Պահանջում եմ ազատել մեր ռազմագերիներին ու քաղաքացիական անձանց. Էդմոն Մարուքյանի ելույթը՝ ԵԽԽՎ-ում
 |1lurer.am|
22:47 - 25 հունվարի, 2021

Պահանջում եմ ազատել մեր ռազմագերիներին ու քաղաքացիական անձանց. Էդմոն Մարուքյանի ելույթը՝ ԵԽԽՎ-ում |1lurer.am|

1lurer.am: Ստրասբուրգում մեկնարկած ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանում ելույթ է ունեցել ԵԽԽՎ հայկական պատվիրակության անդամներից ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը: 

«Իմ ելույթում ուզում եմ անդրադառնալ ԵԽԽՎ Բյուրոյի որոշմանը, որ այսօր մերժվել է Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների հարցով հրատապ քննարկման կազմակերպումը։ Ես կարծում եմ, որ մենք այստեղ շատ կարևոր հարցեր ենք քննարկում, սակայն սույն հարցը չի զիջում իր կարևորությամբ որևէ այլ հարցի, սակայն այն անտեսվել է Բյուրոյի կողմից։

Դրանից հետո Ադրբեջանի պատվիրակության ղեկավարն այստեղ ելույթ է ունենում՝ խոսելով վստահության մթնոլորտի ձևավորման և խաղաղության մասին, սակայն ինչպե՞ս է հնարավոր խոսել այդ մասին, եթե Ադրբեջանը հրադադարից հետո իր բանտերում շարունակում է պահել հայ ռազմագերիներին և քաղաքացիական անձանց, խոշտանգել նրանց:

Մարդու իրավունքների եվրոպական դատարանն ընդունել է միջանկյալ միջոցներ Ադրբեջանի դեմ այս հարցով, սակայն նրանք անտեսում են Բարձր դատարանի որոշումները: Դեռ ավելին, դրանից հետո նրանք նաև սպանել են ռազմագերու։ Ադրբեջանը մեծարում է իր զինվորականներին, որոնք գլխատում են հայ զինվորներին և կտրում Շուշիի խաղաղ տարեց բնակչի գլուխը։ Եվ այսքանից հետո նրանք խոսում են վստահության մասին։

Ես կարծում եմ՝ մենք ունենք այս իրավիճակում երկու ելք. մեկը՝ գնալ ադրբեջանցի պատվիրակի կոչով, այն է՝ խաղաղության ճանապարհով և ազատ արձակել հայ ռազմագերիներին և քաղաքացիական անձանց և ապա խոսել այլ հարցերի մասին։ Իսկ եթե նրանք շարունակում են պահել մեր ռազմագերիներին իրենց բանտերում, ապա հարկ է նկատել, որ դա ահաբեկչական երկրի գործելաոճ է։  Միայն ահաբեկիչներն են պատանդ պահում և հետո նախապայմաններ առաջ քաշում վերջիններիս ազատման համար։

Այսպիսով՝ իրեն ահաբեկչի նման պահող երկիրն ինչպե՞ս կարող է լինեմ Եվրոպայի Խորհրդի անդամ պետություն, որտեղ մարդու իրավունքները, ժողովրդավարությունը, իրավունքի գերակայությունը անկյունաքարերն են։ Այդ իսկ պատճառով, ես կոչ եմ անում միջազգային հանրությանը, բոլոր միջազգային ատյաններին ու կազմակերպություններին ճնշում կիրառել Ադրբեջանի իշխանությունների նկատմամբ՝ հայ ռազմագերիներին և քաղաքացիական անձանց ազատ արձակելու պահանջով, այլապես Ադրբեջանը կդիտարկվի որպես ահաբեկչական պետություն, որը պահում է ռազմագերիներին իր մոտ հրադադարից հետո։

Հայաստանն, իր կողմից, կատարել է հրադադարի պայմանագրով նախատեսված բոլոր կետերը, իսկ Ադրբեջանը խախտում է այն՝ ազատ չարձակելով մեր ռազմագերիներին։ Այսպիսով՝ պահանջում եմ ազատել մեր ռազմագերիներին ու քաղաքացիական անձանց։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել