Հայաստանում գրանցված տնտեսավարողները հեշտությամբ կկարողանան մասնակցել Ռուսաստանի պետական գնումներին |armenpress.am|
18:12 - 16 փետրվարի, 2021

Հայաստանում գրանցված տնտեսավարողները հեշտությամբ կկարողանան մասնակցել Ռուսաստանի պետական գնումներին |armenpress.am|

armenpress.am: Հայաստանում գրանցված ընկերությունները հուլիսի 1-ից հնարավորություն կստանան հեշտությամբ մասնակցել Ռուսաստանի Դաշնությունում իրականացվող պետական և մունիցիպալ գնումներին։ Հայկական ընկերություններն առավել մրցունակ են թեթև արդյունաբերության, կոմպրեսորային և սառնարանային արտադրության ճյուղերում:Այս մասին ասաց ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Վարոս Սիմոնյանը:

«ՌԴ-ն անցյալ տարի ապրիլին խստացրել է իր պետական և մունիցիպալ գնումների ընթացակարգերը, որի արդյունքում այդ գնումներին կարող են մասնակից լինել ՌԴ-ում գրանցված և գործունեություն ծավալող տնտեսավարողները: ՌԴ-ի այս նախաձեռնությունն  առաջացրել է ԵԱՏՄ ընդհանուր կանոնների խախտում, ինչի առնչությամբ ԵԱՏՄ անդամ բոլոր երկրները հայտնել են իրենց անհամաձայնությունը։Արդյունքում սկսվել է բանակցային գործընթաց, քանի որ, համաձայն ԵԱՏՄ օրենսդրության, մեր տնտեսավարողները պետք է ունենան  հավասար իրավունքները ՌԴ-ում կամ ԵԱՏՄ մյուս անդամ երկրում գրանցված այլ տնտեսավարողների պես», - ասաց Սիմոնյանը:

«Իրականացված շատ դժվար բանակցային գործընթացի արդյունքում փոփոխություն պետք է արվի ներկայումս գործող խիստ ծագման կանոններում, և նոր կանոններ սահմանվեն, որոնք թույլ կտան, որ ԵԱՏՄ անդամ երկրների տնտեսավարողները, որոնք այդ կանոնների շրջանակում կարող են մուտք գործել համակարգ և մասնակցել պետական գնումների գործընթացին: Արդյունքում՝ 2021-ի հուլիսի 1-ից հայկական ընկերությունները կկարողանան  մասնակցել ՌԴ իրականացվող պետական և մունիցիպալ գնումներին»,-ասաց Սիմոնյանը:

Ներկայումս ձևավորվում է ազգային ռեեստր՝ գրանցամատյան, որի լիազոր մարմինը ՀՀ-ում էկոնոմիկայի նախարարությունն է և նախարարության  համապատասխան վարչությունը: ԵԱՏՄ անդամ բոլոր երկրների լիազորված մարմինների համապատասխան վարչություններն անցնում են թրեյնինգային դասընթացներ, թե ինչպես իրականացնել գրանցումներ գրանցամատյանում, ընկերությունների կողմից առաջարկվող արտադրանքն ինչ չափանիշների պետք է համապատասխանի: Նոր կանոնները բավականին խիստ կանոններ են, որոնք մշակվել են ԵԱՏՄ անդամ երկրների, նաև վերջիններիս գործարար համայնքի ներկայացուցիչների մասնակցությամբ: Ռեեստրում գրանցումները կսկսվեն հուլիսի 1-ից, և գրանցված ընկերությունները կկարողանան մասնակցել ՌԴ պետական և մունիցիպալ գնումներին:

«Ոլորտները հետևյալն են՝ հաստոցաշինություն, մեքենաշինություն, հատուկ մեքենաշինություն, էներգետիկ մեքենաշինություն, կահույքի և փայտամշակման արդյունաբերություն, երկաթուղային մեքենաշինություն, կոմպրեսորային և սառնարանային արտադրանք, թեթև արդյունաբերություն, քիմիական ճյուղի արտադրանք և նավաշինություն: Պարզ է, որ նշվածներից ոչ բոլոր ոլորտներում կկարողանանք մասնակցություն ցուցաբերել, սակայն կան ոլորտներ, որոնցում հայկական ընկերությունները կայացած են, օրինակ՝ թեթև արդյունաբերության, կոմպրեսորային և սառնարանային արտադրության»,-նկատեց փոխնախարարը:

Շարունակությունը՝ armenpress.am-ում։ 

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել