hetq.am: Հայաստանի արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանը կարևորում է ԱՄՆ-ի ջանքերը Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներին մեկ սեղանի շուրջ հրավիրելու առնչությամբ: Այս մասին խորհրդարանում հոկտեմբերի 20-ին լրագրողների հետ զրույցում ասաց փոխնախարարը:
Հիշեցնենք, որ ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն հոկտեմբերի 23-ին Վաշինգտոնում առանձին հանդիպումներ է ունենալու Հայաստանի արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի և Ադրբեջանի արտաքին գործեր նախարար Ջեյհուն Բայրամովի հետ, չի բացառվում նաև ԱԳ նախարարների հանդիպման հնարավորությունը:
«Շատ կարևոր է այն առումով, քանի որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներից մինչ այժմ առավել ակտիվ է Ռուսաստանը: Հրադադարի հաստատման երկրորդ փորձն առաջ էր տարել ֆրանսիական կողմը, հիմա ամերիկյան կողմի միանալը շատ կարևոր է: Տվյալ պարագայում օրակարգում մեկ հարց է` ոչ միայն հրադադար հայտարարվի, այլև պաշտպանվի, և պատահական չէ, որ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի փակ նիստում հենց այդ հարցը քննարկվել է` հրադադարը պետք է երաշխավորված լինի»,- ասաց Քոչարյանը:
Հարցին, թե արդյոք Հայաստանը գոհ է միջազգային կառույցների արձագանքից, փոխնախարարը պատասխանեց` ոչ բոլոր արձագանքներն են գոհացուցիչ, սակայն կարևոր է նաև, որ Հայաստանի դիրքորոշումը ևս հստակ արտահայտվի: ԱԳ փոխնախարարի խոսքով` բավարար չի կարելի համարել այն արձագանքները, որոնք Արցախը դիտարկում են որպես տարածք, որի բնակչությունը չի կարողանում օգտվել տարրական մարդկային իրավունքներից միայն այն պատճառով, որ երկիրը միջազգայնորեն ճանաչված չէ:
Ավելին կարդացեք Hetq.am-ում
comment.count (0)