Նոյեմբերի լույս 10-ի գիշերը զանգվածային անկարգություններ կատարելու և Մանե Գևորգյանին քաշքշելու մեջ մեղադրվող Պերպերյանը չի կալանավորվի. դատարանը մերժել է քննիչի միջնորդությունը |pastinfo.am|
22:09 - 25 նոյեմբերի, 2020

Նոյեմբերի լույս 10-ի գիշերը զանգվածային անկարգություններ կատարելու և Մանե Գևորգյանին քաշքշելու մեջ մեղադրվող Պերպերյանը չի կալանավորվի. դատարանը մերժել է քննիչի միջնորդությունը |pastinfo.am|

pastinfo.am: Նոյեմբերի 9-ի լույս 10-ի գիշերը Նիկոլ Փաշինյանի կողմից կապիտուլյացիոն հայտարարության ստորագրումից հետո զանգվածային անկարգությունների ժամանակ վարչապետի խոսնակ Մանե Գևորգյանի նկատմամբ բռնի գործողություններ իրականացնելու մեջ մեղադրվող երիտասարդը չի կալանավորվի։ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Կարեն Ֆարխոյանի նախագահությամբ, մերժել է Հակոբ Պերպերյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին քննիչի միջնորդությունը։

Փաստաբան Ֆրեդ Սարգսյանը  ասաց, որ իր պաշտպանյալը նոյեմբերի 18-ից ձերբակալված է եղել, նոյեմբերի 21-ին ձերբակալման ժամկետը լրանում էր, նույն օրը քննվում էր կալանավորման միջնորդությունը, որի քննությունը շարունակվել է այսօր եւ այսօր մերժվել։

Պաշտպանը դեռևս չի ծանոթացել դատական ակտին, սակայն պաշտպանական կողմից վիճարկվել են հիմնավոր կասկածը, կալանավորման հիմքերը։

«Մեղսագրվում են զանգվածային անկարգություններ, որոնք իրականացվել են բռնության գործադրմամբ։ Այնտեղ դրվագ կա՝ կապված վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանի վրա թքելու հետ։ Մենք հերքել ենք ամբողջովին առնչությունը, քանի որ ներկայացված նյութերով բացարձակապես ոչինչ չի հիմնավորվում և ընդհանրապես իմ պաշտպանյալի՝ այնտեղ լինելու մասին որևէ փաստական հանգամանք այս փուլում ներկայացված չի եղել։ Դրա հիման վրա մեր առարկությունները շարադրել ենք, վիճարկել ենք ներկայացված փաստական հանգամանքները, քննիչի կողմից դիրքորոշումը, մտավախությունն ազատության մեջ գտնվելու պարագայում պաշտպանյալիս կողմից հետագա կատարվելիք գործողությունների մասով»,- ասաց նա՝ հավելելով, որ այսօր դատարանը մերժել է միջնորդությունը և իր պաշտպանյալը կմնա ազատության մեջ։

Պաշտպանը տեղեկացրեց, որ Պերպերյանը որևէ դիրքորոշում չի հայտնել առաջադրված մեղադրանքի վերաբերյալ, ցուցմունք չի տվել, սակայն առաջադրված մեղադրանքը չի ընդունում։

Նրա խոսքով՝ անձին այդ հոդվածով մեղադրանք առաջադրելու հիմք չկա, քրեական գործն ամբողջությամբ անհիմն է։

Պաշտպանը նախաքննական գաղտնիքից ելնելով չմանրամասնեց, սակայն նշեց, որ որպես բռնություն դիտարկվել է այն հանգամանքը, որ որևէ անձ, ըստ տեսագրության, մուտք է գործում, այնտեղ կանգնած է վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը, թքում է մի քանի անգամ վերջինիս վրա և հեռանում է, շարունակում իր գործողությունները։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել