armtimes.com: Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը եւ «Արամ Խաչատրյան» համերգասրահը նոր տնօրենի պաշտոնակատար ունի։ Այս պաշտոնը վստահվել է Երեւանի Կենտրոն վարչական շրջանի նախկին ղեկավար Վիկտոր Մնացականյանին։
Մնացականյանը հայտնեց, որ պաշտոնավարման առաջարկն ստացել է դեռ ամռանը՝ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր, մաեստրո Էդուարդ Թոփչյանի կողմից։ Նշեց, որ համավարակով, ապա նաեւ պատերազմական իրավիճակով պայմանավորված պաշտոնական ձեւակերպման մասը երկարաձգվել է։
Անդրադառնալով թաղապետի կառավարչական պաշտոնից մշակութային հաստատություն իր անցմանը՝ Մնացականյանն ասաց․ «Մշակույթից այդքան էլ հեռու մարդ չեմ։ Գիտեք՝ ինքս հիմնադրել եմ «Հայկական գորգի ազգային կենտրոնը» եւ «Որդան կարմիր» հայկական գորգի թանգարանը, տարբեր առիթներով միշտ մասնակցել եմ տարբեր մշակութային պրոյեկտների ու ղեկավարել դրանց մի մասը»։
Մնացականյանը նաեւ նկատեց՝ նոր աշխատանքը ստանձնելով լծվել է բազմաթիվ նոր ծրագրերի ու գաղափարների իրագործմանը։ Առաջիկայում Առնո Բաբաջանյանի ծննդյան 100-ամյակին նվիրված միջոցառումն են իրականացնելու, ապա Էդուարդ Միրզոյանի եւ այլն։
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունից էլ հայտնեցին, որ Վիկտոր Մնացականյանը Հայաստանի Ֆիլհարմոնիկ նվագախմբի համերգասրահի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել նոյեմբերի 18-ին՝ 6 ամիս ժամկետով։ Այդ պաշտոնում նշանակումը մրցութային կարգով է։ Թափուր պաշտոնի մրցույթի անցկացման օրը, սակայն, դեռ որոշված չէ։
Կարդալ ավելին՝ armtimes.com-ում։
comment.count (0)