Արցախի խորհրդարանի 4 կուսակցություններ պահանջում են Արայիկ Հարությունյանի հրաժարականը
21:19 - 10 նոյեմբերի, 2020

Արցախի խորհրդարանի 4 կուսակցություններ պահանջում են Արայիկ Հարությունյանի հրաժարականը

Հայաստանի Հանրապետության քաղաքական իշխանությունից, մեր ժողովրդի համար ճակատագրական այս օրերին, սեփական իշխանությունը պահելու նպատակով եւ սխալները ուրիշի վրա բարդելու փոխարեն, անհապաղ դադարեցնել ժողովրդի միասնականությունը խաթարող ցանկացած գործողություն, զերծ մնալ երկրում ներքին թշնամու փնտրտուքներից: Այս մասին հայտարարություն են տարածել Արցախի Հանրապետության Ազգային Ժողովի կուսակցությունները։

Հայտարարության մեջ, մասնավորապես, ասվում է.

«Սիրելի հայ ժողովուրդ,

2020 թվականի սեպտեմբերի 27-ից Արցախի Հանրապետության հանդեպ Ադրբեջանի կողմից ձեռնարկված հերթական լայնամասշտաբ պատերազմը, որ ծավալվել է Թուրքիայի եւ ահաբեկչական խմբավորումների հետ կապված այլ պետությունների եւ շրջանակների բացահայտ ու ակտիվ մասնակցությամբ՝ վերջին մի քանի օրերին ձեռք է բերել դրամատիկ զարգացումների ընթացք: Արցախի եւ Ադրբեջանի միջեւ սահմանի ողջ երկայնքով, 45 օր շարունակ ընթանում են ծանր մարտեր:

Ցավոք, Արցախի Հանրապետության եւ Հայաստանի Հանրապետության գործող քաղաքական իշխանությունները, որ հիմնական պատասխանատուն եւ երաշխավորն են մեր ժողովրդի անվտանգության եւ պաշտպանվածության, ճգնաժամային իրավիճակում ունակ չեղան համախմբելու համազգային ներուժը եւ չկարողացան լիարժեք օգտագործել քաղաքական ու դիվանագիտական այն հնարավորությունները, որոնք կարող էին նվազեցնել, կամ կանխել վերահաս աղետը: Երեկ գիշերը մամուլում հրապարակված եռակողմ հայտարարության դրույթները լրջորեն վտանգում են Արցախի Հանրապետության պետական անկախության եւ տարածքային ամբողջականության սկզբունքները:

Ելնելով ներկայիս օրհասական վիճակի թելադրանքից՝ առաջարկում եւ պահանջում ենք.

– Հայաստանի Հանրապետության քաղաքական իշխանությունից, մեր ժողովրդի համար ճակատագրական այս օրերին, սեփական իշխանությունը պահելու նպատակով եւ սխալները ուրիշի վրա բարդելու փոխարեն, անհապաղ դադարեցնել ժողովրդի միասնականությունը խաթարող ցանկացած գործողություն, զերծ մնալ երկրում ներքին թշնամու փնտրտուքներից:

– Արցախի Հանրապետության նախագահի հրաժարականը, որին պետք է հետեւի ճգնաժամային կառավարման արդյունավետ եւ համարժեք մարմինների ստեղծումը. դրանք պետք է ունենան համապատասխան իրավասություններ համախմբելու համազգային ներուժը եւ ընդունելու ստեղծված իրավիճակից արժանապատվորեն դուրս գալու որոշումներ:

Մեր աջակցություն ենք հայտնում ՀՀ վարչապետի հրաժարականի պահանջով հանդես եկած  Հայաստանի Հանրապետության 17 քաղաքական ուժերին՝ համարելով, որ այդ գործընթացը կարող է նոր հնարավորությունների սկիզբ դառնալ:

Սիրելի քույրեր եւ եղբայրներ

Խոնարհվելով այս օրերին հայրենիքի պաշտպանության համար հերոսաբար զոհվածների հիշատակի առջեւ եւ կիսելով նրանց հարազատների խորը վիշտը, շուտափույթ ապաքինում մաղթելով բոլոր վիրավորներին, բարձր գնահատելով պատերազմական իրավիճակում Հայոց բանակի, կամավորականների եւ աշխարհազորայինների անձնուրաց նվիրումը հայրենիքի պաշտպանության գործին՝ կոչ ենք անում հայկական երկու հանրապետությունների բոլոր քաղաքացիներին եւ աշխարհասփյուռ հայությանը չհուսահատվել եւ հայրենիքի պաշտպանության գործը դարձնել օրվա գլխավոր հրամայականը:

ք. Ստեփանակերտ

10 նոյեմբերի 2020թ.

Արցախի Հանրապետության Ազգային Ժողովի՝

«Արցախի ժողովրդավարական կուսակցութուն» խմբակցություն

«Հայ հեղափոխական դաշնակցություն» խմբակցություն

«Արցախի Արդարություն կուսակցություն» խմբակցություն,

«Միասնական Հայրենիք» խմբակցություն»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել