Արցախի փաստացի ղեկավարը լինելու եւ արցախցիներին ռուսական անձնագրեր տրամադրելու մասին. Վիտալի Բալասանյան
aravot.am
12:08 - 27 դեկտեմբերի, 2020

Արցախի փաստացի ղեկավարը լինելու եւ արցախցիներին ռուսական անձնագրեր տրամադրելու մասին. Վիտալի Բալասանյան aravot.am

aravot.am: Արցախի անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը հարցազրույց է տվել Aravot.am-ին, որը ներկայացնում ենք ստորև․

-Պարո՛ն Բալասանյան, ինչպե՞ս եք գնահատում Արցախի ներկայիս անվտանգությունը: Կան արցախցիներ, որոնք պատերազմի հետեւանքով դուրս են եկել Արցախից եւ, չնայած այն բանին, որ նրանց բնակավայրերը պահպանվել են, դեռ մտադրություն չունեն վերադառնալու՝ հաշվի առնելով հետպատերազմյան եւ դեռեւս չճշգրտված սահմանների անորոշ իրավիճակը, գերության մեջ հայտնվելու վտանգը:

-Չկա այդպիսի հասկացողություն, որ ինչ-որ մի տեղ անվտանգ է: Ընդհանրապես աշխարհում չկա մի անվտանգ կետ: Ընդհուպ այն պետություններում, որոնք այսօր պատերազմական գործողությունների մեջ չեն, այդ երկրներում տեղի են ունենում ահաբեկչություններ: Ցույց տվեք մի երկիր, որտեղ այդ ահաբեկչական գործողությունները չեն կատարվում:

Մենք հաճախ լսում ենք, թե գերտերություն Ամերիկայի Միացյալ Նահանգներում ինչպես են մտնում դպրոցներ՝ կրակում: Յուրաքանչյուր քաղաքացի, յուրաքանչյուր բնակիչ, երբ իր մասնակցությունը բերում է պետականաշինության, պետության անվտանգության գործին, որը ներառում է եւ ժողովրդի անվտանգությունը, ավելի շուտ են այդ հարցերը լուծվում:

Հիմա մենք տարբեր ծրագրեր ենք մշակում. Արցախի հանրապետությունն ունենալու է իր սեփական զինված ուժերը, մենք ուժեղացնելու ենք ոստիկանական ուժերը, Ազգային անվտանգության ծառայության ուժերը: Մեր պահեստազորն ու աշխարհազորը օրենքի շրջանակներում ռազմականացնելու ենք, անցնելու ենք սահմանապահ ծառայության, խաղաղապահ ուժերն իրենց առաքելությունն են իրականացնելու եւ այն կոնտինգենտը, ինչը մտնում է խաղաղապահ ուժերի մեջ:

Դա վերաբերում է ե՛ւ օդանավակայանին, ե՛ւ արտակարգ իրավիճակների նախարարությանը, ե՛ւ այն բուժծառայությանը, որը Ռուսաստանի Դաշնությունից տեղակայված է Արցախում: Մենք ունենք երկու դաշտային հոսպիտալ, որի հետ իրականացնում ենք այդ աշխատանքները, որոնք համաձայնեցված են: Իհարկե, այս պահի դրությամբ չկան այդ փաստաթղթերը, բայց այդ համագործակցության փաստաթղթերը լինելու են՝ ռազմական, քաղաքական, սոցիալական, տնտեսական, արտակարգ իրավիճակների, սահմանապահ ծառայությունների:

Մենք սուբյեկտ ենք եւ անկախ ամեն ինչից՝ միջազգային ճանաչում ունի Արցախը, թե՝ ոչ, դա մեզ համար երկրորդական է, եւ այն արցախցիները, որոնք պատերազմական գործողությունների ժամանակ մեկնել են այլ երկրներ, թե՛ Հայաստանի Հանրապետություն, թե՛ Ռուսաստանի Դաշնություն, կոչ եմ անում ու հորդորում եմ թող արագ վերադառնան իրենց օջախները: Թող վստահ լինեն, որ անվտանգության հարցերը լրիվ կարգավորված են եւ անվտանգության բաղադրիչն ավելի ենք ուժեղացնելու:


