«Բոլորը գտել են հարմար դավաճան եւ մեղքերը բարդում են նրա վրա». Հ.Խաչատրյանի կարծիքով՝ դավադրությունը 30 տարի առաջ է եղել |armtimes.com|
16:18 - 07 դեկտեմբերի, 2020

«Բոլորը գտել են հարմար դավաճան եւ մեղքերը բարդում են նրա վրա». Հ.Խաչատրյանի կարծիքով՝ դավադրությունը 30 տարի առաջ է եղել |armtimes.com|

armtimes.com: «Հիմա բոլորը գտել են մի հարմար դավաճան եւ բոլոր մեղքերը փորձում են բարդել նրա վրա». նկատի ունենալով վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ ԱԺ ամբիոնից իր ելույթը այսպես սկսեց Գերագույն խորհրդի եւ Ազգային ժողովի նախկին պատգամավոր Հրանտ Խաչատրյանը: 

Նրա խոսքով՝ հիմա ԱԺ-ում քննարկվում է մի փաստաթուղթ («Լուսավոր Հայաստան» խմբակցության կողմից ներկայացված ճանապարհային քարտեզը), որը առ ոչինչ է եւ ոչնչով չի տարբերվում գործադիր իշխանության ղեկավարի ստորագրած եռակողմ փաստաթղթից: «Ինչո՞ւ, որովհետեւ այս առաջարկությունների առաջին կետում չի գրված, որ ԱԺ-ն՝ հանձին հայ ժողովրդի, մերժում է միջազգային իրավունքի նորմերին հակասող այդ փաստաթղթի (եռակողմ հայտարարության-խմբ.) բովանդակությունն ամբողջությամբ»,- նշեց Խաչատրյանը:

Ըստ նրա՝ ԱԺ-ում հնչող ելույթների բովանդակությունը նույնն է, ինչ փողոցում հնչողները՝ նոր ղեկավար՝ նոր արդյունքներ, հայանպաստ բանակցություններ...

«Քանի անգամ ենք լսել այս ամբիոնից հայանպաստ արդյունքներ, ո՞վ է ասել այստեղից՝ ո՞րն է հայանպաստը»,- հարցրեց Խաչատրյանը:   

Այնուհետեւ վստահություն հայտնելով, որ անպայման լինելու է իշխանափոխություն՝ Հրանտ Խաչատրյանը երկու առաջարկ հնչեցրեց: 

«Իշխանության եկող որեւէ ուժ չի կարող ընդունել նույնպիսի մի խայտառակ փաստաթուղթ, որի բեռի տակ մենք 100 տարի ճռռում ենք ամբողջ ազգով: Խոսքը Մոսկվայի պայմանագրի, Կարսի պայմանագրի մասին է եւ դրա շարունակության մասին: ԱԺ-ն առաջին հերթին պետք է մերժի այդ փաստաթղթի բովանդակությունը: Դա պատերազմի կբերի, թե չի բերի, ես դրան չեմ անդրադառնա: Համենայն դեպս ԱԺ-ն պետք է քննարկի այդ հարցը բաց նիստում: Պետք է խմբակցությունները փակ նիստեր անցկացնեն, գնահատեն դրա ռիսկերը»,- նշեց նախկին պատգամավորը:

Երկրորդ առաջարկը վերաբերում էր Արցախի կարգավիճակը որոշելուն. «30 տարի առաջ դավադրություն է տեղի ունեցել հայ ժողովրդի ազգային շահերի նկատմամբ: 30 տարի առաջ Հայաստանին վերամիավորված Արցախն անջատվել ու անկախացել է Հայաստանից: Կարճ կասեմ՝ դա մի բան է նշանակում. Հայաստանի իշխանությունները միջազգային իրավունքի վերմակը քաշել են իրենց վրա եւ Արցախին դուրս թողել»,- նշեց Խաչատրյանը՝ հավելելով, որ ՀՀ ԱԺ-ն պարտավոր է քննարկել եւ ինքնուրույն որոշել Արցախի կարգավիճակը՝ առանց որեւէ մեկին խնդրելու կամ դիմելու:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել