Եթե 1-2 օրվա ընթացքում չզգանք Ադրբեջանի՝ խնդրի խաղաղ լուծման պատրաստակամությունը՝ դիմելու եմ ՀՀ-ին Արցախի անկախության ճանաչման համար. Արայիկ Հարությունյան
11:00 - 11 հոկտեմբերի, 2020

Եթե 1-2 օրվա ընթացքում չզգանք Ադրբեջանի՝ խնդրի խաղաղ լուծման պատրաստակամությունը՝ դիմելու եմ ՀՀ-ին Արցախի անկախության ճանաչման համար. Արայիկ Հարությունյան

Եթե առաջիկա մեկ-երկու օրվա ընթացքում մենք չզգանք Ադրբեջանի պատրաստակամությունը՝ խաղաղ ճանապարհով հարցի լուծման, առաջին հերթին դիմելու եմ ՀՀ իշխանություններին՝ ճանաչելու Արցախի անկախությունը, ապա միջազգային կառույցներին եւ աշխարհի բոլոր երկրներին։ Հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը։

Նախագահը իր խոսքը սկսեց՝ շնորհակալություն հայտնելով Վլադիմիր Պուտինին, խաղաղություն ու կայունություն հաստատելու առումով քայլեր ձեռնարկող միջազգային կառույցներին, լրագրողներին։

«Շնորհակալություն ենք հայտնում ՌԴ իշխանություններին և նախագահ Վlադիմիր Պուտինին այդ առաքելությունը ստանձնելու կապակցությամբ (հումանիտար հրադադար հայտատարելու կոչ անելու համար- խմբ.): Այս համատեքստում նաև կարևոր եմ համարում ՄԽ համանախագահության առումով, որը մնում է միակ միջազգայնորեն ճանաչված ձևաչաձը բանակցությունների և խաղաղ գործընթացի համար: 

Ուզում եմ` շնորհակալություն հայտնենք բոլոր այն միջազգային կառույցներին, երկրներին, որոնք ևս տարբեր ձևաչափերով տարբեր շրջաններում խաղաղություն ու կայունություն հաստատելու առումով քայլեր են ձեռնարկել:

Ուզում եմ շնորհակալություն հայտնել նաև լրագրողներին, որոնց աշխատանքի շնորհիվ քաղաքակիրթ աշխարհը տեղյակ է  Արցախում տեղի ունեցող իրադարձությունների մասին, Արցախի ժողովրդի նկատմամբ վարվող, մարդասիրության կանոններից դուրս, կարելի է անվանել նաև ցեղասպանության մասին մի ժողովրդի նկատմամբ, որն իր երկրում ազատ ապրելու իրավունքի պայքար է սկսել 1988 թվականին»,- ասաց Արայիկ Հարությունյանը։ 

Նախագահն այնուհետև նշեց, որ Հայաստանի իշխանությունների հետ այս փուլում արդեն ոչ թե ներդաշնակ են աշխատում, այլ միասին են իրականացնում կառավարման ու մարտական ամբողջ գործընթացը։ Նա Կարեւորում է վարչապետի դերակատարումը, առնվազն ժամը մեկ կապի մեջ են միմյանց հետ։ ՀՀ իշխանությունները ողջ պրոցեսից տեղեկացված են։

«Այս համախմբվածությունը պետք է շարունակել, դա է լինելու մեր հաղթանակի գրավականը»- ավելացրեց նա։

Արցախի նախագահը նշեց, որ երբ դիմենք միջազգային կառույցներին՝ Արցախի ճանաչման հարցով, կտեսնենք այն երկրների ցանկը, որոնք հարգում են մարդու իրավունքները, միջազգային իրավունքները, եւ աշխարհը կտեսնի այն երկրների ցանկը, որոնք աջակցում են տեռորիզմին։

«Այն պետությունները, որոնք աջակցում են Ադրբեջանին, աջակցում են միջազգային տեռորիզմին։ Նրանց պետք է ցուցակագրել, եւ այդ երկրների ժողովուրդներն էլ պետք է գիտակցնեն իրենց իշխանությունների վարքագիծը, եւ այդ բոլոր իշխանությունները պիտի պատասխան տան մարդկության ու Աստծո առաջ»։ -հայտնեց Հարությունյանը։

Նա ասաց, որ խոնարհվում է առաջնագծում գտնվող մեր հայրենակիցների առաջ․ «Ես հպարտ եմ, որ ձեզ նման հայրենակիցներ ունեմ, սիրելի զինվորներ, մարտական ընկերներ»։

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել