Անհրաժեշտ է դադարեցնել կրակը, հետո խոսել խաղաղ գործընթացի մասին. Զոհրաբ Մնացականյան |armenpress.am|
09:38 - 10 հոկտեմբերի, 2020

Անհրաժեշտ է դադարեցնել կրակը, հետո խոսել խաղաղ գործընթացի մասին. Զոհրաբ Մնացականյան |armenpress.am|

armenpress.am:ՀՀ Արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը մանրամասներ է ներկայացրել Մոսկվայում Ադրբեջանի եւ Ռուսաստանի ԱԳ նախարարների հետ շուրջ 11 ժամ ունեցած բանակցություններից: Մնացականյանը Հանրային հեռուստաընկերության «Լուրեր» լրատվականին տված մեկնաբանությունում նշել է, որ գործընթացը բավական բարդ էր:

«Մեզ համար, իհարկե, առաջնային խնդիրն էր, որպեսզի մենք հասնեինք մի իրավիճակի, երբ կկարողանանք վերջ դնել այս ագրեսիային: Ագրեսիան այս պարագայում առանձնահատուկ էր, որովհետեւ Ադրբեջանի գործողությունները համալրված էին բավական բաց եւ ուժգին աջակցությամբ Թուրքիայի կողմից եւ միջազգային ահաբեկչական խմբավորումների ներգրավմամբ: Փաստորեն, մեր հայրենակիցները Լեռնային Ղարաբաղում կռվում էին բավական յուրահատուկ պայմաններում, երբ, բացի Ադրբեջանից կար նման ուժգին հարձակում՝ նման ուժերի ներգրավմամբ»,- ասել է Մնացականյանը:

ՀՀ արտգործնախարարը նշել է, որ տարածաշրջանում իրավիճակը մնում է բավական փխրուն, անհրաժեշտ է հասնել կրակի դադարեցման:

«Տարածաշրջանի եւ առաջին հերթին Լեռնային Ղարաբաղի համար սա դարձել էր բավական լուրջ մարտահրավեր եւ որեւէ առաջընթացի մասին խոսելն առանց ավարտ դնելու, վերջնակետ դնելու այս իրավիճակին, իհարկե, անհնար կլիներ: Բավական երկար բանակցությունների ընթացքում մենք կարողացանք արձանագրել այն է, մեզ անհրաժեշտ է դադարեցնել կրակը, դադարեցնել այս վայրագությունը, այս պատերազմը, ամրագրել, ամրապնդել այս դադարը եւ հետո նոր խոսել խաղաղ գործընթացի մասին եւ նաեւ վերահաստատել, որ Մինսկի խմբի համանախագահությունը մնում է այն միակ ձեւաչափը, որը միջազգայնորեն ճանաչված հարթակն է բանակցությունների եւ խաղաղ գործընթացի համար»,- նշել է նախարարը:

Մնացականյանը հավելել է, որ որեւէ այլ ուժ, մասնավորապես՝ Թուրքիան, այդ առումով որեւէ դերակատարություն չի կարող ունենալ:

«Առաջին խնդիրն այս ճգնաժամն ավարտին հասցնելն է»,- եզրափակել է Մնացականյանը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել