armenpress.am: Հայաստանի Հանրապետության վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանն անդրադարձել է կառավարության շենքի դիմաց Խծաբերդում գերեվարված շիրակցի զինվորների հարազատների նստացույցին և պատասխանել հարցին՝ արդյոք վարչապետը պատրաստվո՞ւմ է ընդունել նրանց: Մանե Գևորգյանը նշում է՝ Գերեվարվածների հարազատները գիտեն, որ վարչապետի հետ պարբերաբար հանդիպումներ ունենալու հնարավորություն ունեն եւ դրա համար առկա է կոնկրետ մեխանիզմ:
Հարց- Խծաբերդում գերեվարված շիրակցի զինվորների հարազատները կառավարության դիմաց նստացույց են հայտարարել եւ հանդիպում են պահանջում վարչապետից: Արդյո՞ք վարչապետը պատրաստվում է ընդունել նրանց:
Պատասխան - Վարչապետը Խծաբերդում գերեվարված զինվորների հարազատների հետ վերջին 9 ամիսներին հանդիպել է 9 անգամ, այդ թվում՝ երկու անգամ Շիրակի մարզում: Նման վերջին հանդիպումը տեղի է ունեցել հուլիսի 23-ին: Վարչապետը գերեվարվածների հարազատների հետ վերջին 9 ամսում տասնյակ հանդիպումներ է ունեցել: Ընդ որում, եղել են հանդիպումներ, որոնք տեղի են ունեցել առանց ժամային սահմանափակումների:
Վարչապետը բոլոր այդ հանդիպումներում գերեվարված զինվորների հարազատներին ներկայացրել է առկա ողջ տեղեկատվությունը եւ ասել, որ մշտապես պատրաստ է նրանց հետ կիսել տեղեկատվությունը, այդ թվում՝ հանդիպումների միջոցով:
Գերեվարվածների հարազատները գիտեն, որ վարչապետի հետ պարբերաբար հանդիպումներ ունենալու հնարավորություն ունեն եւ դրա համար առկա է կոնկրետ մեխանիզմ: Այս պայմաններում նստացույցի միջոցով վարչապետից հանդիպում պահանջելու գործելակերպը տարակուսանքի տեղիք է տալիս որքան էլ մեր գերեվարված զինվորների հարազատների վիճակը հասկանալի է:
Հարկ է նշել, որ Խծաբերդում գերեվարվածների հարազատները բազմիցս հանդիպումներ են ունեցել նաեւ ԱԱԾ տնօրենի, Շիրակի մարզպետի հետ:
Վերջին 9 ամիսներին Խծաբերդում գերեվարված 24 զինվորներ վերադարձվել են հայրենիք: Նոյեմբերի 9-ից հետո Հայաստան է վերադարձվել 104 գերեվարված անձ: Հայաստանի Հանրապետության կառավարությունը դատապարտում է հայ ռազմագերիներին, պատանդներին, այլ պահվող անձանց շինծու մեղադրանքներով ազատազրկման դատապարտելու Ադրբեջանի գործելակերպը եւ շարունակում է մեր գերեվարված հայրենակիցների վերադարձի ուղղությամբ ջանքեր գործադրել:
comment.count (0)