Բացվելու են թուրքական նավահանգիստները, և ընձեռվելու են լայն հնարավորություններ տնտեսվարողների համար․ էկոնոմիկայի նախարար |tert.am|
19:07 - 29 նոյեմբերի, 2020

Բացվելու են թուրքական նավահանգիստները, և ընձեռվելու են լայն հնարավորություններ տնտեսվարողների համար․ էկոնոմիկայի նախարար |tert.am|

tert.am: Էկոնոմիկայի նորանշանակ նախարար Վահան Քերոբյանը «Առաջին ալիք»-ին տված հարցազրույցում ասել է, որ երկրաժամկետ ծրագրերում սահմանները բացելու հնարավորություն է տեսնում։

Հարցին, թե իրադարձությունները խոսում են, որ ինքն առնվազն վեց ամսվա նախարար է լինելու, այդ ընթացքում ինչպես է բեկում մտցնելու, Վահան Քերոբյանն ասել է, որ ինքը եկել է երկարաժամկետ, իր պլանը հինգ տարվա է և այսօրվանից սկսում է աշխատել։

Վահան Քերոբյանը նախանշել է այն հնարավորությունները, որոնք կստանա տնտեսությունը տարածաշրջանում տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման արդյունքում, որոնք նշված են նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ։ Նախարարն ասել է, որ այսօր առաջին խնդիրը սպառման խթանումն է և տնտեսվարողներին պետք է տալ հնարավորություն լիարժեք գործունեության համար։

Ի պատասխան հարցի, թե խոսում են, որ նախատեսվում է սահմանները բացել, Հայաստանն արդյո՞ք ունի ռազմավարություն, թե ինչ պետք է անել, նախարարն ասել է.

«Իհարկե, տնտեսության համար բաց սահմանները շատ լավ են, քանի որ մրցակցության արդյունքում ավելի լավ ապրանքներ են ստեղծվում, այսինքն՝ մեր տնտեսությունը կարող ենք դարձնել աշխարհի մակարդակին հավասար։ Այսինքն, եթե մեզ մոտ էժան և որակյալ ապրանքներ են ներմուծվում, ապա մեր տեղական արտադրողը ստիպված է ավելի լավը դառնալ։ Բայց հունվարի 1-ից արգելվելու է թուրքական ապրանքների ներմուծումը Հայաստանի Հանրապետություն, այդ որոշումն ընդունվել է պատերազմի ժամանակ, նախորդ նախարարի օրոք, և արդյունքում ազատվելու է 200 մլն դոլարանոց շուկա Հայաստանում։ Ես կոչ եմ անում վերցնել այդ ցուցակը, և այնպես անել, որ հունվարի 1-ից մեր խանութներում թուրքականի փոխարեն հայտնվեն հայկական ապրանքները»։

Ինչ վերաբերում է երկարաժամկետ ծրագրին, ապա Վահան Քերոբյանն ասել է, որ դա սահմանների բացումն է. «Սահմանների բացումը լայն հնարավորություն է ընձեռելու. մեր արտահանողները կարող են իրենց արտադրանքը արտահանել Ռուսաստան և այլ երկրներ ավելի հարմար ճանապարհներով, քան մինչև հիմա են անում։ Բացվելու են թուրքական նավահանգիստները, և ընձեռվելու են բազմաթիվ լայն հնարավորություններ։ Միգուցե նաև բացվի Ադրբեջանի շուկան մեզ համար, և մեր շուկան՝ Ադրբեջանի համար, և պետք են գալու մարդիկ, որ կարողանան օգտվել դրանից»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել