Թեհմինա Վարդանյան

Երևանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ։

Ծնվել է 1988թ. սեպտեմբերի 4-ին։ 2004-2008թթ. սովորել է թարգմանչաց գործ՝ «Ինտերլինգվա» լեզվագիտական համալսարանում և ստացել բակալավրի աստիճան։ 2011-2013թթ. սովորել է Վ․Բրյուսովի անվան պետական լեզվագիտական համալսարանի լրագրության ֆակուլտետում և ստացել մագիստրոսի աստիճան։

2012 թվականին աշխատել է որպես սոցիոլոգ։ 2012 թվականին աշխատանքային պրակտիկա է անցել «Երկիր Մեդիա» հեռուստաընկերությունում` որպես լրագրող:

2013-2014թթ. աշխատել է «ԳԱ ԳԵՐՄ- ԱՐՄ ՈՒԳ» գերմանական կազմակերպության հայաստանյան մասնաճյուղում։ 2014-2015թթ. աշխատել է «Դոյչ Մեդ» ՍՊԸ-ում՝ որպես գործադիր տնօրեն։ 2016-2018 թթ. աշխատել է «Դավիդյանց լաբորատորիաներ» ՍՊԸ-ում՝ որպես հասարակության հետ կապերի պատասխանատու։

Թեհմինա Վարդանյանն ու Դավիթ Խաժակյանը դեռևս չեն միացել Երևանի քաղաքապետին անվստահություն հայտնելու նախաձեռնությանը

Թեհմինա Վարդանյանն ու Դավիթ Խաժակյանը դեռևս չեն միացել Երևանի քաղաքապետին անվստահություն հայտնելու նախաձեռնությանը

Երեկ ուշ երեկոյան ծանուցվել ենք Երևանի քաղաքապետին անվստահություն հայտնելու նախաձեռնության վերաբերյալ։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Երևան քաղաքի ավագանու «Լույս» խմբակցություն անդամ Թեհմինա Վարդանյանը։ «Տեղեկացնում եմ, որ ես և գործընկերս՝ Դավիթ Խաժակյանը, դեռևս չենք միացել նախաձեռնությանը։ Առաջիկա օրերին, նախքան նախագծի մուտքագրվելը, կհայտնենք մեր տեսակետը»,- նշել է նա։ Նշենք, որ Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցությունը քաղաքապետ Հայկ Մարությանին անվստահություն հայտնելու գործընթաց է սկսել: Կառավարող խմբակցության անդամ Արմեն Կոտոլյանը հայտնել է, որ անհրաժեշտ 33 ստորագրությունից ավելին՝ նախնական տվյալներով 39-ն արդեն կա։ Ավագանու մի շարք անդամներ էլ արդեն հայտնել են, որ չեն միացել նախաձեռնությանը։
13:26 - 16 դեկտեմբերի, 2021
Կրճատեք քաղաքապետի խորհրդականների, նրանց օգնականնների, և օգնականների վարորդների հաստիքները, խորքային փոփոխություններ արեք. Թ. Վարդանյանը՝ հաստիքացուցակների օպտիմալացման վերաբերյալ
 |tert.am|

Կրճատեք քաղաքապետի խորհրդականների, նրանց օգնականնների, և օգնականների վարորդների հաստիքները, խորքային փոփոխություններ արեք. Թ. Վարդանյանը՝ հաստիքացուցակների օպտիմալացման վերաբերյալ |tert.am|

tert.am: 2018 թվականի սկզբից օրենքով սահմանված կարգով հաստատեցինք հաստիքացուցակները և նշեցինք, որ պետք է վերանայվի հաստիքացուցակները, քանի որ ուռճացվել են, պետք է գնանք օպտիմալացնելու ճանապարհով, բայց մենք հակառակ ենք տեսնում՝ այս երկու տարվա ընթացքում անընդհատ ավելացնում ենք և համարում ենք, որ այդ ավելացումը հիմնավոր է: Այս մասին ավագանու այսօրվա նիստում ասաց ավագանու անդամ Դավիթ Խաժակյանն՝ անդրադառնալով Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի պաշտոնակատար Դավիթ Համբարյանի այն առաջարկությանը, որ պետք է կառուցվածքային փոփոխություններ կատարել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարության և անձնակազմի կառավարման բաժնի կառուցվածքային ստորաբաժանումներում: Նրա կարծիքով՝ ավագանու և քաղաքապետարանի խնդիրը պետք է լիներ կատարել կառուցվածքային փոփոխություններ, բայց չնպաստել թվաքանակի և դրանից բխող ծախսերի ավելացմանը. Ավագանու անդամ Թեհմինա Վարդանյանն էլ ավելացրեց, որ խնդիրները խորքային է, և պետք է տալ համակարգված մոտեցում. «Երբ այս քաղաքային թիմը ստանձնեց իշխանությունը, ունեինք 1998 հաստիք, մենք նախկինում էլ էինք բարձրաձայնել ու երկուսուկես տարի շարունակ բարձրաձայնում ենք՝ չի կրճատվում, չի օպտիմալացվում, այդ բառի տակ տեղավորում եք ամեն ինչ, բացի օպտիմալացումից: Պարո՛ն Համբարյան, կրճատեք քաղաքապետի խորհրդականների, խորհրդականների օգնականնների, խորհրդականների օգնականների վարորդների հաստիքները, խորքային փոփոխություններ արեք: Անձնավորված մղումներով բերում, կպցնում եք, այսինքն բոլոր պարերը պարե՞լ եք, մնացել է սարի սմբուլը, մնացել է Թեժ գծի բարեհամբյուր աշխատակիցների հա՞րցը: Սա համարում եք օպտիմալացո՞ւմ, որ բյուջեի վրա հավելյալ միլիոններ է ավելանալու, եթե համարում եք, որ ճիշտ որոշում կայացրեցիք, և խաբելու եք, որ դա օպտիմալացում է, այդ դեպքում բան չունեմ ասելու»:
16:01 - 09 փետրվարի, 2021
Երևանի ավագանու «Լույս» դաշինքի անդամը դուրս է եկել «Հանրապետություն» կուսակցությունից

Երևանի ավագանու «Լույս» դաշինքի անդամը դուրս է եկել «Հանրապետություն» կուսակցությունից

 Երևանի քաղաքի ավագանու «Լույս» դաշինքի անդամ Թեհմինա Վարդանյանը հայտնել է «Հանրապետություն» կուսակցությունից դուրս գալու և անկախ քաղաքական գործչի ճանապարհ սկսելու մասին: Այս մասին Վարդանյանը գրել է «Ֆեյսբուք»-ի իր էջում: «Այսօրվանից դադարեցնում եմ գործունեությունս «Հանրապետություն» կուսակցությունում:Այն, ինչ ունի սկիզբ՝ ունի նաև ավարտ: Կուսակցական գործունեությունս ինձ տվել է մեծ փորձ, քաղաքական հստակ դիրքորոշում՝ պայքարել հանուն արդարության և սկզբունքների: Շնորհակալ եմ: Ցանկացած հարաբերության մեջ գլխավորն ազնվությունն ու անկեղծություն է: Ցավոք, գտնում եմ, որ կուսակցական գործունեությանս այս փուլում ես ինձ սպառել եմ: Որոշել եմ դադարեցնել գործունեությունս «Հանրապետություն» կուսակցության կազմում և ճանապարհս շարունակել որպես անկախ քաղաքական գործիչ: Այսպես, միանշանակ, ազնիվ է: Անտեսել սա՝ կնշանակի դավաճանել ինքս ինձ ու իմ արժեքները»,- գրել է Վարդանյանը: Թեհմինա Վարդանյանը նշել է, որ շարունակելու է աշխատանքը Երևանի ավագանու կազմում:
17:56 - 10 հունիսի, 2020
«ԿամԱԶ»-ի հետ վաղուց է ձեռք բերվել պայմանավորվածություն՝ չկա՞ այստեղ կոռուպցիոն ռիսկ. Երեւանի ավագանու անդամ

«ԿամԱԶ»-ի հետ վաղուց է ձեռք բերվել պայմանավորվածություն՝ չկա՞ այստեղ կոռուպցիոն ռիսկ. Երեւանի ավագանու անդամ

Երևանի քաղաքապետարանի ձեռք բերած «ԿամԱԶ»–ներն արդեն Երևանում են։ Երևանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Թեհմինա Վարդանյանը ֆեյսբուքի իր էջում այս առիթով գրառում է արել։  Վարդանյանը մասնավորապես գրել է․ «ՖԱՎՈՐԻՏ մեքենաները տեղ հասան։ Այո՛, եթե կար նույնիսկ 0.01% կասկած, որ «ԿամԱԶ» ընկերության հետ վաղուց ձեռք է բերվել պայմանավորվածություն, այսօր դա էլ փարատվեց։ Այս ամենն արվել է դեռևս ամիսներ առաջ՝ առանց մրցույթ հայտարարելու, առանց կառավարությանը մարդատեղ դնելու, օրենք շրջանցելով ու կյանքի գնով։ Որևէ մեկի մոտ մնացի՞ն կասկածներ։ Չկա՞ այստեղ կոռուպցիոն ռիսկ։ Ի դեպ, պայմանագիրը կնքվել է ապրիլի 26-ին։ Այսինքն, ներողություն արտահայտությանս, «հորս արև» կամ «քաղաքապետի խոստում եմ տալիս» բանաձևն է գործել և մեքենաները վաղուց սահմանին են եղել»։
10:08 - 05 մայիսի, 2019
Ավագանու անդամն առաջարկում է «սուրբ» բառն ավելացնել Երևանի 3 փողոցի անվանումներին

Ավագանու անդամն առաջարկում է «սուրբ» բառն ավելացնել Երևանի 3 փողոցի անվանումներին

Երևանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Թեհմինա Վարդանյանն առաջարկում է Երևանի 3 կենտրոնական փողոցների անվանումներին ավելացնել «սուրբ» բառը: Նա ֆեյսբուքյան իր էջում գրում է․  «Շրջանառության մեջ դրեցի 3 նախագիծ, որոնցով առաջարկում եմ անվանափոխել Կենտրոն վարչական շրջանի երկու փողոցների՝ Մովսես Խորենացու և Գրիգոր Լուսավորչի, ինչպես նաև Մաշտոցի պողոտայի անունները: Տվյալ նախագծերով առաջարկում եմ Գրիգոր Լուսավորիչ փողոցն անվանափոխել «Սուրբ Գրիգոր Լուսավորչի» փողոց, Մաշտոցի պողոտան՝ «Սուրբ Մեսրոպ Մաշտոցի» պողոտա և Մովսես Խորենացու փողոցը՝ «Սուրբ Մովսես Խորենացու» փողոց: Յուրաքանչյուր քաղաքի փողոցի անվանումն իր մեջ ներառում է պետության և մշակույթի հետ կապված կարևոր տեղեկատվություն։ Այն ներկայացնում է քաղաքի և շրջակայքի պատմությունը, տարածաշրջանի բնական-աշխարհագրական պայմանները, կրոնի, հավատքի կամ գաղափարական համոզմունքների, քաղաքային բնակչության սոցիալական առանձնահատկությունների և այլնի մասին։ Բացի այդ, դրանք իրենց ներդաշնակ հնչեղությամբ և ամրագրված իմաստով կարող են ազդել քաղաքի հոգևոր մթնոլորտի, ազգաբնակչության հոգևոր-բարոյական վիճակի վրա։ Վերը նշված փողոցներն ու պողոտան չեն ընդգրկում «սուրբ» ածականը, ինչն անհրաժեշտ է շտկել, հաշվի առնելով այն հանգամանքը, որ հայ ազգը առաջինն է, որ քրիստոնեությունը ընդունել է որպես պետական կրոն։ Աշխարհը մեզ ճանաչում է առաջին հերթին հենց այս հանգամանքից ելնելով։ Մենք մշտապես պետք է բարձր պահենք և՛ եկեղեցու դերը հայ հասարակության մեջ, և՛ արծարծենք մեր Սրբերի անունները, այդպիսով նաև կրթելով ապագա սերունդներին, և, ինչո՞ւ չէ, աշխարհին ցույց տանք, որ մեր մշակույթը, պատմությունն ու արժեքներն են բնորոշում մեր ազգային ինքնությունը»,-ասվում է գրառման մեջ: Ըստ Վարդանյանի, առաջարկվող այս անվանափոխություններն ունեն նաև տուրիստական լուրջ նշանակություն։Գրառման մեջ նշվում է, որ աշխարհի բազմաթիվ երկրներում փողոցներն ու հրապարակները, որոնք կրում են սրբադասված մարդկանց անուններ ունեն հատուկ գրավչություն, ինչպես նաև զբոսաշրջիկների շրջանում առաջացնում են հետաքրքրություն տվյալ երկրի և ժողովրդի նկատմամբ։  
07:31 - 02 ապրիլի, 2019