-Պարո՛ն Բալասանյան, մամուլում տեղեկություններ են շրջանառվում, որ Արցախի փաստացի ղեկավարը դուք եք, ինչպե՞ս կմեկնաբանեք:

-Ես ի պաշտոնե զբաղեցնում եմ Արցախի անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնը: Իհարկե, այսօր անվտանգության խորհուրդն ունի նոր կառուցվածք, նոր կանոնակարգ, անվտանգության խորհրդի անդամների, ընդհանրապես՝ խորհրդի լիազորությունները մեծացել են, երեւի դա են հաշվի առել: Արցախի Հանրապետության փաստացի ղեկավարը նախագահն է, այս պահի դրությամբ Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ: Երբ որ նոր ընտրություններ կլինեն, կլինի նոր նախագահ: Ես իմ պարտականությունները կատարում եմ իմ լիազորությունների շրջանակում: Օրինապաշտ մարդ եմ, չեմ փորձել եւ չեմ փորձի իմ իրավունքներն ի պաշտոնե չարաշահել:

Պաշտոնի գալուց առաջ դուք պայման դրեցիք, որ ուժային բոլոր կառույցները գտնվելու են ուղիղ ձեր համակարգման դաշտում, պահպանվո՞ւմ են այդ պայմանները։

-Այո:

Կան տեղեկություններ, որ մոտ ապագայում արցախցիներին ռուսական անձնագրեր են տրամադրվելու: Կա՞ այդպիսի նախաձեռնություն:

-Ես չգիտեմ՝ լուրերը որտեղից են, որեւէ բան մի բացառեք: Կա Արցախի Հանրապետության կարգավիճակի հարց: Մի պահ պատկերացրեք, որ Ռուսաստանի Դաշնությունը կճանաչի այն սահմանները, որը մենք առաջարկություն ենք արել: Մենք առաջարկել ենք բարձրաձայն, դա լինելու է նաեւ Ղարաբաղի Հանրապետության սեփական տարածքները: Ընդլայնելու ենք այս տարածքները ու Ռուսաստանի Դաշնությունը կճանաչի Արցախի Հանրապետության տարածքն իր ժողովրդով, չի բացառվում, որ արցախահայությունը կարող է դիմի եւ գնա այդպիսի քայլի, որեւէ բան մի բացառեք, որովհետեւ դա ժողովրդի որոշումն է:

Մենք Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ ենք, մենք ապրում ենք Հայաստանի Հանրապետության սահմաններից դուրս, այն սահմանները, որը ճանաչվել է ՄԱԿ-ի կամ միջազգային հանրության կառույցների կողմից, մենք այդ սահմաններից դուրս ենք ապրում, բայց ունենք Հայաստանի Հանրապետության անձնագրեր: Իհարկե, Արցախում կան Արցախի Հանրապետության անձնագրեր, բայց այդ անձնագրերը միջազգայնորեն ճանաչված չեն, որովհետեւ մեր կարգավիճակը չի ճանաչվել: Նորից եմ ասում՝ չի բացառվում:

-Եթե պատերազմից 3 ամիս անց ամփոփենք տեղի ունեցածը, ի՞նչ եզրահանգման եք եկել, ինչո՞ւ եղավ պատերազմը, արդյոք կարո՞ղ էինք կանխել այն, ինչպես որոշ քաղաքական գործիչներ եւ նաեւ մասնավորապես ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն էր պնդում իր վերջին հարցազրույցում:

-Մեր սխալ վարած արտաքին քաղաքականության արդյունք էր: Միանշանակ կարող էինք չունենալ այս պատերազմը: Ես չգիտեմ՝ ով ինչ էր ասում, ես իմ խոսքերի համար եմ պատասխան տալիս եւ ուրիշների ասածները չեմ ցանկանում վերլուծել եւ գնահատական տալ, յուրաքանչյուր մարդ իրավունք ունի իր գնահատականները տալ եւ վերլուծություններն անել:

Կարդալ ավելին՝ aravot.am-ում։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել