Ուսուցչի օրվան ընդառաջ կխրախուսվեն լավագույն ծրագրերը. դրամական պարգևի առավելագույն չափը 500 հազար կամ 1 միլիոն դրամ է |armtimes.com|
14:33 - 10 սեպտեմբերի, 2020

Ուսուցչի օրվան ընդառաջ կխրախուսվեն լավագույն ծրագրերը. դրամական պարգևի առավելագույն չափը 500 հազար կամ 1 միլիոն դրամ է |armtimes.com|

armtimes.com: Այս տարի ուսուցչի օրը՝ հոկտեմբերի 5-ին, նախատեսվում է տարվա լավագույն տնօրեններին, ուսուցիչներին ու դաստիարակներին պարգեւատրել նոր կարգով՝ մրցույթի նոր անվանակարգերում։

Նրանց խրախուսող «Տարվա լավագույնները» մրցույթի կարգի նոր նախագիծն այժմ տեղադրված է Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում (e-draft.am):

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության լրատվական վարչությունից մեզ տեղեկացրին, որ մրցույթը նոր կարգով կանցկացվի ամենայն հավանականությամբ արդեն այս տարի։

Հիշեցնենք, որ տարիներ շարունակ ուսուցչի օրվա առթիվ կազմակերպվող հանդիսավոր արարողության ժամանակ պարգեւատրվել են «Տարվա լավագույն ուսուցիչ», «Տարվա լավագույն դաստիարակ» եւ «Տարվա լավագույն տնօրեն» անվանակարգերում հաղթողները: Առաջին երկուսին շնորհվել է ավտոմեքենա, իսկ տնօրենը ստացել է համակարգիչ:

Նոր մրցույթ՝ նոր կանոններով

Մշակված նոր տարբերակով տարվա լավագույններին ընտրելու մեթոդաբանությունն ամբողջովին կփոխվի։ Եթե նախկինում անցկացվող մրցույթում առավել ուշադրություն էր դարձվում տվյալ մասնագետի տարիների փորձին, գործունեությանը, ստացած պարգեւներին, իսկ մրցույթը «Լավագույն ուսուցիչ», «Լավագույն դաստիարակ» եւ «Լավագույն տնօրեն» անվանակարգերում էր, ապա այս անգամ շեշտը կդրվի տարբեր անվանակարգերում լավագույն ծրագրային առաջարկների վրա, որոնց իրագործումը կխրախուսվի։

Մրցույթին կարող են մասնակցել հանրակրթական ուսումնական հաստատությունների ուսուցիչները, տնօրենները, նախադպրոցական հաստատությունների դաստիարակները, տնօրենները, հանրակրթական կամ նախադպրոցական ուսումնական հաստատությունների ուսումնաօժանդակ կազմի աշխատակիցները։

Նրանց համար մրցույթը կազմակերպվելու է հետեւյալ առանձին անվանակարգերով․

  • հանրակրթական ուսումնական հաստատության ուսուցչական լավագույն ծրագրի կամ նախաձեռնության համար,
  • հանրակրթական ուսումնական հաստատության կառավարման լավագույն ծրագրի կամ նախաձեռնության համար,
  • հանրակրթական ուսումնական հաստատության ուսումնաօժանդակ գործունեության լավագույն ծրագրի համար։ 
  • նախադպրոցական ուսումնական հաստատության մանկավարժական լավագույն ծրագրի կամ նախաձեռնության համար,
  • նախադպրոցական ուսումնական հաստատության կառավարման լավագույն ծրագրի կամ նախաձեռնության համար,
  • նախադպրոցական ուսումնական հաստատության ուսումնաօժանդակ գործունեության լավագույն ծրագրի համար։

Ծրագրային առաջարկ եւ խնդիրներ

Մրցույթի մասնակիցը պետք է ունենա տվյալ ուղղությամբ առնվազն 2 տարվա գործունեության փորձ: Ներկայացրած ծրագիրը պետք է ներառված չլինի նախորդ տարիներին անցկացված մրցույթի արդյունքում պարգեւատրված ծրագրերի ցանկում:

Նշենք, որ մրցույթին կարող է ներկայացվել ինչպես անհատական ծրագիր առանձին մասնակցի կողմից, այնպես էլ՝ համատեղ ծրագիր մասնակիցների խմբի կողմից՝ բաղկացած առավելագույնս 3 անդամներից: Խմբային հայտի դեպքում կարող են ներառված լինել ինչպես միեւնույն, այնպես էլ՝ տարբեր ուսումնական հաստատությունների ներկայացուցիչներ։

Ծրագիրը պետք է կազմված լինի հետևյալ բաժիններից՝ նկարագիր, նպատակ եւ խնդիրներ, ակնկալվող արդյունքներ, իրականացման պլան ու շարունակականության ապահովում։

Մրցույթն անցկացվելու է 3 փուլով՝ ծրագրային առաջարկների ընդունում, դրանց գնահատում, մրցույթի արդյունքների ամփոփում եւ այդ արդյունքներով ընտրված ծրագրային առաջարկների պարգեւատրում։

Ըստ նոր նախագծի՝ ծրագրային առաջարկները կարող են ուղղված լինել հետեւյալ խնդիրներին.

  • ուսուցիչների եւ դաստիարակների պարագայում՝ դասավանդման այլընտրանքային, նոր ﬔթոդների ներդրմանն ու կիրառմանը, ներառականությանը, սովորողների համապարփակ իմացական, ճանաչողական, հաղորդակցման եւ գործնական բնույթի հմտությունների զարգացմանը եւ այլն,
  • ուսումնական հաստատությունների տնօրենների պարագայում՝ ուսուցման կազմակերպման տարբեր եղանակներին, հեռավար ուսուցման ձևերին, կրթության կառավարման նոր մեթոդների ներդրմանն ու կիրառմանը եւ այլն,
  • ուսումնական հաստատությունների ուսումնաօժանդակ անձնակազմի աշխատակիցների պարագայում՝ բռնությունից զերծ հաստատության ձևավորմանն ուղղված արդյունավետ մոտեցումների ներդրմանն ու կիրառմանը, սովորողների համար ապահով եւ անվտանգ միջավայրի ձեւավորմանը եւ այլն։

«Տարվա լավագույնները» մրցույթի կազմակերպման եւ անցկացման նպատակով ԿԳՄՍ նախարարի հրամանով կազմավորվելու է մրցութային հանձնաժողով ինը հոգուց, այդ թվում՝ երեք ներկայացուցիչ նախարարությունից, երկու ներկայացուցիչ մանկավարժական բուհերից, երկու ներկայացուցիչ ուսուցչական կազմակերպություններից, երկու ներկայացուցիչ ԿԳՄՍ նախարարին կից աշակերտական խորհրդից։ Հանձնաժողովը կազմավորվելու է մրցույթի մասին հայտարարության հրապարակումից առնվազն երեք աշխատանքային օր առաջ։

Ծրագրային առաջարկը գնահատելու է հանձնաժողովի յուրաքանչյուր անդամ, հարյուր միավորային համակարգով։ Ստացած ընդհանուր միավորը հաշվարկվելու է հանձնաժողովի անդամների տրած գնահատականների միջին թվաբանականով։

Ընդգծենք, որ մասնակիցների յուրաքանչյուր խմբի եւ անվանակարգի համար կազմվելու է դասակարգման առանձին ցանկ՝ ըստ ստացած ընդհանուր միավորների նվազման կարգի։

Յուրաքանչյուր փուլում պարգեւատրվելու են առավելագույն միավորներ ստացած ծրագրային առաջարկները յուրաքանչյուր անվանակարգում՝ ելնելով տվյալ փուլում հատկացված միջոցների ընդհանուր ծավալից։

Ավելին՝ armtimes.com-ում


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել