news.am: Ոչ մեկը չի ասում, որ Հայաստանի տարածքի վրա որեւէ այլ կառավարության լիազորություններ են տարածվում, բայց դա չի նշանակում, որ Հայաստանում չեն կարող այլ երկրի կառավարության ներկայացուցիչներ գտնվեն: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց Արցախի նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը՝ անդրադառնալով այսօր կառավարության նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Սամվել Շահրամանյանի հայտարարությանը ի պատասխան արված հայտարարությանը, որ ԼՂ-ից բռնի տեղահանված որոշ շրջանակներ անում են քայլեր, որոնք սպառնալիք են ստեղծում ՀՀ ազգային անվտանգության համար, նաեւ, որ Հայաստանում չի կարող գործել որեւէ այլ կառավարություն, քան ՀՀ կառավարությունն է:
«Օրինակ, երբ այլ երկրից հյուրեր են գալիս, ասենք՝ նախարար կամ վարչապետ, արդյոք իրենք ասում են, որ նրանք Հայաստանում պաշտոնական լիազորություններով չեն գտնվում: Իրենք կարող են մեկնաբանել, ասել՝ այո, Արցախի իշխանությունները տեղահանվել են, եկել են այստեղ, իրենք գտնվում են ՀՀ-ում, իրենց գործունեությունը չի տարածվում ՀՀ տարածքի վրա, այլ Արցախի տարածքի վրա է տարածվում: Եվ որեւէ ձեւով դա չի նշանակում, որ Հայաստանի տարածքում են իրենք գործում: Առնվազն սա կարող են ասել, եթե այդքան մեծ վախեր ունեն Ադրբեջանից: Բայց իրենք սա չեն ասում, իրենք ցավալիորեն եւ անընդունելի ձեւով թիրախավորում են Արցախի առանց այն էլ շատ խոցելի իշխանություններին եւ ավելի մեծ վտանգներ են ստեղծում բոլորիս համար»,-ասաց նա:
Բեգլարյանի խոսքով, լավ, թե վատ, Արցախի իշխանությունները ինչ-որ ձեւով, կիսատ-պռատ ինչ-որ աշխատանք կատարում են եւ պետք է կատարեն Հայաստանի աջակցությամբ, որը ցավոք, չի արվում, որպեսզի ներկայացնեն Արցախի ժողովրդի շահերը, իրավունքները եւ հնարավորինս պաշտպանվեն դրանք նաեւ իրենց կողմից:
«Այստեղ հիմնական խնդիրը հավաքական իրավունքների հետ է կապված: Հայաստանը որեւէ պատասխանատվություն չի ստանձնում Արցախի ժողովրդի իրավունքների ու շահերի համար, դա պետք է անի Արցախի իշխանությունը: Այստեղ ՀՀ իշխանությունները պետք է աջակցեն»,- հայտարարեց Արտակ Բեգլարյանը:
Նա կարծիք հայտնեց, որ Նիկոլ Փաշինյանի այդ հայտարարությունը թերեւս արձագանքն է Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանի՝ ֆրանսիական «Ֆիգարո»-ին տված հարցազրույցին, որտեղ նա ասել էր, որ գոյություն ունի Արցախի վտարանդի կառավարություն. «Չէի ասի, որ այդտեղ հատուկ վտանգ կա, ուղղակի պետք է ձեւակերպումն այնպես անել, որ այո, Հայաստանի տարածքի վրա Արցախի իշխանությունների լիազորությունները չեն տարածվում: Իհարկե, նախընտրելի է, որ ՀՀ իշխանությունները ճանաչեն Արցախի իշխանություններին եւ աջակցեն, բայց եթե նույնիսկ չեն էլ ճանաչում, չպետք է գոնե խանգարեն, լրացուցիչ վտանգներ, սպատնալիքներ ստեղծելով: Էլ չեմ խոսում, որ ՀՀ իշխանության տարբեր ներկայացուցիչներից բխող խոսույթը այնպիսին է, որ սա շատ լուրջ սպառնալիք է Հայաստանի անվտանգությանը, արտաքին գործակալական ցանցի մի մաս է, որը շատ անընդունելի խոսույթ է:
Շատ արցախցիներ կան, որ համարում են, որ Արցախի իշխանությունները եղած-չեղած, շատ ավելի քիչ գործունեություն են ծավալում, իրենց ձայնը չի լսվում, քան ինչ-որ իրենք անում են: Տեսանելի է, որ հոկտեմբերից ի վեր շատ զգույշ ու զուսպ ձեւով են Արցախի պետական մարմինները գործում, այնքան, ինչքան ռեսուրս ու կարողություն ունեն: Այսինքն հակառակ քննադատությունն էլ կա:
Իմ տպավորությամբ Արցախի իշխանությունները բավականին զուսպ եւ զգույշ են, որպեսզի շահարկումներ չլինեն ոչ ներսից, ոչ Ադրբեջանից»,- հայտարարեց Արցախի նախկին պետնախարարը:
comment.count (0)