Մանե Գևորգյան

Մանե Գևորգյանը 2020թ․ մարտից մինչև 2021թ․ նոյեմբեր եղել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի քարտուղարը։

Գևորգյանը եղել է Ագրոբիզնեսի ուսուցման կենտրոն (ICARE)` հետազոտող, նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանի օգնականը, «Սիվիլիթաս» հիմնադրամի գլխավոր պրոդյուսեր, «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության միջազգային լրատվամիջոցների հետ կապերի համակարգող:

Մանե Գևորգյանն ազատվել է վարչապետի մամուլի խոսնակի պաշտոնից

Մանե Գևորգյանն ազատվել է վարչապետի մամուլի խոսնակի պաշտոնից

ՀՀ վարչապետի որոշմամբ Մանե Գևորգյանն ազատվել է վարչապետի մամուլի խոսնակի պաշտոնից։ «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 10-րդ մասով՝ Մանե Գևորգյանին ազատել վարչապետի մամուլի քարտուղարի պաշտոնից»,- նշված է որոշման մեջ։ «Սիրելի ընկերներ, դիմումիս համաձայն՝ ազատվել եմ վարչապետի մամուլի քարտուղարի պաշտոնից։ Շնորհակալ եմ վարչապետին, կառավարության աշխատակազմին համատեղ աշխատանքի համար։ Վարչապետի մամուլի քարտուղարի պարտականությունները կատարելու ընթացքը լի էր Հայաստանին բաժին հասած դժվարություններով, չնայած ամենին՝ փորձել եմ հավատարիմ մնալ այն արժեքներին, որոնք դրվել էին 2018-ի հեղափոխության հիմքում։ Ներողություն եմ հայցում բոլոր նրանցից, որոնց հույսերը չեմ արդարացրել այս պաշտոնում։ Շնորհակալ եմ նաեւ լրագրողներին՝ արդյունավետ համագործակցության համար»,- իր ֆեյսբուքյան էջում գրել է Մանե Գևորգյանը։ Նշենք, որ Գևորգյանն այս պաշտոնում նշանակվել էր 2020 թվականի մարտին: Մինչ այս նա եղել է Ագրոբիզնեսի ուսուցման կենտրոն (ICARE)` հետազոտող, նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանի օգնականը, «Սիվիլիթաս» հիմնադրամի գլխավոր պրոդյուսեր, «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության միջազգային լրատվամիջոցների հետ կապերի համակարգող:
12:06 - 09 նոյեմբերի, 2021
Այս պահի դրությամբ ՀՀ-ի և Թուրքիայի միջեւ որեւէ շփում տեղի չի ունեցել. Մանե Գևորգյան |armenpress.am|

Այս պահի դրությամբ ՀՀ-ի և Թուրքիայի միջեւ որեւէ շփում տեղի չի ունեցել. Մանե Գևորգյան |armenpress.am|

