ՄԱԿ-ի ԱԽ անդամ պետությունը տապալել է Արցախի հարցով նախատեսվող հայտարարությունը. ԱԳ փոխնախարար |armenpress.am|
20:11 - 05 նոյեմբերի, 2020

ՄԱԿ-ի ԱԽ անդամ պետությունը տապալել է Արցախի հարցով նախատեսվող հայտարարությունը. ԱԳ փոխնախարար |armenpress.am|

armenpress.am:  ՄԱԿ-ը միակ կազմակերպությունն է, որն անվտանգության խորհրդի որոշմամբ Արցախի պատերազմի հարցով ուղղակի միջամտելու լիազորություն ունի, սակայն վերջերս անվտանգության խորհրդի մշտական անդամ պետություններից մեկը տապալել է մի կարևոր հայտարարություն, որը պետք է արվեր փակ նիստի արդյունքում: Այս մասին ասաց արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանն՝ ԱԺ մշտական հանձնաժողովներում 2021-ի բյուջեի նախագծի քննարկմանը՝ անդրադառնալով ԲՀԿ-ից Միքայել Մելքումյանի հարցին:

«Որևէ միազգային կազմակերպություն՝ բացառությամբ ՄԱԿ-ի, ուղղակի միջամտելու լիազորություն չունի, միայն ՄԱԿ-ն է, ու դրա համար անհրաժեշտ է Անվտանգության խորհրդի որոշում, որը կարող է լինել տարբերակված, կարող են լինել տնտեսական սանկցիաներ, կարող է լինել ընդհուպ մինչև ուժի կիրառում»,-ասաց Քոչարյանը:

Նրա խոսքով՝ դրա համար անհրաժեշտ է, որ ՄԱԿ-ի մշտական անդամներից (5 անդամ) ոչ մեկն առնվազն վետո չդնի, և ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում, որտեղ կան ևս 9 ոչ մշտական անդամներ, այդ որոշումն անցնի:

«Որ դա շատ բարդ գործընթաց է, կարող ենք դատել այն հանգամանքից, որ երբ սկսվեց ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի փակ քննարկում, համանախագահ երկրները, որոնք նաև ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի մշտական անդամ են՝ Ռուսաստան, ԱՄՆ, Ֆրանսիա, ներկայացրին շատ հավասարակշռված մոտեցում, որը հետո պետք է փակ քննարկման արդյունքում հնչեցներ նախագահողը: Այդ պարագայում նախագահությունը Ռուսաստանինն էր: Այնքան հավասարակշռված էր, խոսքը վերաբերվում էր կրակի դադարեցմանը, նրան, որ երրորդ կողմերը չմիջամտեն, խոսքը վերաբերվում էր նրան, որ անընդունելի է, որ ահաբեկիչները հայտնվում են այս հակամարտության մեջ: Եղավ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի մշտական անդամ պետություն, որն, ըստ էության, տապալեց դա»,-ասաց փոխնախարարն ու հավելեց, որ արդյունքը եղավ այն, որ  լսեցին շատ անհասկանալի ձևակերպում, որը հնչեցրեց այդ ժամանակվա նախագահողը՝ Ռուսաստանի ներկայացուցիչը, որն ընդամենը կոչ էր հրադադարը հաստատելու, ոչ ավելին:

Միավորված ազգերի կազմակերպության Անվտանգության խորհուրդը հոկտեմբերին փակ նիստով քննարկել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում կրակի դադարեցման ռեժիմի նկատմամբ վերահսկողության ապահովման անհրաժեշտությունը: Արդյունքում արվել է հայտարարություն:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել