ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց ծագման երկրի սերտիֆիկատի առկայության դեպքում ևս ՀՀ-ից մետաղի ջարդոնի արտահանման տուրք սահմանելու օրենքի նախագիծը |lragir.am|
14:27 - 28 հունիսի, 2019

ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց ծագման երկրի սերտիֆիկատի առկայության դեպքում ևս ՀՀ-ից մետաղի ջարդոնի արտահանման տուրք սահմանելու օրենքի նախագիծը |lragir.am|

lragir.am։ ՀՀ կառավարությունն Ազգային ժողովին է ներկայացրել օրենքի նախագիծ, որով առաջարկվում է Հայաստանից մետաղի ջարդոնի արտահանման տուրք սահմանել նաև ծագման երկրի սերտիֆիկատի առկայության դեպքում:

Այս կարգավորումն առաջարկող «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը հունիսի 28-ին պատգամավորներին ներկայացրեց ՀՀ Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը:

«Դեռ տարիներ առաջ տեղական սև մետաղից արտադրանք արտադրելու համար պայմաններ ստեղծելու նպատակով սահմանափակվել է մետաղի ջարդոնը Հայաստանից դուրս բերելու հնարավորությունը, սահմանելով, որ մեկ տոննա մետաղի ջարդոն արտահանելու դեպքում պետք է վճարվի 80 հազար դրամ պետական տուրք:

Մինչև նախորդ տարվա կեսերը օրենքի կարգավորումը ստեղծել էր այնպիսի միջավայր, որ ջարդոնը չէր արտահանվում, գնվում էր տեղական արտադրողների կողմից և օգտագործվում արտադրության նպատակով, սակայն նախորդ տարվա վերջում նկատվեց, որ մի սահմանում թույլ է տալիս արտահանողին պահանջել, որ տուրքը չկիրառվի այն դեպքում, եթե ծագման երկրի սերտիֆիկատով հաստատվում է, որ այդ ջարդոնն ունի հայաստանյան ծագում:

Նախագծով առաջարկվում է չփոխելով տուրքի չափը, հստակեցնել, որ, եթե մի կազմակերպությունն ունի հայաստանյան ծագումը հաստատող փաստաթուղթ, դա չնշանակի, որ պետք է արտահանումը կատարվի առանց տուրք վճարելու: Այսինքն՝ այս փոփոխությամբ տուրք վճարելու պահանջ կսահմանվի նաև այն դեպքում, երբ կա ծագման երկրի սերտիֆիկատ»,- ասաց Խաչատրյանը:

Նախագիծն ընդունվեց 79 կողմ և 1 դեմ ձայնով:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել