն։

Ինչ վերաբերում է պարոն Վիրաբյանի այն պնդմանը, թե «հարկեր չվճարողներին դատում են, ոչ թե կառավարությունը պահուստային ֆոնդից գումար է տալիս», ապա հարկ է նկատել, որ Պետական եկամուտների կոմիտեի կողմից նախապատրաստվել են նյութեր ՀՀ քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով, սակայն քրեական գործի հարուցումը 24.05.2019թ. մերժվել է, քանի որ պետությանը պատճառված վնասն ամբողջությամբ հատուցվել է»,- գրել է Մարտիրոսյանը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել