armenpress.am: Ամերիկյան պետությունների կազմակերպության (ԱՊԿ) գլխավոր քարտուղարությունը շարունակելու է հետևել Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը, քանի դեռ չի երաշխավորվել Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը: Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանին ուղղված նամակում գրել է Ամերիկյան պետությունների կազմակերպության (ԱՊԿ) գլխավոր քարտուղար Լուիս Ալմարգոն, որը նա հրապարակել է «Թվիթեր»-ի իր էջում:
«Ես արդեն երկար տարիներ հետևում եմ Արցախի հակամարտությանը և շարունակելու եմ դա անել այնքան ժամանակ, մինչև երաշխավորված չլինի Արցախի ժողովրդի ինքնորոշման սկզբունքը և չտարվեն նպատակաուղղված բանակցություններ: Ինքնորոշման սկզբունքը տվյալ դեպքում վճռորոշ է, որովհետև դա նշանակում է ձեր ժողովրդի քաղաքացիական և քաղաքական իրավունքների լավագույն երաշխիք, ինչպես նաև նրա անկախությունը և ապրելակերպը պահպանելու միակ միջոց»,- իր նամակում նշել է Ալմարգոն:
ԱՊԿ գլխավոր քարտուղարին խիստ անհանգստացնում է այն փաստը, որ Թուրքիայի աջակցությամբ Ադրբեջանի ռազմական հզորության ավելացումը` ագրեսիայի միակողմանի մրցավազք է դարձրել:
«Մենք վերահաստատում ենք մեր կոչը ռազմական գործողությունների անհապաղ դադարեցման վերաբերյալ, որոնք զինված հակամարտությունների կարգավորման միջազգային նորմերի կոպիտ խախտում են: Դա ինքնին բանակցային գործընթացի սկզբունքների կոպիտ խախտում է: Խաղաղությունն ու կայունությունը Արցախում և Կովկասում մեր ընդհանուր շահերն են, ուստի մենք շարունակելու ենք աջակցել բոլոր այն ջանքերին, որոնք հանգեցնում են հակամարտության խաղաղ կարգավորմանը, ինչպես նաև Արցախում հայերի ինքնորոշման սկզբունքի բացարձակ հարգմանը»,- գրել է Ալմարգոն:
comment.count (0)