Արցախին նվիրված հայ ռեժիսորի ֆիլմը Մոսկվայի կինոփառատոնում ցուցադրելը ռիսկային են համարել |factor.am|
20:58 - 30 սեպտեմբերի, 2020

Արցախին նվիրված հայ ռեժիսորի ֆիլմը Մոսկվայի կինոփառատոնում ցուցադրելը ռիսկային են համարել |factor.am|

factor.am: Հայ ռեժիսոր Ջիվան Ավետիսյանի «Դրախտի դարպասը» ֆիլմը հանվել է Մոսկվայի միջազգային կինոփառատոնի ոչ մրցութային ծրագրից։ Արցախին նվիրված ֆիլմը ռիսկային է համարվել ցուցադրության համար, հատկապես՝ սահմանային իրավիճակի սրման ֆոնին, գրում է ՏԱՍՍ-ը։

«Ֆիլմն իսկապես արտամրցութային ծրագրում էր, այն նվիրված է Լեռնային Ղարաբաղին: Ռազմական գործողությունների սրման ընթացքում մեզ ռիսկային թվաց այս խնդրի հետ կապված ֆիլմ ցուցադրելը»,- մեկնաբանել է կինոփառատոնի ցուցադրության ծրագրերի ղեկավար Կիրիլ Ռազլոգովը:

Նա ընդգծել է, որ ֆիլմի ստեղծմանը մասնակցել են մի քանի երկրներ, և հավելել, որ այն հեռացվել է ցուցադրությունից հենց թեմայի պատճառով: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում այսօր ռեժիսորի ու կինոլորտի պատասխանատուների հետ կքննարկեն այս ուղղությամբ համատեղ քայլերը։

Այս մասին, հիշեցնենք, իր ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է ԿԳՄՍ փոխնախարար Արա Խզմալյանը։

«Տեղեկացվել ենք, որ ռեժիսոր Ջիվան Ավետիսյանի «Դրախտի դարպասը» ֆիլմը, որ արտադրվել էր Լիտվայի, Գերմանիայի, Բուլղարիայի, Չեխիայի, Իտալիայի և Ավստրիայի հետ համատեղ, հանվել է Մոսկվայի միջազգային կինոփառատոնի ոչ մրցութային ծրագրից: Այսօր ռեժիսորի, կինոլորտի պատասխանատուների հետ քննարկելու ենք այս ուղղությամբ մեր համատեղ քայլերը:

Վստահ ենք, սակայն, որ մերժելի և արատավոր մոտեցում է արվեստի պատեհական քաղաքականացումը, մասնագիտական և գեղարվեստական խնդիրների ու չափանիշների ոտնահարումը՝ ինչ-ինչ շահերից ելնելով: Արդյունքների մասին կտեղեկացնենք լրացուցիչ»,- նշված է գրառման մեջ։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել