Շավարշ Քոչարյանը (ապրիլի 3, 1948, Երեւան) ՀՀ Արտաքին գործերի նախարարի նախկին տեղակալն է։ Եղել է ՀՀ Գերագույն խորհրդի, ՀՀ Ազգային ժողովի 1-ին, 2-րդ եւ 3-րդ գումարումների պատգամավոր։ Կենսաբանական գիտությունների թեկնածու է, դոցենտ:
1971թ. ավարտել է Երեւանի Պոլիտեխնիկական ինստիտուտի Տեխնիկական կիբեռնետիկայի ֆակուլտետը` ինժեներ-մաթեմատիկոսի մասնագիտությամբ, 1975-ին՝ Գենետիկայի Համամիութենական Գիտահետազոտական ինստիտուտի ասպիրանտուրան (ք. Մոսկվա)՝ գենետիկի մասնագիտությամբ:
1990, 1995, 1999 եւ 2003 թվականներին ընտրվել է ՀՀ Ազգային Ժողովի պատգամավոր: 1990 - 1995թթ. եղել է ԱԺ «Ազգային ժողովրդավարներ» պատգամավորական խմբի նախագահ: 1995 - 1999թթ.՝ ԱԺ Ազգային ժողովրդավարական միության (ԱԺՄ) խմբակցության քարտուղար: 1992 - 1995թթ. եւ 1999 - 2003թթ. եղել է ԱՊՀ խորհրդարանական վեհաժողովում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ: 1999 - 2003թթ.՝ ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ: 2003 - 2005թթ. ԵԽ Խորհրդարանական վեհաժողովում եղել է ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ։ 2008թ. սեպտեմբերի 13-ին ՀՀ նախագահի հրամանագրով նշանակվել է Հայաստանի ԱԳ նախարարի տեղակալ: 2011թ.-ից Երեւանի պետական համալսարանի միջազգային հարաբերությունների եւ դիվանագիտության ամբիոնի դոցենտ է: 2018թ. հունիսի 8-ին ՀՀ վարչապետի որոշմամբ վերանշանակվել է ԱԳ նախարարի տեղակալ։
2020 թվականի նոյեմբերի 17-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Շավարշ Քոչարյանն ազատվել է արտաքին գործերի նախարարի տեղակալի պաշտոնից։