Եթե հայ գերիների մասնակցությամբ Ադրբեջանը զորահանդես կազմակերպի, կոպիտ հանցագործություն է լինելու․ ԱՀ ՄԻՊ |armtimes.com|
17:28 - 27 նոյեմբերի, 2020

Եթե հայ գերիների մասնակցությամբ Ադրբեջանը զորահանդես կազմակերպի, կոպիտ հանցագործություն է լինելու․ ԱՀ ՄԻՊ |armtimes.com|

armtimes.com: Արցախի մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը ստացել է տեղեկություններ՝ հայ ռազմագերիների մասնակցությամբ ադրբեջանական զորահանդես կազմակերպելու մասին, սակայն չի կարող ասել, թե որքանով են դրանք հավաստի․ «Հաշվի առնելով նախընթաց գործընթացները, նրանց ձեռագիրը, հայատյացության մթնոլորտը, որը լայնորեն խրախուսվում է Ադրբեջանի իշխանությունների կողմից՝ տեսականորեն չեմ կարող բացառել, բայց հույս ունեմ, չասեմ՝ իրենք բավարար մարդասեր կգտնվեն, գոնե ռացիոնալ առումով կհասկանան, որ դա իրենց համար լուրջ հարված է լինելու միջազգային հեղինակության տեսանկյունից, եթե, իհարկե, թքած չունեն դրա վրա»։

Արտակ Բեգլարյանի խոսքով՝ եթե նման բան կատարվի, ապա դա շատ կոպիտ հանցագործություն է լինելու, եւ եթե չհաջողվի այն կանխարգելել, ապա պետք է կիրառվեն շատ լուրջ պատժամիջոցներ․ «Բայց հաշվի առնելով պատերազմական գործողությունների ընթացքում արձանագրված պատերազմական մի շարք խախտումներ, եւ դրանց վերաբերյալ միջազգային հանրության մեղմ արձագանքները, երբեմն՝ լռությունը եւ հատկապես ոչ գործնական քայլերը՝ ես այդքան էլ լավատես չեմ, որ միջազգային հանրությունը իր պարտավորությունները կարող է արդյունավետ կատարել»։

 

Բեգլարյանի համոզմամբ՝ ՀՀ եւ Արցախի իշխանությունները, ողջ հայությունը պետք է առավելագույն ջանքեր գործադրեն ուղիղ ճնշումների եւ միջազգային գործընկերների միջոցով, որպեսզի դադարեցվի այս մարդասիրական հարցերի քաղաքականացումը եւ ռազմագերիներին թաքցնելու պրակտիկան։

Խոսելով գերիների մասնակցությամբ հրապարակվող տեսանյութերից՝ Արցախի ՄԻՊ-ը նշեց, որ դրանց մեջ, այո, կան նաեւ կեղծ տեսանյութեր․ «Արձանագրել ենք դեպքեր սիրիական պատերազմից տեսանյութերի, լուսանկարների տարածման, լատինա-ամերիկյան նարկոբարոնների կողմից նկարահանած տեսանյութի տարածման, բայց դեպքերի հիմնական մասը, ըստ մեր վերլուծության, իրական է, ավելին ասեմ՝ հիմնական մասում մենք կարողացել ենք պարզել անձանց ինքնությունը, ինչը եւս լրացուցիչ ապացույց է, որ դրանք կեղծ չեն»։

ՄԻՊ-ի կարծիքով՝ մենք պետք է զգույշ լինենք՝ հավատալու այդ տեսանյութերի ճշմարտացիությանը, բայց նաեւ փորձագետները պետք է առավելագույն զգոնությամբ դրանք զննեն, եւ համապատասխան իրավապահ մարմինները համապատասխան գործընթաց սկսեն՝ հնարավոր հանցագործներին գտնելու եւ պատասխանատվության ենթարկելու համար, ինչը, ըստ ՄԻՊ-ի, որոշ դեպքերում հնարավոր է։ Մի դեպքով նույնիսկ ադրբեջանցի զինծառայողի անուն-ազգանունն է հնչում, որը կատարում է պատերազմական հանցագործություն, եւ մեր իրավապահ մարմինների պարտավորությունն է ներքին եւ արտաքին մեխանիզմներով հասնել նրանց պատժելուն»։

Շարունակությունը՝ armtimes.com-ում։ 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել