tert.am: 2018 թվականի սկզբից օրենքով սահմանված կարգով հաստատեցինք հաստիքացուցակները և նշեցինք, որ պետք է վերանայվի հաստիքացուցակները, քանի որ ուռճացվել են, պետք է գնանք օպտիմալացնելու ճանապարհով, բայց մենք հակառակ ենք տեսնում՝ այս երկու տարվա ընթացքում անընդհատ ավելացնում ենք և համարում ենք, որ այդ ավելացումը հիմնավոր է: Այս մասին ավագանու այսօրվա նիստում ասաց ավագանու անդամ Դավիթ Խաժակյանն՝ անդրադառնալով Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի պաշտոնակատար Դավիթ Համբարյանի այն առաջարկությանը, որ պետք է կառուցվածքային փոփոխություններ կատարել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարության և անձնակազմի կառավարման բաժնի կառուցվածքային ստորաբաժանումներում:
Նրա կարծիքով՝ ավագանու և քաղաքապետարանի խնդիրը պետք է լիներ կատարել կառուցվածքային փոփոխություններ, բայց չնպաստել թվաքանակի և դրանից բխող ծախսերի ավելացմանը.
Ավագանու անդամ Թեհմինա Վարդանյանն էլ ավելացրեց, որ խնդիրները խորքային է, և պետք է տալ համակարգված մոտեցում. «Երբ այս քաղաքային թիմը ստանձնեց իշխանությունը, ունեինք 1998 հաստիք, մենք նախկինում էլ էինք բարձրաձայնել ու երկուսուկես տարի շարունակ բարձրաձայնում ենք՝ չի կրճատվում, չի օպտիմալացվում, այդ բառի տակ տեղավորում եք ամեն ինչ, բացի օպտիմալացումից: Պարո՛ն Համբարյան, կրճատեք քաղաքապետի խորհրդականների, խորհրդականների օգնականնների, խորհրդականների օգնականների վարորդների հաստիքները, խորքային փոփոխություններ արեք: Անձնավորված մղումներով բերում, կպցնում եք, այսինքն բոլոր պարերը պարե՞լ եք, մնացել է սարի սմբուլը, մնացել է Թեժ գծի բարեհամբյուր աշխատակիցների հա՞րցը: Սա համարում եք օպտիմալացո՞ւմ, որ բյուջեի վրա հավելյալ միլիոններ է ավելանալու, եթե համարում եք, որ ճիշտ որոշում կայացրեցիք, և խաբելու եք, որ դա օպտիմալացում է, այդ դեպքում բան չունեմ ասելու»:
comment.count (0)