armenpress.am: Հայաստանի Հանրապետության վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանն անդրադարձել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի այն հայտարարությանը, թե վարչապետ Նիկոլ Փաշինյանը Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլի միջոցով իրեն հանդիպման առաջարկ է արել: Մանե Գևորգյանը նշում է, որ Թուրքիայի հետ խոսակցության մեկնարկի՝ իր պատկերացումների մասին վարչապետը խոսել է ԱԺ-կառավարություն վերջին հարցուպատասխանի ընթացքում՝ ասելով, որ կարծում է՝ բարձր մակարդակի շփումներին պետք նախորդեն աշխատանքային քննարկումներ, եւ միջազգային գործընկերներին նույնպես այս պատկերացումն է ներկայացնում: Թեմայի վերաբերյալ հարցերին վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանի պատասխանները. Հարց – Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, թե ՀՀ վարչապետը Վրաստանի վարչապետի միջոցով իրեն հանդիպման առաջարկ է արել, ի՞նչ կասեք այս մասին: Պատասխան – Վարչապետ Փաշինյանն իր բոլոր միջազգային շփումներում գործընկերներին ներկայացնում է կառավարության ծրագրում արձանագրված՝ Հայաստանի եւ տարածաշրջանի համար խաղաղ զարգացման դարաշրջան բացելու տեսլականը եւ արտահայտում է այդ ուղղությամբ ջանքեր գործադրելու Հայաստանի կառավարության պատրաստակամությունը: Թուրքիայի հետ խոսակցության մեկնարկի իր պատկերացումների մասին վարչապետը խոսել է ԱԺ-կառավարություն վերջին հարցուպատասխանի ընթացքում, ասելով, որ կարծում է, որ բարձր մակարդակի շփումներին պետք նախորդեն աշխատանքային քննարկումներ եւ միջազգային գործընկերներին նույնպես այս պատկերացումն է ներկայացնում: Այս պահի դրությամբ Հայաստանի եւ Թուրքիայի պաշտոնյաների միջեւ որեւէ շփում տեղի չի ունեցել, չնայած Հայաստանի կառավարությունը պատրաստ է նման շփումների: Այսպիսի արդյունավետ աշխատանքի պարագայում՝ Հայաստանը պատրաստ կլինի նաեւ բարձր եւ բարձրագույն մակարդակով հանդիպումների: Հարց – Թուրքիայի նախագահը կրկին խոսել է Հայաստանի տարածքով միջանցք բացելու խնդրի մասին, ասելով, որ դա քաղաքական հարց է: Ինչպե՞ս կմեկնաբանեք: Պատասխան - Վարչապետ Փաշինյանը բազմիցս արտահայտվել է այդ կապակցությամբ: Հայաստանը կարեւորում է նոյեմբերի 9-ի եւ հունվարի 11-ի հայտարարություններում արձանագրված պայմանավորվածությունների ճշգրիտ իրագործումը: Կոմունիկացիաների բացումը բացառիկ կարեւոր նշանակություն ունի տարածաշրջանում երկարատեւ խաղաղություն ու կայունություն հաստատելու, տարածաշրջանում ցավալիորեն առկա թշնամանքի մթնոլորտը հաղթահարելու համար եւ Հայաստանը վճռական է այդ ուղղությամբ առաջ շարժվելու և արդյունքներ արձանագրելու գործում: Որոշ հայտարարություններում կոմունիկացիաների վերաբացման թեման վերափոխվում է եւ ստանում տարածաշրջանային մեկուսացման պահպանման տրամաբանություն: Միջանցքների մասին խոսակցությունը հենց այսպիսին է եւ հակասում է տարածաշրջանում խաղաղություն եւ կայունություն հաստատելու, թշնամանքի մթնոլորտը հաղթահարելու տրամաբանությանը: Այն նպատակ ունի ոչ միայն մեկուսացած պահել տարածաշրջանի պետությունները եւ ժողովուրդներին, այլեւ այդ մեկուսացմանը անշրջելի տեսք տալ: Բայց կան նաեւ տարածաշրջանային կոմունիկացիաները բացելու այնպիսի տարբերակներ, որոնք ընդգծում են տարածաշրջանային փոխկապակցվածությունը եւ թշնամության մթնոլորտի քայլ-առ-քայլ հաղթահարման իրական միջոց կարող են դառնալ: Հայաստանի կառավարությունը հենց նման տարբերակի կողմնակից է եւ հենց այդ տարբերակն է նկարագրված նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 9-րդ կետում եւ հունվարի 11-ի եռակողմ հայտարարության մեջ: Հարց – Ստեղծված պայմաններով որքանո՞վ եք իրատեսական եւ համարժեք համարում տարածաշրջանի համար խաղաղ զարգացման դարաշրջան բացելու օրակարգը: Պատասխան - Ցավոք, գրեթե ամեն օր տեղի են ունենում իրադարձություններ, որոնց նպատակը խաղաղության օրակարգը դելեգիտիմիզացիայի ենթարկելն է, թշնամության մթնոլորտը ոչ միայն խորացնելը այլեւ այն առավել համակարգված դարձնելը: Այս եւ մյուս քայլերն արվում են ի ցույց դնելու խաղաղության անհնարինությունը մեր տարածաշրջանում, բայց Հայաստանի կառավարությունը հետեւողականորեն առաջ է տանելու այդ օրակարգը՝ մեր տարածաշրջանի համար խաղաղության դարաշրջան բացելու բոլոր հնարավորությունները օգտագործելով եւ նոր հնարավորություններ ստեղծելով: Վարչապետ Փաշինյանը բազմիցս է նշել, որ այս ճանապարհին մեզ ամուր նյարդեր են պետք եւ արագ ու հեշտ լուծումներ գոյություն չունեն:
12:35 - 20 սեպտեմբերի, 2021
Գերիների հարազատները գիտեն, որ վարչապետի հետ պարբերաբար հանդիպումներ ունենալու հնարավորություն ունեն. Մանե Գևորգյան |armenpress.am|

Գերիների հարազատները գիտեն, որ վարչապետի հետ պարբերաբար հանդիպումներ ունենալու հնարավորություն ունեն. Մանե Գևորգյան |armenpress.am|

armenpress.am: Հայաստանի Հանրապետության վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանն անդրադարձել է կառավարության շենքի դիմաց Խծաբերդում գերեվարված շիրակցի զինվորների հարազատների նստացույցին և պատասխանել հարցին՝ արդյոք վարչապետը պատրաստվո՞ւմ է ընդունել նրանց: Մանե Գևորգյանը նշում է՝ Գերեվարվածների հարազատները գիտեն, որ վարչապետի հետ պարբերաբար հանդիպումներ ունենալու հնարավորություն ունեն եւ դրա համար առկա է կոնկրետ մեխանիզմ: Հարց- Խծաբերդում գերեվարված շիրակցի զինվորների հարազատները կառավարության դիմաց նստացույց են հայտարարել եւ հանդիպում են պահանջում վարչապետից: Արդյո՞ք վարչապետը պատրաստվում է ընդունել նրանց: Պատասխան - Վարչապետը Խծաբերդում գերեվարված զինվորների հարազատների հետ վերջին 9 ամիսներին հանդիպել է 9 անգամ, այդ թվում՝ երկու անգամ Շիրակի մարզում: Նման վերջին հանդիպումը տեղի է ունեցել հուլիսի 23-ին: Վարչապետը գերեվարվածների հարազատների հետ վերջին 9 ամսում տասնյակ հանդիպումներ է ունեցել: Ընդ որում, եղել են հանդիպումներ, որոնք տեղի են ունեցել առանց ժամային սահմանափակումների: Վարչապետը բոլոր այդ հանդիպումներում գերեվարված զինվորների հարազատներին ներկայացրել է առկա ողջ տեղեկատվությունը եւ ասել, որ մշտապես պատրաստ է նրանց հետ կիսել տեղեկատվությունը, այդ թվում՝ հանդիպումների միջոցով: Գերեվարվածների հարազատները գիտեն, որ վարչապետի հետ պարբերաբար հանդիպումներ ունենալու հնարավորություն ունեն եւ դրա համար առկա է կոնկրետ մեխանիզմ: Այս պայմաններում նստացույցի միջոցով վարչապետից հանդիպում պահանջելու գործելակերպը տարակուսանքի տեղիք է տալիս որքան էլ մեր գերեվարված զինվորների հարազատների վիճակը հասկանալի է: Հարկ է նշել, որ Խծաբերդում գերեվարվածների հարազատները բազմիցս հանդիպումներ են ունեցել նաեւ ԱԱԾ տնօրենի, Շիրակի մարզպետի հետ: Վերջին 9 ամիսներին Խծաբերդում գերեվարված 24 զինվորներ վերադարձվել են հայրենիք: Նոյեմբերի 9-ից հետո Հայաստան է վերադարձվել 104 գերեվարված անձ: Հայաստանի Հանրապետության կառավարությունը դատապարտում է հայ ռազմագերիներին, պատանդներին, այլ պահվող անձանց շինծու մեղադրանքներով ազատազրկման դատապարտելու Ադրբեջանի գործելակերպը եւ շարունակում է մեր գերեվարված հայրենակիցների վերադարձի ուղղությամբ ջանքեր գործադրել:  
11:05 - 10 օգոստոսի, 2021
Հայկական կողմը վերահաստատում է հանձնառությունը՝ միջազգային գործընկերների օժանդակությամբ շարունակել հումանիտար բնույթի գործընթացը. Մանե Գեւորգյան  |armenpress.am|

Հայկական կողմը վերահաստատում է հանձնառությունը՝ միջազգային գործընկերների օժանդակությամբ շարունակել հումանիտար բնույթի գործընթացը. Մանե Գեւորգյան |armenpress.am|

ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Մանե Գեւորգյանն անդրադարձել է Ադրբեջանից 15 ռազմագերիների վերադարձին։ «Արմենպրես»-ի հետ զրույցում Մանե Գեւորգյանը, մասնավորապես, նշեց. «Այսօր հայրենիք վերադարձան Ադրբեջանում պահվող մեր 15 ռազմագերիները։ Գործընթացը տեղի է ունեցել ԱՄՆ եւ Վրաստանի իշխանությունների միջնորդությամբ, ինչի համար Հայաստանի Հանրապետության կառավարությունը շնորհակալություն է հայտնում ԱՄՆ նախագահի վարչակազմին եւ Վրաստանի կառավարությանը։ ՀՀ կառավարության համար առաջնահերթ նշանակություն ունի Ադրբեջանում պահվող մեր բոլոր հայրենակիցների վերադարձը։ Վերահաստատում ենք հայկական կողմի հանձնառությունը՝ միջազգային բոլոր գործընկերների օժանդակությամբ շարունակել հումանիտար բնույթի գործընթացն ու կառուցողական քայլերի իրականացումը։ ՀՀ կառավարությունը եւս մեկ անգամ շնորհակալություն է հայտնում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին, ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին, ինչպես նաեւ Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելին մեր տարածաշրջանում հումանիտար բնույթի, հատկապես հայ գերիների հայրենիք վերադարձի ուղղությամբ գործադրվող բոլոր ջանքերի համար։
22:50 - 12 հունիսի, 2021
Փաշինյանի հանձնարարությամբ նշանակվել է ծառայողական քննություն՝ դիերի և մասունքների պահման պայմանների խնդրի առնչությամբ |armenpress.am|

Փաշինյանի հանձնարարությամբ նշանակվել է ծառայողական քննություն՝ դիերի և մասունքների պահման պայմանների խնդրի առնչությամբ |armenpress.am|

armenpress.am: Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը նախկինում հաշվի առնելով զոհված զինծառայողների հարազատների մտահոգությունները դիերի պահման պայմանների վերաբերյալ՝ հանձնարարականներ է տվել պատասխանատու գերատեսչություններին ապահովել պատշաճ պայմաններ։ Այս մասին հայտնեց ՀՀ վարչապետի խոսնակ Մանե Գևորգյանը: «Երեկվա դեպքը անթույլատրելի է ցանկացած պարագայում եւ Նիկոլ Փաշինյանի հանձնարարությամբ նշանակվել է ծառայողական քննություն պարզելու՝ որ պատասխանատու պաշտոնյայի անփույթ գործողությունների հետեւանքով է առաջացել նման խնդիր։ Արձանագրվել է խնդիր, որին երեկ անդրադարձել է նաեւ Առողջապահության նախարարությունը, եւ բոլոր միջոցները ձեռնարկվելու են նման իրավիճակները բացառելու եւ թերացած պաշտոնյաներին պատասխանատվության ենթարկելու համար»,-նշեց Գևորգյանը։
12:27 - 01 հունիսի, 2021
Ադրբեջանը փորձում է գերիների վերադարձի պարտավորության չկատարումն արդարացնել անհիմն մեկնաբանություններով. Մանե Գևորգյան |armenpress.am|

Ադրբեջանը փորձում է գերիների վերադարձի պարտավորության չկատարումն արդարացնել անհիմն մեկնաբանություններով. Մանե Գևորգյան |armenpress.am|

armenpress.am: Հավատարիմ իր ստանձնած մարդասիրական հանձնառություններին և համամարդկային արժեքներին՝ Հայաստանը միշտ առաջնայնություն է տվել մարդասիրական բնույթի խնդիրների լուծմանը: Այս մասին հայտարարեց ՀՀ վարչապետի խոսնակ Մանե Գևորգյանը: -Բաքվում մայիսի 11-ին Ռուսաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Սերգեյ Լավրովն ու Ջեյհուն Բայրամովը խոսել են մարդասիրական խնդիրների լուծման անհրաժեշտության մասին: Այդ համատեքստում հիշատակվել է ականապատված տարածքների քարտեզների տրամադրման մասին: Ինչպե՞ս կարձագանքեք այդ հայտարարությանը: -Հավատարիմ իր ստանձնած մարդասիրական հանձնառություններին և համամարդկային արժեքներին՝ Հայաստանը միշտ առաջնայնություն է տվել մարդասիրական բնույթի խնդիրների լուծմանը: Միաժամանակ անթույլատրելի ենք համարում նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 8-րդ կետով ստանձնած պարտավորությունների չկատարումը, որն Ադրբեջանը փորձում է արդարացնել՝ անհիմն մեկնաբանություններով: Ռազմագերիների և պահվող այլ անձանց անհապաղ և անվերապահ հայրենադարձման առնչությամբ միջազգային հանրության դիրքորոշումն առավել քան հստակ է:
17:54 - 11 մայիսի, 2021
Ալեն Սիմոնյանը սխալվում է. վարչապետի եւ փոխվարչապետի խոսնակները հաստատել են գերիների վերադարձի լուրը

Ալեն Սիմոնյանը սխալվում է. վարչապետի եւ փոխվարչապետի խոսնակները հաստատել են գերիների վերադարձի լուրը

ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Ալեն Սիմոնյանն այսօր «Ազատություն ռադիոկայանի» եթերում հայտարարել է, թե գերիների վերադարձի վերաբերյալ պայմանավորվածություններ չեն եղել, այլ միայն հույսեր, եւ, նրա խոսքով՝ բարձրաստիճան որեւէ պաշտոնյա նման հայտարարություն չի արել։  «Պայմանավորվածություններ չեն եղել, մենք ուղղակի հույս ենք ունեցել, ինչպես ամեն օր, որ այդ թռիչքը իր հետ լավ լուր կբերի, այս ամենը տեղեկատվական այս իրավիճակում բավականին մեծ արձագանք ու դժգոհություն է առաջացրել, որը ընդունելի է, բայց բարձրաստիճան որեւէ պաշտոնյա նման հայտարարություն չի արել, այնուամենայնիվ ես համարում եմ, որ նման ապատեղեկատվության համար պետք է ներողություն խնդրենք մեր համաքաղաքացիներից եւ ծնողներից»,- մասնավորապես ասել է Ալեն Սիմոնյանը: Սակայն, իրականում, գերիների վերադարձի վերաբերյալ լուրերը երեկ երեկոյան սկսեցին շրջանառվել լրատվամիջոցներում ու սոցցանցերում, հետո ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գեւորգյանը լրատվամիջոցի հետ զրույցում հաստատել էր այդ տեղեկությունը։ Գեւորգյանից հետո մամուլում հայտնվեց նաեւ ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի մամուլի խոսնակ Նժդեհ Հովսեփյանի հայտարարությունը, ըստ որի՝ գերիներին բերող օդանավը վայրէջք է կատարելու էրեբունի օդանավակայանում։  Գերիների խումբ, սակայն, Հայաստան չվերադարձավ, ինչը բողոքի ալիք բարձրացրեց քաղաքացիների ու հատկապես գերեվարվածների հարազատների շրջանում։ Երբ պարզ դարձավ, որ գերիներ չեն վերադարձվել, ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակը պարզաբանում տարածեց, որում ասված էր, որ գերիների հետ վերադարձը, ցավոք, կրկին հետաձգվում է, քանի որ հակառակորդի կողմից նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 8-րդ կետը ի կատար չի ածվում, ինչը հետպատերազմական մարդասիրական գործընթացի կոպիտ խախտում է։ Փոխվարչապետի գրասենյակը, փաստորեն, ոչ թե հերքեց այն լուրերը, որ գերիների խումբ պետք է վերադառնար Հայաստան, այլ միայն նշեց, որ գերիների վերադարձը կրկին հետաձգվել է: Սրան հետեւեց Civilnet-ի հարցումը փոխվարչապետի գրասենյակին: Լրատվամիջոցի ստացած պատասխանի համաձայն՝ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակը գերիների վերաբերյալ որեւէ պաշտոնական հայտարարություն չի արել, եւ որեւէ լրատվամիջոց առանձին կարգով այդ մասին կանխավ չի տեղեկացվել: Ի դեպ՝ այժմ «Սպուտնիկ» լրատվականը, որին Ավինյանի խոսնակը մեկնաբանություն էր տվել, փոխել է լուրի տեքստը, սակայն դեռեւս չփոխված տարբերակը, որտեղ Նժդեհ Հովսեփյանը հաստատել է լուրը, ինտերնետ արխիվում պահպանվել է։ Իսկ լուրն, ըստ ամենայնի, փոխվել է այն բանից հետո, երբ Արցախում ռուսական խաղաղապահ զորքերի հրամանատար Ռուստամ Մուրադովը «Հրապարակի» լրագրողի հարցին ի պատասխան ասել էր, որ գերիների վերադարձ չէր էլ նախատեսվում, եւ որ այդ լուրը հաստատողները կեղծ պրովոկացիա են արել՝ թյուրիմացության մեջ գցելով բնակչությանը։  Մուրադովի հայտարարությունից հետո էլ լրագրողների հետ զրույցում ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը նշեց, որ ինքաթիռում եղել է նաեւ Մուրադովը, իսկ դա նշանակում է, որ եղել են պայմանավորվածություններ, որոնք խախտվել ենք: Թե այսքանից հետո Ալեն Սիմոնյանն ինչպես է հերքում, որ պաշտոնական աղբյուրները չեն հաստատել գերիների վերադարձի վերաբերյալ լուրերը, անհասկանալի է, քանի որ, վարչապետի եւ փոխվարչապետի խոսնակները, փաստորեն, առնվազն երկու լրատվամիջոցի հաստատել են տեղեկությունները։ Բացի դրանից՝ Ավինյանի գրասենյակն ավելի ուշ ցավով հայտնել էր, որ գերիների վերադարձը հետաձգվում է, այլ ոչ թե չի էլ նախատեսվել։ Իսկ պետական կառույցների կամ պաշտոնյաների մամուլի խոսնակների գործառույթն, ի թիվս այլնի, նաեւ կառույցի կամ պաշտոնյանի մեկնաբանությունները լրատվամիջոցներին հաղորդելն է։ Հայարփի Բաղդասարյան
21:38 - 09 ապրիլի, 2021