Հանրային խորհրդի անդամները մտքեր են փոխանակել ներքաղաքական իրավիճակի և դրա հնարավոր ընթացքի վերաբերյալ
14:22 - 20 նոյեմբերի, 2020

Հանրային խորհրդի անդամները մտքեր են փոխանակել ներքաղաքական իրավիճակի և դրա հնարավոր ընթացքի վերաբերյալ

Սեպտեմբերի 27-ից սանձազերծված պատերազմի առաջին օրերից ձևավորվել է Հանրային խորհրդի օպերատիվ շտաբ, որն իրավիճակից բխող մի շարք գործառույթների իրականացմամբ՝ խնդիր էր դրել նպաստել տեղեկատվական քաղաքականությանը, դիվանագիտական աշխատանքներին և միջազգային կառույցների հետ արդյունավետ երկխոսության հաստատմանը: Ըստ այդմ՝ հրապարակվել են կոչ-ուղերձներ, կազմակերպվել հանդիպումներ, քննարկումներ և հեռախոսազրույցներ տարբեր կառույցների և փորձագիտական խմբերի հետ: Այս մասին հայտնում են Հանրային խորհրդից։

Նոյեմբերի 19-ին տեղի ունեցավ օպերատիվ շտաբի արտահերթ ևս մեկ նիստ, որի ընթացքում ամփոփվեցին իրականացված աշխատանքները, Հանրային խորհրդի անդամները մտքեր փոխանակեցին պատերազմի ընթացքի և հանգուցալուծման, ներքաղաքական իրավիճակի և դրա հնարավոր ընթացքի վերաբերյալ: Այս համատեքստում ընդգծվել են այն հիմնական անելիքներն ու պատասխանատվության բաժինը, որ կարող է ստանձնել Հանրային խորհուրդը՝ բացառելու ներքաղաքական իրավիճակի լարումն ու ազդելու քաղաքականությունների մշակման գործընթացի վրա՝ ամբողջ ծավալով իրացնելով օրենսդրությամբ լիազորված խորհրդատվական գործառույթն ու հանրային շահերի վերհանման հանձնառությունը:

Հակիրճ դիտարկելով նախապատերազմյան շրջանի բոլոր բացերը՝ Խորհրդի անդամներն ընդհանուր գծերով համակարծիք էին բարձրացված մի շարք հարցերի շուրջ, որոնց վերաբերյալ կարճ ժամկետներում գրավոր կերպով կիրազեկվեն նաև համապատասխան պետական կառույցները: Դրանք են.

2021 թ.-ի ՀՀ բյուջեի նախագծի շուրջ դիտարկումները, համաձայն որոնց՝ նախագիծն ամբողջովին պահպանողական է, չի արտացոլում ՀՀ-ում ստեղծված նոր իրողությունները, առկա ռիսկերն ու հնարավոր խնդիրները: Ինչպես նաև, ներկայացված նախագիծը չի ներառում զարգացման ու առաջընթացի տեսանելի կոմպոնենտներ:

Պետական կառավարման համակարգում կադրային քաղաքականությունն արդյունավետ չէ, նշանակումների հարցում կա որոշակի անհստակություն, որևէ պաշտոնում որևէ անձի նշանակում չի հիմնավորվում, ազատման դեպքում ևս հասկանալի չեն դրդապատճառները: Հանրային խորհրդի անդամներն անհրաժեշտություն են տեսնում պետական այլ կառույցների հետ համագործակցությամբ՝ մշակել մեխանիզմներ և օբյեկտիվ որոշումների կայացման նախադրյալներ՝ այս գործընթացներն առավել պարզ և թափանցիկ դարձնելու նպատակով:

Պետական կառույցների ու ինստիտուտների, առանձին պաշտոնյաների արդյունավետ, համակարգված և փոխլրացնող աշխատանքն ապահովելու նպատակով՝ քաղաքական ղեկավարության համար անհրաժեշտ է որդեգրել նոր սկզբունքներ, որոնք կարող են հիմնովին փոխել իրավիճակը պետական կառավարման համակարգում, որովհետև առանձին անձանց փոփոխությամբ իրավիճակը չի կարող շտկվել, եթե քաղաքական գիծը մնում է անփոփոխ:

Պետք է վերանայվի քաղաքական իշխանության հաղորդակցության ձևը հանրության հետ՝ հասնելու հանրային համերաշխության, համախմբվելու պրոֆեսիոնալ մասնագետների շուրջ՝ հանրությանն ուղղելով լավագույն որակները կարևորող և արժևորող ուղերձներ և հաղորդագրություններ:

Բարձրաձայնված խնդիրների հնարավոր լուծումներն առաջադրող նամակները համապատասխան կառույցներին հասցեագրելուց հետո Հանրային խորհուրդը կնախաձեռնի նաև մի շարք քննարկումներ՝ նպատակ ունենալով վեր հանել լայն հանրության մոտեցումներն ու դիրքորոշումը ստեղծված իրավիճակի և հետագա անելիքների վերաբերյալ:

Հանդիպմանը ներկա էր նաև քանդակագործ Վիգեն Ավետիսը, ով խորհրդին ներկայացրեց Շուշիում մնացած աշխատանքները տեղափոխելու և դրանով այդ հավաքածուն փրկելու անհրաժեշտությունը, ինչն իրականացնելու համար առկա խոչընդոտները հարթելու հարցում գործուն աջակցություն կցուցաբերի նաև ՀՀ Հանրային խորհուրդը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել